Լրահոս
Օրվա լրահոսը

«Բնական պայմաններում մահացած մարդու գրառումը մի քանի տարի առաջ հավանելու համար այսօր կանչում են հարցաքննության»․ Նինա Կարապետյանց

Հուլիս 11,2025 19:55

«Փաստաբանի աշխատանքին խոչընդոտելը, այսինքն՝ մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է։ Չկա որևէ արդարացում նրան, որ մարդը հնարավորություն չի ունեցել ստանալ իրավական աջակցություն այն պայմաններում, երբ ինքը եղել է փաստացի անազատության մեջ մի քանի ժամ շարունակ»,- Aravot.am-ի հարցին՝ այն, որ խոչընդոտել են փաստաբանների մուտքը Երևան քաղաքի քննչական վարչություն, դա մարդու իրավունքների խախտո՞ւմ է, թե՝ ոչ, այսպես պատասխանեց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

Նա նշեց՝ որքանով տեղյակ է՝ ՄԻՊ ներկայացուցիչների այցելությունից հետո էլ այդ խնդիրը չի լուծվել․ «Ամենավատ, ամենախիստ ժամանակներում այդպիսի բան չի եղել․ ՄԻՊ այցելությունից անմիջապես հետո, հիշում եմ, նախորդ իշխանությունների ժամանակ մեզ անմիջապես ներս էին թողնում։ Բայց, երբ ՄԻՊ-ն էլ է գալիս, արագ արձագանքման խումբն էլ է մոտենում, և դրանից հետո նորից շարունակում են ներս չթողնել, սա, իհարկե, ոչ միայն մարդու իրավունքների՝ հռչակագրային իրավունքների խախտման տեսակ է, անընդունելի և դատապարտելի, այլեւ՝ կոնկրետ քրեական օրենսգրով արգելված և քրեորեն պատժելի գործողություն։ Սա այն տրամաբանության մեջ է, ինչի մասին երկար ժամանակ՝ տարի և ավելի փորձում եմ բացատրել, որ այս իշխանությունը գնալու է բռնապետության ճանապարհով, և սա գուցե առանձին փոքր դրվագներով գալիս է ապացուցելու այն, որ ես ճիշտ վերլուծություն ունեի»։

Ըստ Նինա Կարապետյանցի՝ ահաբեկչություն հոդվածը շատ ծանր հոդված է, և այն հիմնավորելու համար ներկայացված, նրա բնութագրմամբ՝ «այսպես կոչված ապացույցները» չեն կարող հիմնավորել դա․ «Ահաբեկչության հոդվածն ամենածանր հոդվածներից մեկն է մեր պատմության մեջ։ Ուզում եմ հիշեցնել, որ մենք ունեցել ենք մարտի 1, որտեղ հստակ, կոնկրետ, առարկայական և′ մեքենաներ են եղել այրված, և′ ըստ պաշտոնական տեսակետի՝ զենք ու զինամթերք են գտել, բայց ահաբեկչության հոդվածը չի դրվել։ Մենք ունենք ՊՊԾ գնդի զինված գրավումը, անգամ այդ ժամանակ ահաբեկչություն հոդվածը չի դրվել, նման իրավական գնահատական չի տրվել։ Այն, ինչ հիմա են ցուցադրում մեզ՝ որպես ահաբեկչության հիմքեր, ուղղակի ոչ մի քննադատության չի դիմանում։ Չգիտեմ՝ որոշ ժամանակ հետո իրենք հնարավորություն կունենա՞ն ապացուցելու ու հիմնավորելու, թե՝ ոչ, բայց եթե սա առավելագույնն է, ինչ մեզ կարողանում են ներկայացնել, այս հիմքերով ահաբեկչություն հոդվածն ուղղակի դատապարտելի է»։

Ըստ Նինա Կարապետյանցի՝ անվտանգության տեսակետից պետք է հասկանալ, որ «ՀՀ-ի հեղինակության հետ կապված մեծագույն հարված է՝ հանուն այս իշխանությունների շոու ծրագրի իրականացման կամ պաշտոնը պահելու տեսակետից»․ «Երկիր, որտեղ խոսվում է ահաբեկչության հանցագործության մասին, այն չի կարող համարվել անվտանգ, և լուրջ խնդիր է առաջանալու զբոսաշրջության, ներդրումների և բազմաթիվ այլ հարցերի հետ կապված։ Սա մեծագույն հարված է հանուն նրա, որ ինչ-որ մարդիկ ուզում են անպայման հոկտեմբերի 27-ին տուժողների հետ իրենց նույնականացնել»։

Փաստմանը՝ մի կնոջ են հրավիրել Քննչական կոմիտե՝ Բագրատ սրբազանի ֆեսբուքյան էջում հավանում դնելու ու իր կարծիքն արտահայտելու համար, իրավապաշտպանն այսպես արձագանքեց․ «Ես Ձեզ ավելի տխուր պատմություն ասեմ՝ մարդկանց հրավիրում են  ԱԱԾ առանձնապես ծանր հանցագործությունների հատուկ վարչություն՝ հարցաքննության, տեղեկություն ստանալու համար, քանի որ հավանել են արդեն մահացած մարդու գրառումը ֆեյսբուքում։ Պատկերացրեք՝ աբսուրդն ինչ աստիճանի է հասել։ Բնական պայմաններում մահացած մարդու գրառումը մի քանի տարի առաջ հավանելու համար այսօր կանչում են հարցաքննության։ Սա մինչև այս գործը հարուցելն էր։ Բազմաթիվ մարդկանց պարբերաբար հրավիրում էին։ Դա ուժի ցուցադրման հերթական ձևերից մեկն է, քանի որ ոչ մի ողջամտություն չկա այս գործընթացում, ինչ-որ բան բացահայտելու տեսակետից ոչ մի գործողություն չի արվել։ Համենայն դեպս, տևական ժամանակ տեղի ունեցող գործընթացը ոչ մի արդյունք դեռ չի տվել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031