Լրահոս
Օրվա լրահոսը

«Շինարարությունը, թեպետ ոչ կոմիտեի մեղքով, դադարել էր և եղանակային պայմաններից ելնելով՝ հանգեցրել փլուզման». Դովեղում դպրոցի կառուցման համար նոր կապալառու է ներգրավվել

Հուլիս 11,2025 12:37

Տավուշի մարզի Դովեղ գյուղում կառուցվող դպրոցի ընդհատված շինարարությունը վերսկսվել է. ծրագիրը շարունակելու համար Քաղաքաշինության կոմիտեն ներգրավել է նոր կապալառու։ Առաջնահերթ իրականացվում է հենապատի կառուցումը՝ համայնքի միակ ճանապարհի հնարավոր փլուզումը կանխելու նպատակով։ Զուգահեռաբար շարունակվում է դպրոցի շենքի կասեցված շինարարությունը, շտկվում են նախորդ թերությունները։

Ընդհատված ծրագրի երկրորդ մեկնարկից առաջ օրերս շինհրապարակ է այցելել Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։

Շինարարի առջև հստակ խնդիր է դրել՝ աշխատանքները կատարել արագ տեմպով ու պատշաճ որակով։


«Շինարարական ծանր տեխնիկան արդեն տեղափոխել ենք շինհրապարակ, առաջիկայում կտեղադրենք ևս մեկ վերամբարձ կռունկ, որպեսզի դպրոցի և հենապատի աշխատանքները միմյանց չխանգարեն։ Արդյունքում լինելու է բոլոր հարմարություններով, ուսումնական և մարզադահլիճի մասնաշենքեր, արտաքին մարզադաշտ, թաքստոց, արևային ֆոտովոլտային կայան ունեցող դպրոց՝ նախատեսված 9 դասարանի համար և ներառելու է նախակրթարան», – վստահեցնում է «Պրոմ գրուպ» ՍՊ ընկերության ներկայացուցիչ Ռաֆայել Գրիգորյանը։

Գյուղի բնակիչ, լրագրող Թաթուլ Հակոբյանը նշում է, որ դպրոցի կառուցմանը սպասող բնակիչներին ոչ պակաս մտահոգում է համայնքի վնասված ճանապարհի վերականգնումը։


Քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության խորհրդական Աշոտ Նալբանդյանը վստահեցնում է՝ հարցը քննարկվել է տեղական ինքնակառավարման մարմինների հետ. ճանապարհը վերականգնվելու է և լայնացվելու. «Քաղաքաշինության կոմիտեն շնորհակալություն է հայտնում գյուղի բնակիչներին համբերատարության համար. ամիսներ շարունակ շինարարությունը, թեպետ ոչ կոմիտեի մեղքով, դադարել էր և եղանակային պայմաններից ելնելով՝ հանգեցրել փլուզման՝ անհարմարություններ պատճառելով բնակիչներին»։

Նոյեմբերյան համայնքի Դովեղ գյուղի միջնակարգ դպրոցի տիպային (մոդուլային) շենքի շինարարության համար պատասխանատու նախկին կապալառու «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ն աշխատանքներն իրականացրել էր ժամկետների կոպիտ խախտումներով և նախագծից ու պահանջվող որակից շեղումներով, ինչը փաստագրվել է մասնագիտական հանձնաժողովի կողմից, ինչպես նաև կատարված նմուշառումների լաբորատոր փորձարկումներով։ Ընկերությունը նաև սահմանված ժամկետում չէր ներկայացրել 2025թ. հունվարին կոմիտեի ուղարկած համաձայնագրի հաստատված օրինակը, պայմանագրի և որակավորման ապահովումների բանկային երաշխիքները, ինչի արդյունքում էլ փետրվարին կոմիտեն պայմանագիրը լուծել էր։ Ընկերությունը դատական կարգով բողոքարկել էր պայմանագրի լուծումը, և դատարանը, կիրառելով հայցի ապահովում՝ կասեցրել էր շինարարական աշխատանքները։ Այդպիսով՝ ծրագրի իրագործումը հերթական անգամ ընդհատվել էր։ Այդուհանդերձ, դատարանը 2025թ. ապրիլին մերժել է Քաղաքաշինության կոմիտեի դեմ ուղղված պահանջները՝ հօգուտ կոմիտեի կայացնելով վճիռ։

Գործող ընթացակարգերով առաջնորդվելով՝ հնարավոր է եղել նոր կապալառուի հետ պայմանագիր կնքել միայն 2025թ. հունիսի վերջին։ Ծրագիրը նախատեսվում է ավարտել 1 տարվա ընթացքում։

Քաղաքաշինության կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031