Աբու Դաբիում Փաշինյանի ու Ալիևի առերես բանակցությունները տևեցին մոտ 5 ժամ: Չնայած նման երկար հանդիպմանը, դրա բովանդակության վերաբերյալ հաղորդագրություններն ու «արտահոսքերը» կարճառոտ ու կցկտուր էին: Ամեն դեպքում, հանդիպումից կարճ ժամանակ անց, հիմնվելով նաև ՀՀ ԱԳ փոխնախարարի՝ հետագայում «հերքում-պարզաբանումային» հստակեցումների կարիք ունեցած խոսքի վրա, բազմաթիվ մեկնաբաններ նշեցին, թե քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը» հանձնելու հարցը: Բազմաթիվ քննարկումներ եղան, մեկնաբանություններ, կարծիքներ հնչեցին:
Բայց դա դեռ մի կողմ: Ի վերջո, այդ բանակցությունների բովանդակության մասին նույնիսկ շատ վստահ «մանրամասնություններ» հայտնողներից ոչ մեկը Աբու Դաբիում՝ հանդիպման սրահում եղած «սեղանի տակ» չի եղել, ոչ էլ, կներեք, «ժուչոկ» է դրել: Իրենք՝ հանդիպողներն էլ առնվազն մոտ ժամանակներում չեն ասելու, թե ինչ են քննարկել, ինչ են պայմանավորվել: Ինչպես, օրինակ՝ մինչև հիմա գաղտնի է պահվում «խաղաղության համաձայնագրի» տեքստը, որն ամիսներ առաջ հայտարարվեց որպես վերջնականորեն փոխհամաձայնեցված: Ոչինչ, որ դա նույն Փաշինյանն է, որ հրապարակում կոկորդ էր պատռում, թե՝ ժողովո՜ւրդ, բացառվում է, որ մի բան պայմանավորվեմ ու չգամ և ձեզ չասե՜մ… Հիմա ո՞վ է նման «անկարևոր բաներ» հիշում:
Հետաքրքիր է այլ բան: Այն, որ շատ ու շատ մեկնաբաններ, քաղաքականապես ակտիվ մարդիկ, պարզապես քաղաքացիներ, շատերը, մի խոսքով, ասում, սոցցանցերում գրում, հարցազրույցներում նշում են, թե՝ «վա՜յ, տեսա՞ք, թե ինչ արեց… վա՜յ, միջանցք է տալիս… վա՜յ, Հայաստանում զանգվածաբար ադրբեջանական թուրքերի բնակեցմանն է համաձայնում…»:
Այսի՞նքն: Դուք ի՞նչ է, ինչ-որ ուրի՞շ բան էիք սպասում: Իսկ ի՞նչ է, դա նորությո՞ւն է…
Կարդացեք նաև
Ի՞նչ է կատարվում խոշոր ընդգրկմամբ. կատարվում է այն, որ արևմտյան ուժերին ու շրջանակներին պետք է մեր տարածաշրջանում զրոյացնել Ռուսաստանի ազդեցությունը, Իրանին անկյուն մղել, իսկ Չինաստանի առաջ փակուղիներ ձևավորել: Հիմա թե դրա հետևանքով Հայաստանի հետ ինչ կկատարվի, կներեք, Վաշինգտոնի, Լոնդոնի, Փարիզի ու մյուսների համար խորապես միևնույնն է:
Ավելի նեղ իմաստով՝ Թուրքիան ու Ադրբեջանը, ներգրավվելով այդ ծրագրի մեջ, հետապնդում են իրենց զուգահեռ նպատակը՝ վերացնել Հայաստանի սուբյեկտայնությունը (պետականությունը), այն առնվազն դարձնել ձևական մի բան, ժամանակի կարճ ընթացքում հասնել Հայաստանի հայաթափման: Դա նրանք սկզբունքորեն չեն էլ թաքցնում, հարցն այն է, թե մենք որքանով ենք դա հասկանում:
Կոնկրետ Փաշինյանն ու նրա նեղ շրջապատը այդ ծրագրերի հետ ոչ մի խնդիր չունեն, ավելին՝ բացեիբաց ու կոնկրետ օրինակներով քանիցս ցույց են տվել, որ առանց նեղվելու սպասարկում են օտարների շահերը: Նրանց համար գերխնդիրը իրենց անձնական անվտանգությունը, իշխանության շրջանում կուտակած նյութական բարիքները պահպանելպաշտպանելն է, իսկ դա հնարավոր է իշխանությունն ամեն գնով պահելու դեպքում: Իսկ իշխանությունը կարող են պահել բացառապես բռնատիրական մեթոդներով:
Հիմա այս ամենի խորապատկերում որքանո՞վ պետք է զարմանալի լինեն Փաշինյան-Ալիև 5 ժամանոց հանդիպման հավանական արդյունքները, թեպետ մեր դեպքում տեղին է ասել՝ հետևանքները: Ավելին, այնպիսի ճնշող տպավորություն է, որ շատերը նստած սպասում են, որ Փաշինյանի ձեռամբ հերթական որևէ վատ բանը կատարվի, որպեսզի հետո ասեն՝ «վա՜յ, կատարվեց… վա՜յ, արեց…»: Հա, ի դեպ, բռնատիրության մասին: Բոլորն են նկատել, որ Փաշինյանի՝ Էրդողանի ու Ալիևի հետ վերջին ինտենսիվ «շփումները» ուղիղ գծով զուգահեռվում են Հայաստանում ազգային ուժերի, ավանդական կառույցների դեմ ռեպրեսիվ հարձակումներին: Ոմանք դեռ հարցնում են՝ ուղիղ կապ կա՞ այդ «շփումների» ու բռնաճնշումների միջև: Կարծում ենք՝ դա այնքան ակնհայտ է, որ նույնիսկ անհարմար է հարցնելը:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում