Լրահոս
Օրվա լրահոսը

Համերաշխության տարբեր մակարդակները

Հուլիս 11,2025 10:00

Ինչո՞ւ իշխանության քարոզչությանը չի հաջողվում հոգեւորականների շրջանում գտնել որեւէ «համոզիչ» խոսնակի, որը կպախարակեր կալանավորված սրբազան հայրերին, ինչպես նաեւ Ամենայն հայոց կաթողիկոսին: Որովհետեւ ծառայության մեջ գտնվող ոչ մի լուրջ հոգեւորական, որքան էլ համակրի Փաշինյանին ու ՔՊ-ին, չի համաձայնի հրապարակավ անհարգալից խոսել նույն ծառայության մեջ գտնվող եպիսկոպոսների մասին՝ մանավանդ, որ նրանք անազատության մեջ են: Եվ ոչ այն պատճառով, որ վախենում է «պաշտոնը կորցնել»: Սա այն դեպքը չէ՝ հոգեւորականները պետական պաշտոնյաներ չեն: Սա էթիկայի, համերաշխության խնդիր է: Նույն տրամաբանությամբ ես չեմ գնա որեւէ եթեր, որպեսզի արհամարհական, նվաստացուցիչ բառեր արտասանեմ որեւէ լրատվամիջոցի մասին, որքան էլ ես դրա հրապարակումները չհավանեմ:

Բայց, ցավոք, այս համերաշխությունը հաճախ սահմանափակվում է համքարության, մասնագիտական շրջանակներով: Համազգային, առավել եւս՝ համամարդկային մակարդակի այդ էթիկական նորմը շատ հազվադեպ է հասնում: Օրինակ, մարդուն կալանավորում են մի շատ անմեղ նախադասություն արտասանելու համար՝ «Քանի որ ես միշտ եղել եմ Հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն: Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու էդ ամեն ինչին»: Արդյոք նշանակություն ունի»՝ նա միլիոնատե՞ր է, թե՞ տաքսու վարորդ, Ռուսաստանի՞ց է եկել, թե՞ ԱՄՆ-ից, կուսակցակա՞ն է, թե անկուսակցական, նրա ասածները մեզ դո՞ւր են գալիս, թե՞ ոչ: Վաղը ՔՊ-ականին կամ նիկոլականին բանտ կտանեն ինչ-որ բան ասելու համար (ինչո՞ւ եք կարծում, որ նման բան տեսանելի ապագայում տեղի չի ունենա), դրանից մեր վերաբերմունքը քաղաքական ռեպրեսիաների նկատմամբ պետք է փոխվի՞:

Ես Դաշնակցության համակիրը չեմ՝ ազգայնականությունից չափազանց հեռու եմ: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ես պետք է ուրախանամ, երբ վարչապետի մոգոնած «պետական հեղաշրջման գործի» շրջանակներում այդ կուսակցության անդամների տներում խուզարկություններ են անցկացնում:

Խնդիրներից մեկը ես տեսնում եմ նրանում, որ նրանք, ովքեր իրենց հռչակում են «ազատական» ու «եվրոպամետ», իրականում այդպիսիք չեն: Նրանք պատրաստ են արդարացնել ամենավայրագ բռնապետությունը, եթե դրա դրսեւորումները բխում են իրենց քաղաքական նախասիրություններից: Գտնել «հոգեւորականներ», որոնք զազրախոսելու են, բամբասելու են Միքայել սրբազանից, բավականին դժվար է: Բայց գտնել հ/կ-ականներ (հասարակակա՛ն կազմակերպությունների անդամներ), որոնք դեմ են հասարակության համերաշխությանը՝ մեկից մեկ է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Հոգեւորական աշխարհի կարգապահութեան բաղդատականը այլ ոլորտների հետ, վտանգաւոր է: Կրնայ ջուր հայթայթել Փաշինյանի ջաղացքը դարձնող կոյուղիի ջրերին:

    Ես, որպէս դաշնակցական, յաճախ սուր կերպով կը քննադատեմ ՀՅԴաշնակցութիւնը: Որպէս իրաւաբան, նոյնպէս, անողոք կերպով կը բացայայտեմ իմ ասպարէզիս վերաբերող ծանր թերութիւնները: Որպէս հայ, անդադար կը քննադատեմ հայերը: Cover-upի մասնակցիլ չեմ կրնար, ուղղակի չունիմ այդ կարողութիւնը:

    Ամենալուրջ հիմունքներ ունեցող քննադատութիւնները՝ տուեալ հաւաքականութեան մը դէմ, դրա անդամների կողմէ է որ կրնան արտայայտուիլ: Երբ որ անշուշտ այդ կը կատարուի ամենայն անկեղծութեամբ, ուղղամտութեամբ, խելացի կերպով, առանց որեւէ անձնական հաշիւներու, առանց որեւէ անձնական շահագրգռութեան: Տուեալ «թիրախ»ին մէջ բարելաւումներ հրահրելու միտումով:

    Հոգեւորականները մնում են միահամուռ, քանի որ Հայոց Եկեղեցիին դէմ կատարուող անսանձ յարձակումները խորապէս անարդար ու անիրաւ են, եւ կը միտն զայն էապէս, վերջնականապէս ու բացարձակէս՝ քանդելու: Ի շահ Հայ Ազգի հիմնական ու ծայրագոյն թշնամիին:

    Մ. Հայդուկ Շամլեան

  2. Հ.Շ. says:

    Յ.Գ. Հոգեւորականների կեցուածքի առնչութեամբ, կարելի չէ վստահիլ՝ Թուրքիոյ կառավարութեան ենթարկուած, Իսթանպուլի պատրիարքին երեւութապէս զօրակցական ելոյթներին, Կաթողիկոսի նկատմամբ:

    Ինչպէս շատ մը պոլսահայեր, ինք ալ, մինչեւ իր ծուծը, թուրքացած է: Եւ ուրեմն իր էութեան մէջ որդեգրած է, ի միչի այլոց, նաեւ թուրքերի հիմնական իւրայատկութիւններից մէկը՝ խորամանկութիւնը:

Պատասխանել Հ.Շ.

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031