Լրահոս
Օրվա լրահոսը

Ալավերդու նախկին համայնքապետի դիմումը ՍԴ-ն մերժեց

Հուլիս 12,2025 12:30

Սահմանադրական դատարանը հուլիսի 8-ին մերժեց թե նախկին համայնքապետին, թե Գերմանիայի քաղաքացու, ով անհատական դիմումով շատ կարեւոր հարց էր բարձրացրել:

Սկսեմ Ալավերդու նախկին համայնքապետի գործից: Այս գործը մինչ ՍԴ հասնելն անցավ դատական երեք ատյաններով, ու մենք ականատեսն էինք դատական գործընթացներին:

Հիշեցնեմ, որ ամեն բան սկսվեց 2022թ. դեկտեմբերի 5-ից. վաղ առավոտյան Ալավերդի համայնքում հարյուրավոր ոստիկաններ շրջափակեցին Ալավերդու համայնքապետարանի շենքը, որպեսզի ապահովեին համայնքապետ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթացը։ «Գործավարը» ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն էր։ Կարմիր բերետավորները թույլ չէին տալիս, որպեսզի «Ապրելու երկիր» եւ ՀԱԿ կուսակցության ավագանու անդամներն անգամ մտնեն համայնքապետարանի շենք, եւ արդյունքում, ՔՊ-ական ավագանու անդամներն անվստահություն հայտնեցին համայնքապետ Արկադի Թամազյանին։ «Ընտրվեց» քպ-ական Դավիթ Ղումաշյանը:

2025թ. հունիսի 24-ին Սահմանադրական դատարան դիմած Արկադի Թամազյանի (լուսանկարում) գնահատմամբ՝ Վարչական դատարանն իր գործով կայացված դատական ակտով հանգել է այն եզրակացության, որ կես ժամ սպասելու վերաբերյալ իրավանորմը կիրառելի կլիներ, եթե համայնքի ղեկավարը ներկա չլիներ: Սակայն Վարչական դատարանին ներկայացված տեսաձայնագրությունից պարզ է դառնում, որ վերջինս ներկա գտնվել է, սակայն ներս չի մտել նիստերի դահլիճ: Նա խնդրել էր «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը, 68-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ եւ 8-րդ մասերը ճանաչել ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածով սահմանված՝ որոշակիության սկզբունքի պահանջներին հակասող եւ անվավեր: Արկադի Թամազյանի ներկայացուցիչն էր փաստաբան Լեւոն Օհանյանը: Դիմողը գտնում էր, որ ՏԻՄ օրենքի 64-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված իրավակարգավորումները որոշակի չեն եւ չեն բխում Սահմանադրության 79-րդ հոդվածից:

ՍԴ-ին ներկայացվել է թիվ ՎԴ6/0547/05/23 վարչական գործի դատավարական նախապատմությունը, նշվել էր, որ այն դեպքում, երբ համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու հարցով հրավիրված նիստը մեկնարկել եւ անցկացվել է սահմանված ժամանակային եւ այլ վավերապայմանների խախտմամբ՝ առանց պահպանելու դրանք, ապա ավագանու տվյալ նիստը չի կարող համարվել իրավազոր, իսկ դրա արդյունքում ընդունված որոշումներն էլ չեն կարող համարվել օրինական ու իրավաչափ, քանի որ գործ կունենանք Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված՝ օրինականության սկզբունքի խախտման հետ:

Ըստ դիմող կողմի՝ Վերաքննիչ վարչական դատարանը սխալ է պարզել ՏԻՄ օրենքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորման բնույթը՝ սխալ մեկնաբանելով եւ սխալ կիրառելով այն, որի արդյունքում՝ ավագանու նախաձեռնող խմբի կողմից 2023 թ. նոյեմբերի 30-ին կազմված՝ «ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Սամվելի Թամազյանին անվստահություն հայտնելու եւ ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու անդամ Դավիթ Ղումաշյանին Ալավերդի համայնքի ղեկավար ընտրելու մասին» որոշման նախագիծը հայցվորին հանձնված լինելն անհիմն կերպով նույնացրել է տվյալ նախագծի մասին հայցվորի տեղեկացված լինելու հետ, որի հետեւանքով էլ տվյալ նախագիծը հայցվորին հանձնված լինելու վերաբերյալ եկել է սխալ հետեւության՝ սխալ բացահայտելով տվյալ փաստը:

Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ այս անհատական դիմումով չի հիմնավորվում ՏԻՄ օրենքի 64-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի, ինչպես նաեւ 68-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ եւ 8-րդ մասերի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասությունը դիմողի՝ Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որեւէ հիմնական իրավունքին եւ կամ ազատությանը, հետեւաբար եւ` Սահմանադրության 28 եւ 79-րդ հոդվածներին։

Այսինքն, ըստ ՍԴ-ի, այս դիմումը ենթակա էր մերժվելու: ՍԴ-ն մերժեց Սահմանադրությանը համապատասխանության հարցով այս գործի քննությունը:

Օտարերկրացի դիմումատուն առաջին ատյանի դատարանում զրկված էր Գլխավոր դատախազի որոշումը վիճարկելու հնարավորությունից

Գլխավոր դատախազը, Կոնստանտին Իլիոպոլի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով, Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) իրավասու մարմիններին հանձնելու մասին միջնորդությունը 2024 թ. դեկտեմբերի 30-ի որոշմամբ մասնակի բավարարել է հետեւյալ պատճառաբանությամբ. «ԳԴՀ իրավասու դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 23-ի որոշմամբ նկարագրված՝ Կ. Իլիոպոլին մեղսագրվող առաջին արարքը քրեորեն հետապնդելի է նաեւ ՀՀ քրեական օրենսգրքով: Այդ արարքի համար ազատազրկման ձեւով նախատեսված պատժաչափը գերազանցում է մեկ տարին: Նշված արարքի համար ԳԴՀ եւ ՀՀ օրենսդրությամբ Կ. Իլիոպոլին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները չեն անցել: Այսպիսով, այս մասով Կ. Իլիոպոլի հանձնումը մերժելու համար միջազգային պայմանագրերով եւ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հիմքեր չկան»: Վերաքննիչ քրեական դատարանը հանձնման ենթակա անձ Կոնստանտին Իլիոպոլի պաշտպան Գ. Ներսիսյանի վերաքննիչ բողոքի հիման վրա դատական վերանայման ենթարկելով «Հանձնման թույլտվության վերաբերյալ» Գլխավոր դատախազ Ա. Վարդապետյանի՝ 2024 թ. դեկտեմբերի 30-ի որոշումը, 2025 թ. փետրվարի 3-ին որոշել է ներկայացված վերաքննիչ բողոքը մերժել՝ անփոփոխ թողնելով Գլխավոր դատախազի որոշումը: Վճռաբեկ դատարանը, քննության առնելով Վերաքննիչ դատարանի՝ 2025թ. փետրվարի 3-ի որոշման դեմ դիմողի պաշտպան Գ. Ներսիսյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը, 2025 թ. մարտի 11-ին որոշել է ներկայացված հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել:

Կոնստանտին Իլիոպոլը (ներկայացուցիչ՝ փաստաբան Գուրգեն Ներսիսյան) այս տարվա ապրիլին դիմել է Սահմանադրական դատարան, խնդրել է՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 479-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշել:

Ըստ դիմողի՝ անձը զրկվում է առաջին ատյանի դատարանում Գլխավոր դատախազի համապատասխան որոշումը վիճարկելու հնարավորությունից, ինչով սահմանափակվում են նրա՝ ապացույցներ ներկայացնելու եւ լսված լինելու իրավունքները. «Ավելին, հանձնման թույլտվության վերաբերյալ Գլխավոր դատախազի որոշման՝ անմիջապես վերաքննության կարգով բողոքարկելիությունը հանգեցնում է անձի՝ լսված լինելու իրավունքի խախտման, այդ թվում նաեւ՝ այն պատճառով, որ Գլխավոր դատախազի կողմից խնդրո առարկա որոշման ընդունման գործընթացն ընթանում է առանց անձի մասնակցության»:

Նրա կարծիքով՝ «Հանձնման վերաբերյալ Գլխավոր դատախազի որոշումը միանգամից վերաքննիչ դատարանում բողոքարկելու պարագայում ստացվում է այնպես, որ Գլխավոր դատախազը վեր է ածվում առաջին ատյանի դատարանի, իսկ Գլխավոր դատախազի կողմից որոշում կայացնելու գործընթացը հավասարեցվում է առաջին ատյանի դատարանում դատաքննության՝ առանց դատարանին հատուկ եւ բնորոշ երաշխիքների»: ՍԴ աշխատակարգային որոշմամբ այս բացառիկ գործի վարույթը կարճվեց:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.07.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Զարմանալու բան չկա, անգրագետ նիկոլին հաջողվել է սահմանադրական դատարանը դարձնել իր իշխանության պահպանման և իր քաղաքական սանձարձակություններն օրինականացնող գործիք։

Պատասխանել Հայ մարդ

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031