Լրահոս
Դեբեդը բարկացել է
Օրվա լրահոսը

«Ժամանակին ընկերներս ինձ համար մականուն էին գտել՝ Լեւոն Վիսոցկի»

Հուլիս 11,2025 12:30

Հարցազրույց բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս Լեւոն Բլբուլյանի հետ

– Տպագրվել է Վլադիմիր Վիսոցկուն նվիրված «Ես, ինչ խոսք, ետ կգամ» ժողովածուն՝ հայերեն-ռուսերեն զուգադրությամբ ու Ձեր թարգմանությամբ: Ինչո՞վ է այն առանձնահատուկ: Ընթերցողին ինչ է սպասվում այս ժողովածուն ընթերցելիս:

– Գիրքը, այո, տպագրվել է հայերեն-ռուսերեն զուգադրությամբ, բայց, կարծում եմ, որ Վիսոցկու հատկապես հա՛յ երկրպագուները շնորհիվ գրքի` ավելի մոտիկից, նորովի կճանաչեն անզուգական երգչին, զարմանալի արգասավոր երգահանին եւ, իհարկե, ինքնօրինակ, ոճ ու մտածողությամբ անշփոթելի բանաստեղծին: Ժողովածուն բացող «Իմ եւ երգերիս մասին» բաժնում տարբեր տարիների հարցազրույցներից, համերգային ելույթներից վերցված նրա խոհերն ու հիշողություններն են, որոնք, վստահ եմ, ընթերցողին շատ կհետաքրքրեն: Ի դեպ, այստեղից նրանք կիմանան, որ նրա մտերիմ ընկեր Լեւոն Քոչարյանն է (անվանի ասմունքող Սուրեն Քոչարյանի որդին) Վիսոցկի երգիչ-երգահանին լայն հասարակությանը «մատուցելու» առաջին կարեւոր ու վճռորոշ քայլերն արել: Մի շրջան նրանք վարձով են ապրել (այն ժամանակ նույնպես դեռ անհայտ Վասիլի Շուկշինի հետ միասին), ու ահա ընկերական հավաքների ժամանակ Լեւոնը շուտ նկատել-հասկացել է, որ ընկերոջ ե՛ւ ձայնը, ե՛ւ հեղինակած երգերը շատ ավելին են միայն նեղ շրջապատում հնչելու համար (հայի՛ հոտառություն): Նա նախ թաքուն ձայնագրել է դրանք, հետո բազմացրել ու բաժանել իր ընկեր-բարեկամներին, շրջապատի մարդկանց: Շուտով Վիսոցկին ինքն էլ մնացել է զարմացած՝ սեփական երգերի հաջողության վրա. դրանք արագորեն աներեւակայելի մեծ լսարան են նվաճել ու սիրվել: Վիսոցկու կյանքից մեկը մյուսից հետաքրքիր, հուզիչ դրվագների, տեղեկությունների կարելի է հանդիպել գիրքը եզրափակող «Նա չվերադարձավ մարտից» բաժնում նաեւ, որտեղ նրա մի քանի ամենամտերիմների՝ անվանի կինոռեժիսոր Ստանիսլավ Գովորուխինի, հեղինակ-կատարող Յուրի Վիզբորի եւ վերջապես կնոջ՝ ֆրանսիական կինոաստղ Մարինա Վլադիի հուշապատումներն են: Դե իսկ այդ երկու բաժիններն իրար միավորվում, ամբողջանում են թե՛ հումորով, թե՛ դրամատիզմով, խորն ասելիքով, հագեցած նրա տարբեր տարիների երգ բանաստեղծություններով: Այդ ամենն իրար լրացնելով ու շարունակելով, ստեղծում են հարազատ ու սիրելի մի մարդու դիմանկար, ում հետ հաճելի ու ցանկալի է ճամփա գնալը:

– Վիսոցկին Հայաստանում թանկ ու հայտնի անուն է, եւ դուք դրանում մեծ ներդրում ունեք որպես նրա ստեղծագործությունների լավագույն թարգմանիչ: Գուցե հարցս պարզունակ թվա, բայց, այնուամենայնիվ, ուզում եմ հնչեցնել՝ բարդ չէ՞ Վիսոցկի թարգմանելը:

– Այո, նրան գրեթե անթարգմանելի հեղինակների թվին են դասում, շատ յուրօրինակ, շատ անհատական են բանաստեղծ Վիսոցկու մտածողությունն ու ոճը, բառամթերքը, պարզապես զարմացնում, հիացնում է հանգավորման նրա տեխնիկան ու վարպետությունը: Երբեմն պարզապես անհավանական է թվում, որ նույն մարդու գրչին են պատկանում թեթեւ, անհոգ հնչերանգով ստեղծված վարակիչ կատակերգերը, նուրբ հումորով շաղախված երգիծական պատումները եւ սրտակեղեք, հուզախռով բանաստեղծություններն ու փիլիսոփայական խորունկ մտորումները: Էլ չեմ խոսում գողական ժարգոնով, այդ աշխարհի կոլորիտով այնքան համոզիչ ու կենդանի ստեղծված կերպարների մասին: Այդ ամենը հնարավորինս տեղ հասցնելն, իհարկե, կատակ բան չէ եւ թարգմանչից մեծ ջանքեր, օժտվածություն է պահանջում: Բայց, խոստովանեմ. այն ժամանակ, երբ սկսեցի թարգմանել, ես այդ ամենը լավ չէի գիտակցում, թեեւ կողքից բարեկամաբար զգուշացնում էին, որ ծանր բեռան տակ եմ մտնում: Անփորձության հետեւանք էր նման ռիսկի գնալը. չզարմանաք, բայց դա թարգմանական իմ առաջին լուրջ փորձն էր (եւ փաստորեն Վիսոցկին ամենաիսկական մի փորձաքար հանդիսացավ ինձ համար որպես թարգմանիչ): Ես նախ թարգմանում էի, կարելի է ասել, ինքս ինձ համար. կկարողանա՞մ այս հետաքրքիր, ոչ ոքի չնմանվող պոետին հնչեցնել հայերեն: Բայց հասունացավ եւ այն պահը, երբ մի քանի ընկերների հորդորով համարձակվեցի ընտրել ու ընդարձակ մի շարք տպագրել ժամանակին շատ սիրված «Ավանգարդ» թերթում, որի գրականության եւ արվեստի բաժնի վարիչն էի այդ ժամանակ: «Ներկայանում է բանաստեղծ Վիսոցկին» խորագրով ամբողջական մի էջում մեծ արտիստի՝ մահվանից հետո ռուսական տարբեր թերթ ու ամսագրերում նոր-նոր երեւացող հրապարակումներից ընտրված բանաստեղծություններ էին (ես հետո միայն զարմանքով պիտի իմանայի, որ այսօր միլիոնավոր տպաքանակներով հրապարակվող Վիսոցկին կենդանության օրոք իր լոկ մի բանաստեղծություն է տպագրված տեսել): Իհարկե, տագնապալի մի հուզումով էի սպասում թերթի այդ համարին: Բայց, բարեբախտաբար, ընթերցողական արձագանքը հաճելիորեն անսպասելի էր. բազմաթիվ հեռախոսազանգեր, նամակներ հաջորդեցին հրապարակմանը, բանավոր շնորհավորանք ու խրախուսանքներ, շատ հորդորներ եղան՝ սկսած գործն անպայման շարունակել (հիշեցնեմ՝ այսօրվա տեսակետից «Ավանգարդի» տպաքանակն այն ժամանակ առասպելական էր՝ 200 հազարից ավելի): Ինչ խոսք, ոգեւորված էի, ու… ժամանակ անց, Վիսոցկի բանաստեղծն իմ թարգմանությամբ հայ ընթերցողին ներկայացավ նաեւ «Նորք» հեղինակավոր ամսագրում` Վահագն Դավթյանի ուղեկցող խոսքով, «Գրական թերթում»` իմ իսկ առաջաբանով, «Գարուն» ամսագրում, ռադիոյով ու հեռուստատեսությամբ… Մի խոսքով, ստացվեց այնպես, որ շուրջ տասը տարի ես տարված էի նրա ստեղծագործությամբ, նրան թարգմանել, ներկայացնելն ինձ համար ներքին պահանջ էր դարձել կարծես: Զուր չէ, որ այդ շրջանում ընկերներս ինձ համար մականուն էին գտել՝ Լեւոն Վիսոցկի: Ես թարգմանեցի, հրատարակեցի նաեւ լեգենդար իր ամուսնու մասին Մարինա Վլադիի «Վլադիմիր, կամ ընդհատված թռիչք»   շատ հետաքրքիր գիրքը, հետո ըստ այդ հուշագրության ու իմ թարգմանությունների՝ նաեւ հեռուստապիես պատրաստեցի, որը հաջողությամբ բեմադրվեց Հանրային հեռուստատեսությամբ: Ռեժիսորը Աշոտ Հակոբյանն էր, օպերատորը՝ Արսեն Ասլանյանը, իսկ Վլադիի դերում հաջողությամբ հանդես եկավ քույրս՝ դերասանուհի, երգահան Ժաննա Բլբուլյանը: Վիսոցկու դերակատարի անունը, ցավոք, չեմ հիշում, գիտեմ, որ հիմա ԱՄՆ-ում է: Դրական արձագանքները շատ էին: Շատ եմ ցավում, որ հեռուստատեսության ֆոնդում չի պահպանվել. անկասկած Վիսոցկու հիշատակի 45-րդ տարելիցի այս օրերին կցուցադրվեր ու, կարծում եմ, կընկալվեր, կգնահատվեր բոլորովին նորովի: Ով գիտե, գուցե տարելիցի առթիվ փորձեն գտնե՞լ…

-Վիսոցկու ո՞ր ստեղծագործությունն է թարգմանելիս Ձեզանից շատ ջանքեր «քամել», որովհետեւ ցանկացել եք ավելի մոտ լինել բնագրին եւ պահպանել հեղինակի հախուռնությունն ու ոգին:

– Ես, իհարկե, յուրաքանչյուր գործի ձեռք զարկելիս ըստ ամենայնի ջանացել եմ բնագրին հարազատ մնալ, իմ գլխավոր խնդիրն է եղել առավելագույնս հաղորդել բանաստեղծությունների տրամադրությունն ու ոգին, հիմնական ասելիքը: Բայց առանձնահատուկ դժվարության առումով, հավանաբար, ինձանից շատ ջանքեր «քամել» են «Քմահաճ ձիերն» ու «Գայլաորսը», որովհետեւ ե՛ւ նրա ամենահայտնի գործերից էին դրանք, ե՛ւ իմ սիրելիներից, հախուռն, ներքին խորը դրամատիզմով համակված ստեղծագործություններ: Տքնել, չարչարվել եմ, որքան հնարավոր է, որքան ուժերս ու կարողություններս ներել են: Տասնյակ տարբերակներ եմ արել, սեւագիր էջեր լցրել զամբյուղը, միչեւ որ համոզվել եմ, որ ավելին անելն իմ ուժերից վեր է: Այդպես՝ շատ այլ գործերի դեպքում եւս: Բայց մի կարեւոր սկզբունք հենց սկզբում արդեն ամրագրել էի իմ մեջ. ընթերցողն, առհասարակ, չպիտի՛ զգա թարգմանչի չարչարանքը, կոպիտ ասած, չպիտի՛ տեսնի քո քրտինքը: Նրան պիտի թվա բանաստեղծությունը հայերեն է գրվել եւ նույնիսկ՝ մի շնչով: Ասեմ, որ նոր այս գիրքն առիթ դարձավ, որ շատ թարգմանություններ վերանայեմ, նաեւ նորերն անեմ: Ծանոթ գործեր ընթերցելիս փորձառու աչքն իսկույն կնկատի, որ շատ բան եմ փոխել, երբեմն՝ հիմնավորապես: Երեւի այլ կերպ լինել չէր էլ կարող. հիմա, երբ իմ հաշվին արդեն տասից ավելի թարգմանական գրքեր ունեմ ու բազմաթիվ շարքեր մամուլում, երբ տարիների ընթացքում թարգմանական արվեստի կարեւոր հմտություններ, առանձնահատկություններ եմ յուրացրել՝ իհարկե, շատ ավելի խիստ ու պահանջկոտ եմ ինքս իմ հանդեպ:

– Նման հրաշալի թարգմանություններ ստանալուն որքանով է նպաստում Ձեր՝ բանաստեղծ լինելը:

– Մեծապե՛ս: Առհասարակ, իմ խորին համոզմամբ, շատ կարեւոր է, որ պոեզիայի թարգմանիչը նաեւ բանաստեղծ լինի. դա հաջողության առաջին գրավականն է: Կարող ես փայլուն տիրապետել հեղինակի լեզվին, նաեւ՝ հանգավորման տեխնիկային, բանաստեղծության տեքստը վերարտադրել ամենայն ճշգրտությամբ, բայց եթե քեզ մոտ բացակայում է այն զգայարանը, վերուստ տրված շնորհը, որի առկայությամբ միայն կարելի է զգալ, որսալ բառերի մեջ ապրող կախարդանքը, այն շունչն ու ոգին, որոնք տեքստը պոեզիա են դարձնում, ապա դատապարտված ես ձախողման: Ես նման խոսուն օրինակների քիչ չեմ հանդիպել…

– Կա՞ մի դրվագ՝ Վիսոցկու հետ կապված, որ դուրս է մնացել ժողովածուից, բայց կուզենայիք դրա մասին խոսել:

– Հետաքրքիր, հուզիչ այլ հիշողություններ էլ կան նրա մասին (Լյուդմիլա Գուրչենկոյի, Վալերի Զոլոտուխինի, Միխայիլ Շեմյակինի հեղինակությամբ), որոնք կուզենայի լինեն գրքում, երեւի որոշ գործեր եւս կավելացնեի, բայց ժողովածուի արդեն սահմանված ծավալը թույլ չտվեց (դրանց ժամանակն էլ կգա, հավանաբար): Չեմ կարող, սակայն, շնորհակալությունս չհայտնել «Ռուսական տուն՝ Հայաստանում» գիտամշակութային կենտրոնին՝ ավելի քան 400 էջանոց ստվար այս հատորի տպագրությանն աջակցելու համար՝ որը նվիրում ենք միլիոնավորների սիրելի՝ լեգենդար մարդու հիշատակի 45-ամյա տարելիցին, որ լրանում է հուլիսի 25-ին: Գեղեցիկ շնորհանդես էր նախատեսված հենց այդ օրը: Բայց հետո հաշվի առնելով, որ արձակուրդային շրջան է ու շատերը քաղաքում չեն, միջոցառումը հետաձգվեց մինչեւ աշուն: Այնպես որ, առջեւում գեղեցիկ ու լեցուն օր է սպասվում Վիսոցկու երկրպագուներին՝ երգ ու բանաստեղծությամբ, սիրո ու գնահատանքի խոսքերով, հուշապատումներով ուղեկցվող: Իսկ մինչ այդ, իհարկե, լավ կլինի ծանոթանալ գրքին:

– Ախմատովայից մինչեւ ց թարգմանել եք, բայց Ձեր սրտի բանաստեղծն ու երգահանը, կարծես, շարունակում է մնալ անմահ Վիսոցկին: Ո՞րն է նրա հետ Ձեր հոգեւոր հարազատության պատճառը:

– Որ ճիշտն ասեմ, սկզբում ինձ առաջնորդում էր զուտ հետաքրքրությունը նրա անձի, մահից հետո նոր-նոր ասպարեզում հայտնվող բանաստեղծությունների հանդեպ: Այդ հետո, ընթացքում միայն առավել խորությամբ զգացի, հասկացա նրա ստեղծագործության ողջ հմայքն ու ուժը, շատ սիրեցի, ասես անձնապես ճանաչեցի այդ զարմանալի, խիզախ ու աննկուն, սուտ ու կեղծիքի ոխերիմ թշնամի մարդուն, որ ծնվել էր գրեթե բոլոր մուսաների հովանու տակ, բայց միանգամայն իրավացիորեն իրեն ամենից առաջ բանաստեղծ էր համարում: Հանձին նրա ես ասես մի հուսալի, հավատարիմ ընկեր ձեռք բերեցի, ում հետ հաղորդակցվելն օգնում է ճիշտ ապրել, արժանապատվորեն դիմագրավել կյանքի դժվարությունները, ում «ընկերակցությամբ» քեզ արդարության, բարու եւ գեղեցիկի զինվոր ես զգում: Ուզում եմ հուսալ, որ շնորհիվ նորընծա գրքի՝ շատ ընթերցողներ նրա հանդեպ հարազատության, ջերմության նույն զգացումը կունենան:

– Դուք շատ նուրբ եւ խորը բանաստեղծ եք, գրչակիցներից մեկն իրավացիորեն ասել է, որ Ձեր ազգանունը լիովին համապատասխանում է բանաստեղծի՝ Ձեր էությանը: Արդյոք հրաշալի թարգմանիչ Լեւոն Բլբուլյանը չի խանգարում նույնքան հրաշալի բանաստեղծ Լեւոն Բլբուլյանին. այն իմաստով, որ խլում է այն ժամանակը, որը կարող էիք ծախսել սեփական տողեր արարելու վրա:

– Շոյված եմ իհարկե գնահատականի համար: Շնորհակալություն: Իսկ դառնալով հարցին, պիտի ասեմ, որ բանաստեղծն ու թարգմանիչը ոչ միայն չեն խանգարում, այլ շատ դեպքերում օգնում ու լրացնում են իրար, ու ես միայն բարեբախտություն եմ համարում, որ արդեն չորս տասնամյակից ավելի  գեղարվեստական թարգմանությունն իմ ստեղծագործութ յան անբաժան մասն է կազմում:  Թարգմանելիս ես գրեթե նույն վայելքն եմ ապրում, ոնց սեփական ստեղծագործություններիս վրա աշխատելիս,բացի այդ թարգմանվող յուրաքանչյուր հեղինակի ,,քո միջով անցկացնելով,, , չուզենաս էլ, նրանից  անպայման ինչ-որ  բան ես վերցնում, սովորում, երբեմն՝ շատ կարևոր ( կոնկրետ Վիսոցկուց ես շա՜տ բան եմ սովորել՝ թե՛ որպես մարդ, թե՛ որպես ստեղծագործող): Եթե ավելի անկեղծ՝ և՛ հաճելի, և՛ երբեմն տանջալի մի ընթացք է թարգմանությունը,  կարելի է ասել` բերկրալի տանջանք: Իսկ երբ որոշ դեպքերում քեզ հուսահատության մատնող, չարչարող թարգմանական արգելքներն ի վերջո կարողանում ես հաղթահարել, այդ վայելքը բազմապատկվում է պարզապես ու նորից ու կրկին, արդեն որերո՜րդ անգամ սիրահարվում ես մեր հարուստ ու ճկուն, ոսկեղենիկ հայոց լեզվին:

 -Եվ վերջին մի հարց, պրն. Բլբուլյան. ինչ եք կարծում, անցած տասնամյակների ընթացքում Վիսոցկու ստեղծագործությունների ընկալումն ու գնահա տականը որոշակի փոփոխութ յուն կրե՞լ է:

– Եզակի  են այն գրողներն ու արվեստագետները, որոնց սիրում, գնահատում են և՛ իրենց հայրենիքում, և՛ նրա սահմաններից դուրս: Վիսոցկին անկասակած այդ եզակիներից է: Կենդանության օրոք նա իհարկե աներևակայելի մեծ ճանաչում ուներ Խորհրդային Միության բոլոր հանրապետություններում, այդ թվում և Հայաստանում: Բայց այդ առումով քիչ բան է  փոխվել: Ինչպես գրել եմ գրքի առաջաբանում՝ ,,Վլադիմիր Վիսոցկին էլի  ծանոթ ու թանկ անուն է շատ-շատերի համար: Համաժողովրդական այն սերն ու նվիրումը, որ վայելում էր կենդանության օրոք, նրա ողբերգական վախճանից ահա 45  տարի անց բնավ կորուստ չեն կրել, եթե ոչ՝ հակառակը: Մի՞թե սխալված կլինենք, եթե ասենք, որ գրեթե բոլոր մուսաների հովանու ներքո ծնված լեգենդար այդ մարդն այսօր էլ շարունակում է մեզ հետ մնալ ու մեզ հետ է թերևս է՛լ առավել՝ հսկայական տպաքանակներով հետմահու հրապարակված տասնյակ գրքերով, թողարկված ձայնապնակներով ու ձայներիզներով, նորովի ընկալվող ու գնահատվող կինոդերերով, իրեն նվիրված համերգներով ու հեռուստահաղորդումներով,,:Իսկ  ինչու՞ է այդպես. որովհետև նրա երգերի խոսքերը հավուր պատշաճի գրված սովորական տեքստեր չեն: Դրանք երգից անկախ էլ պահպանում են իրենց ինքնուրույն գոյությունը, խոհական, զգացմունքային մեծ լիցքեր պարունակում, հուզում են, խոսում մարդկանց հոգու հետ: Նա այսօր էլ շատ է պետք է նրանց, ու, այո, չի հնանում: Ես ժամանակին մի բանաստեղծություն եմ գրել «,Վիսոցկու ձայնը,, վերնագրով, որն, ի դեպ, նույնպես տեղ է գտել գրքում: Այնտեղ այսպիսի տողեր կան.

Տերն հեռացել է, բայց կա՛ ձայնը դեռ,
Ապրում է նրա բառերի կյանքով,
Ու պե՛տք է մեզ դեռ ձայնը այս զորեղ`
Կրակված նրա խռով խոսքերով…

… Եվ ասես պրկվում, պոռթկում նոր ուժով,
Հնչում է ձայնն այս ոնց հանուր բողոք.
,,Ո՛չ, դեռ ամենն այս բանի նման չէ,
Ու ա՛յն չէ, ա՛յն չէ դեռևս ոչ ոք:

«Առավոտ» օրաթերթ
10.07.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031