«Առավոտի» զրուցակիցն է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
-Պարոն Բադալյան, ինչպե՞ս եք գնահատում Աբու Դաբիում անցկացված Փաշինյան-Ալիեւ հանդիպումը, ի՞նչ գլխավոր ուղերձներ կան։ Տեղեկություն եղավ, որ քննարկվել է նաեւ Հայաստանի տարածքով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու հարցը, իսկ ԱԳ փոխնախարարը չհերքեց, որ կարող են ճանապարհի վերահսկողությունն արտապատվիրակել երրորդ կողմին։
-Առաջին հերթին, իհարկե, ուշադրության արժանի էր հանդիպման ձեւաչափը։ Երբեք պատվիրակություններով հանդիպում չէր եղել։ Մենք տեսանք, որ այս հանդիպումը պատվիրակություններով էր։ Մասնակցում էին սահմանազատման-սահմանագծման, ճանապարհների ապաշրջափակման հարցերով զբաղվող փոխվարչապետները, հետաքրքիր էր նաեւ հայկական կողմից հայ-թուրքական կարգավորման գործընթացի հատուկ բանագնացի՝ Ռուբեն Ռուբինյանի մասնակցությունը։ Սա, ըստ էության, խոսում է այն մասին, որ հայ-ադրբեջանական քննարկումներում անկասկած եղել է նաեւ թուրքական թեմատիկան, այսինքն՝ Թուրքիայի այսպես ասած «ներկայությունը»։ և, ընդհանուր առմամբ, ամենևին բացառված չէ, որ Աբու-Դաբիի հանդիպումն ավելի շատ հենց Թուրքիայի նախաձեռնությամբ կազմակերպված եւ անցկացված հանդիպում է։ Եվ նաեւ Աբու Դաբին ընտրվել է ոչ պատահական, գիտենք, որ Էմիրաթները լավ հարաբերություններ ունեն Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Նաեւ այն, որ Էմիրաթները դարձան այս աննախադեպ ձեւաչափով հանդիպման վայր, սա եւս կարող է վկայել, որ հայ-ադրբեջանական գործընթացը, եթե պատերազմից հետո երկու փուլերով մի շրջան եղավ ռուսական տիրույթում, մի շրջան՝ ԵՄ տիրույթում, հիմա կարծես թե անցնում է Մերձավոր արեւելյան կամ լայն իմաստով՝ Եվրասիական տիրույթ։ Եվ հնարավոր է, որ արդեն գերակայեն հենց այդ միջավայրից բխող ինչ-որ մոտեցումներ կամ տրամադրություններ։
Ինչ վերաբերում է բուն հանդիպմանը, սուղ ու համառոտ հաղորդագրություններ են եղել պաշտոնական մակարդակով։ Ընդ որում, նկատենք, որ երկու կողմն էլ գրեթե նույնական հայտարարություն են տարածել։ Այսինքն՝ ակնհայտ է, որ պաշտոնական մակարդակով համաձայնեցված են հաղորդագրությունները։ Այդտեղ երկու ուշադրության արժանի բան կա։ Մեկն այն է, որ ասել են՝ սահմանազատման հարցերում առաջընթաց են արձանագրել եւ հանձնարարել զբաղվել հետագա աշխատանքով։ Հարց է առաջանում, թե ի՞նչ առաջընթացի մասին է խոսքը։ Մենք տեսնում ենք, որ այդ գործընթացը գետնի վրա չի իրականացվում, թեպետ այդ աշխատանքային հանձնաժողովի կանոնադրությունը դեռ նախորդ տարի հոկտեմբերին է համաձայնեցվել, ընդ որում՝ Կազանում Փաշինյան-Ալիեւ հանդիպման ժամերին։
Կարդացեք նաև
Հայկական կողմն ավարտել է կանոնադրության վավերացումն այդ հանդիպումից ժամեր առաջ, իսկ Ադրբեջանը ստորագրել է կազանյան հանդիպումից ժամեր հետո։ Ընդ որում, այստեղ ուշագրավ է այն, որ Հայաստանը լիարժեք միջպետական վավերացում է անցկացրել, իսկ այդպիսի վավերացման ենթարկվում են այն միջազգային փաստաթղթերը, որոնք պարտավորություններ են սահմանում պետությունների համար։ Իսկ Ադրբեջանը ներպետական լիարժեք վավերացում չի անցկացրել, ստորագրել են հանձնաժողովների մակարդակով, եւ հոկտեմբերի 25-ին Ալիեւն արդեն ստորագրել է նախագահի մակարդակով։
Որեւէ ուրիշ պրոցես տեղի չի ունեցել սահմանազատման հարցով, ինքնին հարց է առաջանում, թե ինչո՞ւ կանոնադրությունը հաստատելուց, ուղղությունը որոշելուց հետո այդուհանդերձ չի իրականացվել ոչ մի գործողություն։ Եվ այսօր ասում են, որ առաջընթաց են արձանագրել։ Հարց է առաջանում, թե այդ ի՞նչ առաջընթացի մասին է խոսքը, եւ արդյոք դա նշանակո՞ւմ է կուլիսային ինչ-որ հավելյալ բաներ են տեղի ունեցել, որովհետեւ Երեւանը հայտարարել էր, որ առաջարկություններ է ներկայացրել Բաքվին սահմանազատման եւ սահմանագծման թեմայի վերաբերյալ ու սպասում է պատասխանի։ Հիմա հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Երեւանի առաջարկների անհրաժեշտություն առաջացել, արդյոք մինչեւ այդ Ադրբեջանն ինչ-որ նոր պայմաններ է առաջ քաշել։
Մյուս հարցն այն է, որ պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը պայմանավորվել են շարունակել երկկողմ շփումները եւ վստահությանն ուղղված միջոցները։ Այստեղ վստահության մեխանիզմների մասին է խոսք գնում, պարզ հարց է առաջանում՝ Ադրբեջանը մինչեւ հիմա վստահությանն ուղղված ի՞նչ քայլեր է արել, որ դեռ պետք է խոսել այդ քայլերը շարունակելու մասին։ Հակառակը, մենք տեսել ենք,որ Ադրբեջանն այս 5 տարիների ընթացքում շարունակել է Հայաստանի հանդեպ հավակնոտ, ագրեսիվ, միակողմանի պահանջների եւ շանտաժի հռետորաբանությունը։ Այսինքն՝ Ադրբեջանի քայլերը մինչ այս պահը միտված են եղել անվստահության խորացմանը։
Հետեւաբար, երբ արձանագրվում է, որ պայմանավորվել են շարունակել վստահությանը միտված քայլերը, հարց է առաջանում՝ այդ ի՞նչ վստահության մասին է խոսքը, որ պետք է շարունակեն։ Այստեղ նաեւ մյուս խնդիրը կա՝ իսկ արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Երեւանը պետք է շարունակի գործողություններ, որոնք Ադրբեջանի մոտ վստահություն կառաջացնեն այսպես ասած «խաղաղության» հարցում հետեւողական եւ իրական ձգտման վերաբերյալ։ Մենք գիտենք, որ Ադրբեջանը պարբերաբար հայտարարում է՝ եթե Երեւանը իսկապես ձգտում է խաղաղության, պետք է կատարի այս պայմանը, այն պայմանը։
Ճանապարհների թեման, անկասկած, այս ամբողջ գործընթացում առանցքային հարց է։ Աշխարհաքաղաքական իմաստով դա հիմնարար հարց է։ Թե ինչ են քննարկել կամ խոսել, դժվար է ասել, ԱԳՆ փոխնախարարի հայտարարությունները, իհարկե, հարցեր են առաջացնում։
Միաժամանակ այստեղ պետք է նաեւ ուշադրություն դարձնենք, որ երբ արտապատվիրակման մասին էր խոսում, նշում էր, որ փոխադարձության սկզբունքով պետք է լինի։ Այսինքն՝ եթե Հայաստանի տարածքում որեւէ արտապատվիրակում լինում է, ապա դա պետք է լինի նաեւ Ադրբեջանի տարածքով անցնող բոլոր ճանապարհներին, որոնցից կօգտվի Հայաստանը։ Եթե փոխադարձության սկզբում է դրվում այստեղ, ես կարծում եմ՝ դա կարող է ընդունելի լինել որպես դիվանագիտական մանեւրի տարբերակ։ Ճանապարհների հարցը միայն հայ-ադրբեջանական հարց չէ, սա աշխարհաքաղաքական հարց է, եւ շահառուները իսկապես շատ են, այդ թվում՝ խոշոր ուժային կենտրոններ։ Եվ այստեղ Երեւանը չի կարող երկու ոտքը դնել մի կոշիկի մեջ եւ ինչ-որ մի տարբերակ պնդել։ Խնդիրն այն է, որ այլ խոշոր խաղացողներ կան՝ Եվրոպա, Չինաստան, ԱՄՆ, ավելի մեծ աշխարհաքաղաքական օրակարգ։ Բայց նաեւ չափազանց կարեւոր է թույլ չտալ, որ Հայաստանի տարածքում լինի ինչ-որ բացառիկ ռեժիմ։ Եվ որեւէ զիջման Հայաստանը չպետք է գնա միակողմանի տրամաբանությամբ։ Հետեւաբար, եթե փոխադարձության սկզբունքը դրվում է, սա, որպես դիվանագիտական մանեւրի տարբերակ, կարող է որոշակի օպտիմալ եւ ռացիոնալ մոտեցում լինել։
–Իսկ Ադրբեջանը որքանո՞վ է պատրաստ կիրառել այդ փոխադարձության սկզբունքը։
-Ադրբեջանը, իհարկե, չի գնա դրան, որովհետեւ միշտ գործելու է առավելապաշտության սկզբունքով։ Բայց, ինչպես նշեցի, խնդիրը մեզ համար այն չէ, որ Ադրբեջանին բավարարենք, խնդիրն այդ ավելի խոշոր շահառուների հետ արդյունավետ աշխատելն է, որպեսզի նրանց դեմ չհայտնվենք եւ նրանց հետ արդյունավետ աշխատանքով կարողանանք ցույց տալ, որ մի կողմից Հայաստանը ապակառուցողական տրամաբանությամբ չէ, բայց նաեւ պետք է կարողանալ Հայաստանի շահերը առավելագույնս պաշտպանել ու ներկայացնել։ Անկասկած է, եթե միայն Հայաստանի տարածքում է լինում ինչ-որ արտապատվիրակում, եւ բացարձակ չկա փոխադարձության սկզբունք, սա նշանակում է, որ Հայաստանի տարածքն ուղղակի դիտվում է որպես կոնֆլիկտային տարածք, եւ դա միջանցքային տրամաբանությամբ ինչ-որ ռեժիմի սահմանում է։ Այդտեղ բացարձակ խոսք չի կարող լինել ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանման մասին։
Այդ խոշոր խաղացողների հետ կառուցողական աշխատելու անհրաժեշտությունը կա, որպեսզի մենք չհայտնվենք մենակ ու մեկուսացված վիճակում, որովհետեւ այդ դեպքում շատ ավելի դժվար կլինի, եւ Ադրբեջանն իր մոտեցումները շատ ավելի հեշտ կլեգիտիմացնի միջազգային առումով։ Ստեղծել փակուղի, դա նշանակում է ստեղծել վտանգ արդեն ռազմական ինչ-որ ավանտյուրաների համար, ինչին, վստահ եմ, ձգտում են թե Ադրբեջանը, թե Թուրքիան։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ