Լրահոս
Դեբեդը բարկացել է
Օրվա լրահոսը

Ռուբեն Ռուբինյանի խորհրդականը եւ Հակոբ Արշակյանի օգնականը նույնպես բացատրագրեր են գրել

Հուլիս 11,2025 21:06

Երեկ հայտնի դարձավ, որ հուլիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպից հետո ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի կողմից ծանուցվել է, որ գրավոր բացատրություն ներկայացնի։ Ծանուցմամբ մասնավորապես ասվում է․ «ՀՀ ԱԺ վարչական տարածքում ներքին կարգապահությունը խախտելու մասին, մասնավորապես 2025 թվականի հուլիսի 8-ին ԱԺ նիստերի դահլիճի մուտքի հատվածում պաշտոնատար անձանց հետ վիճելու, քաշքշելու, անզուսպ վարքագիծ ցուցաբերելու, Ազգային ժողովի բնականոն աշխատանքը անհարկի միջամտելու, վիրավորական արտահայտություններ հնչեցնելու, պահպանության ծառայողի պահանջները չկատարելու հանգամանքների վերաբերյալ, ինչպես նաև` 2025 թվականի հունիս ամսվա ընթացքում պարբերաբար, մասնավորապես 2025 թվականի հունիսի 2-ից 6-ը ներառյալ, հունիսի 10-ից հունիսի 13-ը ներառյալ, ամբողջ աշխատանքային օրով աշխատանքի չներկայանալու հանգամանքների վերաբերյալ»։

Դավիթ Առաքելյանին Aravot.am-ը գրավոր հարցում էր ուղղել՝ հասկանալու համար` բացատրություն է պահանջվել միայն պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի՞ց, քանի որ տվյալ միջադեպից՝ լրատվամիջոցներում տարածված տեսանյութերում հստակ երեւում է, որ ԱԺ փոխնախագահներ Ռուբեն Ռուբինյանի խորհրդական Արման Բարխուդարյանը եւ Հակոբ Արշակյանի օգնական Արսեն Մելքոնյանը ԱԺ դահլիճի մուտքի մոտ նույնպես անկարգապահ վարք էին դրսեւորում։ Ավելին, Արման Բարխուդարյանն անգամ մի պահ ԱԺ դահլիճ էր մուտք գործել եւ այնտեղ վիճաբանության էր բռնվել ԱԺ ընդդիմադիր պատգամավորների հետ, որի իրավունքը չուներ։

Հետաքրքրվել էինք նաեւ, թե ի՞նչ ժամկետում են ներկայացվելու բացատրագրերը, ի՞նչ հետեւանքներ կարող են ունենալ դրանք՝ ըստ ներկայացված բացատրությունների։

Aravot.am-ին տրամադրած պատասխանում ասվում է, որ Ռուբեն Ռուբինյանի խորհրդականից եւ Հակոբ Արշակյանի օգնականից նույնպես գրավոր բացատրություններ են պահանջվել։ Բացատրությունները պետք է տրամադրվեին մեկ աշխատանքային օրվա ժամկետում։ Դրանք սահմանված ժամկետում ներկայացվել են։ Իսկ թե ի՞նչ հետեւանքներ կունենան՝ ըստ մեզ տրամադրված պատասխանի՝ «Բացատրություններում նշված հանգամանքները, ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 224 հոդվածի կարգավորման համատեքստում գնահատական տալուց հետո միայն որոշում կկայացվի՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ չենթարկելու մասին»։

Ի դեպ, մեզ տրամադրված պատասխանում հերքվում է, որ Ռուբեն Ռուբինյանի խորհրդական Արման Բարխուդարյանը ԱԺ դահլիճ է մուտք գործել, ասվում է, որ նա եղել է ԱԺ նիստերի դահլիճի մուտքի մոտ։ Տեսանյութերում, սակայն, երեւում է, որ վերջինս հատում է ստուգող սարքերի տարածքը, իսկ այդ սահմանը հատելն անթույլատրելի է։ Տեսանյութում հստակ երեւում է, որ վերջինս փորձում էր մտնել ԱԺ դահլիճ ու նրա մուտքը կանխում են ոչ թե ՊՊԾ աշխատակիցները, այլ ընդդիմադիր կին պատգամավորները։ Ընդդիմադիր որոշ պատգամավորներ էլ պնդում են, վերջինս մի պահ ԱԺ դահլիճում եղել է, իրենք տեսել են։

ԱԺ ծեծկռտուքի մանրամասները՝ տեսանյութերում

 

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031