«ՀԷՑ-ի մասնավորեցման այսօրվա գործընթացում եւս առկա են կոռուպցիոն ռիսկեր։ Ինչպես նախկինում՝ հիմա էլ։ Օրինակ՝ վարչապետը հայտարարել է, թե լույսերի անջատումների պատճառով է իրականացվում ՀԷՑ-ի պետականացում, սակայն չի ուսումնասիրվել 2015-ի փոխանցման հիմքերը, ոչ էլ՝ դրանից առաջ տեղի ունեցած թալանը։ Գուցե հիմա էլ է տեղի ունենում թալան»,- «Առավոտի» զրուցակիցն է հասարակական գործիչ, «Էլեկտրիկ Երեւան» շարժման ակտիվիստներից Նարեկ Այվազյանը:
– 2015 թվականին եղավ «Էլեկտրիկ Երեւան» շարժումը, շարժման նախաձեռնողներից էիք ու ակտիվիստներից. այն ՀԷՑ-ը պետական պահելու եւ հոսանքի գինը չթանկացնելու համար էր։ Շարժումը մասամբ հաջողեց, քանի որ ՀԷՑ-ը մասնավորեցվեց։ Հիմա ՔՊ-ական իշխանությունը ազգայնացնում, պետականացնում կամ սեփականատիրոջից խլում է ՀԷՑ-ը։ Հետեւո՞ւմ եք գործընթացին, ինչպե՞ս կբնութագրեք կատարվողը։
– Ինձ համար շարժման «էլեկտրականացումը» սկսվեց ջրցանի եւ բռնության հաջորդ օրը, երբ տեսանք, թե ինչպես են առեւանգում, ծեծի ենթարկում եւ ջրցան կիրառում մեր հայրենակիցների նկատմամբ։ Նախկին խմբին, նրանց համակիրներին եւ հանրությանը ուղղված մեր կոչով՝ հունիսի 23-ին նախաձեռնել ենք համախմբման արշավ՝ մի շարք պահանջներով՝ ազատ արձակել մեր եղբայրներին եւ քույրերին, իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը, պատասխանատվության ենթարկել ապօրինություններ իրականացրածներին եւ բարեփոխել էներգետիկ համակարգը։
Սրանք էին մեր պահանջները, որոնց շուրջ 14 օր փակ մնաց Բաղրամյան պողոտան։ Այդ օրերին, ես նաեւ լրատվության ներկայացուցիչների ներկայությամբ արձանագրեցի, որ մենք չենք փակել պողոտան, այլ ոստիկանությունն էր փակել։ Երբ չկային բավարար մարդիկ, ոստիկանությունը ջանք չէր դնում բացելու պողոտան, ինչը նշանակում էր, որ գործընթացներ էին տեղի ունենում պողոտայից դուրս, ինչի մասին չգիտեինք։ Մեր պահանջներից միայն առաջինը իրականացվեց՝ ազատ արձակեցին բոլորին։ Մյուս պահանջները չկատարվեցին եւ բողոքի համակարգողների շարքերում ներդրեցին մարդկանց, որոնք սխալ ուղղություն տվեցին, ինչի մասին ես իրենց երեսին՝ Կասկադում ասացի, ու տապալեցին շարժումը։ Սակագնի բարձրացումը ժամանակավորապես կասեցվեց մինչեւ աուդիտի ավարտը, սակայն արդյունքում սակագները ոչ միայն չնվազեցին, այլեւ ավելացան։ Ոչ մի բռնարար ոստիկան պատասխանատվության չենթարկվեց, այդ թվում՝ ինձ վրա հարձակվողը, ով ոստիկանական մեքենայի մեջ ծեծի էր ենթարկում անչափահաս երեխայի եւ ես պաշտպանության համար ձեռքից խլեցի նրան։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է ներկայիս գործընթացին՝ այո՛, հետեւում եմ։ Երկու կողմն էլ իրենց ճշմարտությունն են առաջ մղում։ Սակայն ես, որպես էլեկտրաէներգիայի սպառող, չեմ տեսնում իմ շահը։ Տերը փոխվեց, եկամուտը տերը կստանա՝ ոչ ես, ոչ դուք։ Որակն ու մատուցվող ծառայությունն արդյոք կփոխվե՞ն։ Սակագները կիջնե՞ն, թե՞ կբարձրանան։ Սա է ինձ հուզողը այս դիտանկյունից։ Որոշ փոփոխություններ, իհարկե, եղել են վերջին 10 տարում, սակայն, տեսել ենք նաեւ՝ սակագնի աճ, անջատումներ, ցածր լարման մատակարարում, ենթակայանների պայթյուններ։ Այսինքն՝ համակարգը դեռ արդիական չէ եւ բարեփոխված չենք կարող համարել։ Իսկ որպես քաղաքացի շատ խորքային խնդիրներ եմ տեսնում։
– Այն ժամանակ խոսակցություններ կային, որ շարժումը կազմակերպված էր իշխանության կողմից կամ առնվազն՝ նրա հովանավորությամբ։ Տարիներ անց՝ կարո՞ղ եք բացել փակագծերը։ Ի՞նչ կապ կար շարժման եւ օրվա իշխանությունների միջեւ։
– «Էլեկտրիկ Երեւան» շարժումը որոշակիորեն տարբերակում եմ հենց էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ պայքարից, որը սկսվել էր դեռ 2014-ին, երբ սակագինը թանկացավ 4 դրամով, եւ տեղի ունեցավ ընդվզում։ Շարժումը շարունակվեց «Ոչ թալան» խմբի կողմից։ Շատերս էինք մասնակցում նրանց կազմակերպած հավաքներին, եւ այն լայն ժողովրդականություն էր վայելում։ Ըստ հետագա խոսակցությունների եւ իրենց որոշ անդամների քայլերի, այն կապվում էր այդ ժամանակվա իշխանությունների հետ՝ որպես ուղղորդվող միավորում։
Մեր պահանջների մեջ մասնավորեցման կամ պետականացման կետ չկար։ Խոսքը բարեփոխումների մասին էր՝ ենթակառուցվածքների արդիականացման, թափանցիկության եւ համակարգային փոփոխությունների։ Մի քանի օր առաջ Ֆեյսբուքում գրառում էի արել, որ 2015-ին Սերժ Սարգսյանի եւ Սամվել Կարապետյանի միջեւ պայմանավորվածություն է եղել՝ ՀԷՑ-ը «Տաշիր Գրուպին» փոխանցելու վերաբերյալ։ Հենց այդ պատճառով էլ շատերը «Ոչ թալան»-ի թիմին կապում էին իշխանությունների եւ Կարապետյանների հետ համագործակցության մեջ, հատկապես այն պահից, երբ փորձեցին մարդկանց դուրս բերել Բաղրամյանի բարիկադներից ու տեղափոխել Օպերա։ Իսկ կոնկրետ մեր պայքարը ուղղված չէր որեւէ գործարքի իրականացմանը։ Այն հակադրված էր բացահայտված կոռուպցիոն գործարքներին, արդարության եւ համակարգային բարեփոխման պայքար էր։ Եվ ըստ երեւույթին, նաեւ առաջին պայքարն էր Հայաստանում, որը «Պարտ գույքի դիմաց» Ռուսաստանին հանձնված ու ժողովրդին թալանելու միջոց դարձած կապիտալի դեմ էր դուրս եկել։
Այսօրվա գործընթացում եւս առկա են կոռուպցիոն ռիսկեր։ Ինչպես նախկինում՝ հիմա էլ։ Օրինակ՝ վարչապետը հայտարարել է, թե լույսերի անջատումների պատճառով է իրականացվում ՀԷՑ-ի պետականացում, սակայն չի ուսումնասիրվել 2015-ի փոխանցման հիմքերը, ոչ էլ՝ դրանից առաջ տեղի ունեցած թալանը։ Գուցե հիմա էլ է տեղի ունենում թալան։
– Մասնագետները նշում են, որ ընթացող գործընթացը կարող է վնասել Հայաստանի միջազգային վարկանիշին, ինչպես նաեւ՝ իրավական հետեւանքներ ունենալ։ Ի՞նչ կասեք այդ մասով։
– Հայաստանի ներսում ամենագլխավոր քայքայիչ գործընթացը պառակտումն է, որն ամբողջությամբ քաղաքական բնույթ ունի։ Դրան մասնակցում են ինչպես գործող, այնպես էլ նախկին իշխանությունները։
Ներկայիս ժամանակաշրջանն անկայուն է՝ միջազգային կարգերի տեսանկյունից։ «Միջազգային վարկանիշ» ասվածը դարձել է չափազանց հարաբերական։ Վերջին տարիներին միջազգային չափանիշները սահմանող երկրներն ու հեղինակավոր կենտրոններն են խաթարում չափանիշներն ու կանոնները։ Ու շատ հստակ է դարձել այդ մասով, եթե շահ կա, ապա վարկ կտան եւ կաջակցեն թե՛ իրավական, թե՛ ռազմական, թե՛ այլ հարցերում։ Շահ չկա՝ չեն սատարի, մի բան էլ կճնշեն։ Մենք մեզ պետք է նայենք ներսից։
Հանրությանը թույլ չեն տալիս գնահատել կորուստները, առողջանալ, գիտակցել, թե որտեղ ենք հայտնվել ու ինչ է հարկավոր անել։ Այս ամենը տեղավորվում է պառակտման տրամաբանության մեջ։ Ու միակ ելքն է, որ ողջախոհ հանրությունը դրան կողմ չդառնա, բայցեւ պասիվ ու լուռ էլ չլինի։ Պետք է հանդես գալ դրանից վեր գաղափարներով, ինչն էլ շատ բարդ ու լուրջ ջանք է պահանջում։ Հույս ունեմ՝ ողջախոհները կկարողանան դա անել՝ առանց արտաքին հովանավորության, ինքնուրույն ձեւավորելով հայաստանակենտրոն ժամանակակից օրակարգեր։ Ես նույնպես այդ նպատակով պարբերաբար հանրայնացնում եմ իմ կարծիքը։
– Կարո՞ղ է Սամվել Կարապետյանի քաղաքական հայտը համախմբել հանրությանը՝ ընդդեմ ՔՊ-ի։
– Ինքս Կարապետյանի հայտարարությունը, համադրելով զուգահեռ իրադարձություններին, ընկալում եմ որպես սեփական կապիտալի պաշտպանության հայտ, ոչ թե քաղաքական հայտ։ ՔՊ-ն մշտապես կարողացել է «լեզու գտնել» խոշոր բիզնեսի հետ։ Եթե պայմանավորվեն իշխանությունների հետ, քաղաքական մասնակցության կարիք չեն ունենա։ Եթե ոչ՝ ստիպված կհայտնվեն ընտրական գործընթացում՝ սեփական կապիտալը պաշտպանելու համար։ Բայց, ըստ իս, մեծ համախմբում չեն ունենա, քանի որ ռուսական քաղաքական կապերը լուրջ հանրային մերժում ունեն։ Ռուսաստանի ադրբեջանամետ քաղաքականությունը՝ սկսած 2012-ից՝ Ադրբեջանին վաճառված հարձակողական զենքերից, որոնք 2016-ին եւ 2020-ին սպանեցին ու վիրավորեցին հազարավոր հայ զինվորների, Արցախի հայաթափումը եւ Հայաստանի տարածքների օկուպացումը, որին մասնակից դարձավ Ռուսաստանը, արդեն ձեւավորել է հանրային հակակրանք ռուսական ազդեցության հանդեպ։ Կհիշե՞ք, Արա Աբրահամյանը չկարողացավ նույնիսկ քաղաքական ուժ ձեւավորել։ Ռուբեն Վարդանյանն ինչ-որ չափով ձեւավորեց, բայց Արցախի ցավալի իրադարձությունների ժամանակ հայտնվեց Բաքվի բանտում։ Ռոբերտ Քոչարյանին էլ մեծ հաշվով չհաջողեց նույն պատճառով։ Միակ բացառությունը՝ Վարդան Ղուկասյանն էր, որն ընտրվեց Գյումրիում որպես փոքրամասնություն, բայց դարձավ քաղաքապետ՝ բացառիկ համադրությունների արդյունքում՝ ՔՊ-ի նպատակներ (ընտրություններին կօգտագործի՝ «ընտրեք մեզ, թե չէ ռուսամետներն են գալու»), ռուսական կայազորի առկայություն, որը ազդեցություններ ունի Գյումրիում եւ վերջում նոր հակաիշխանական ուժերի միավորում։
Այս ամենից ես եւ դուք, որպես քաղաքացիներ, չենք շահելու, ինչպես որ ՀԷՑ-ի սեփականատիրոջ փոփոխությունից չեն շահելու որպես սպառող։ Ուստի մեր ուշադրությունը պետք է լինի այս երկընտրանքներից վեր, պառակտումից դուրս՝ ներսից դեպի հանրության ողջախոհ հատվածի ակտիվացում, մոբիլիզացում, նույնիսկ եթե այն ուժ չձեւավորի այս պահին, բայց առնվազն վերականգնի երբեմնի անկաշառ քաղաքացիական հանրություն ասվածը, որ չի վախենա խնդիրներից, կստիպի ցանկացած իշխանության օրինականություն պահել, կպայքարի ու կբարձրաձայնի կոռուպցիայի մասին։ Կոռուպցիան հո միայն «ատկատ» տալը, կաշառք վերցնելը կամ օրենք խախտելը չէ։ Այն կարող է լինել նաեւ օրենքի կամայական մեկնաբանությամբ իրականացվող գործարք։ Եթե այսօր հայտարարում են, որ Սամվել Կարապետյանը քաղաքական հայտ է ներկայացրել՝ լինելով ռուսական օլիգարխ, եւ դրա համար ձերբակալում, ապա դա կարո՞ղ ենք դիտարկել որպես օրենքի կամայական մեկնաբանում, քաղաքական հետապնդում՝ չափազանց մեծ կոռուպցիոն ռիսկերով։
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
11.07.2025