Հորդառատ տեղումների պատճառով Տեխասի Քերրի շրջանում մոտալուտ ջրհեղեղի մասին զգուշացումը Եղանակի ազգային ծառայության կողմից արձակվել է դրա մեկնարկից 3 ժամ 21 րոպե առաջ՝ հուլիսի 4-ին՝ առավոտյան 01:14-ին։
Ծանուցումներն ուղարկվել են բնակիչների բջջայիններին։ Հաղորդումներ են եղել նաեւ ռադիոյով, սակայն հայտնի չէ՝ արդյո՞ք տեղական իշխանությունները պատշաճ կերպով տեղեկացվել են, որպեսզի կարողանան նախապատրաստվել։
Ըստ Քերվիլի քաղաքապետի՝ Գուադալուպե գետի վարարման եւ ջրհեղեղի մասին նա իմացել է միայն 05:30-ին։ Տեղեկությունը նրան է փոխանցել իր աշխատակազմի անդամը։
Հուլիսի 4-ի առավոտյան 04:22-ին Քերրի փրկարար ծառայության աշխատակիցներից մեկը շերիֆի գրասենյակին հայտնել է բնակչությանը կարմիր կոդ (արտակարգ իրավիճակի ծայրագույն աստիճանը) արձակելու անհրաժեշտության մասին, սակայն այն արվել է վեց ժամ անց, երբ գետը վաղուց դուրս էր եկել ափերից։
Կարդացեք նաև
Բնակիչների, իշխանությունների շրջանում քննարկում են, թե ո՞ր մարմիններն են թերացել իրենց պարտականությունների կատարման մեջ՝ ժամանակին չիրազեկելով եւ չտարհանելով բնակչությանը գետի վարարմանն ընդառաջ։
Սլաքներ են ուղղվում նաեւ Վաշինգտոնի, ավելի կոնկրետ՝ Սպիտակ տան, ուղղությամբ, քանի որ Թրամփի վարչակազմի դաշնային ապարատի կրճատումներից անմասն չէր մնացել Եղանակի ազգային ծառայությունը։
Շերիֆ Լերի Լեիթայի վստահեցմամբ՝ բոլոր հարցերը կստանան իրենց պատասխանները։ Տեխասի նահանգապետ Գրեգ Աբոթը երեքշաբթի հայտնել էր, որ նահանգային իշխանությունները տեղյակ էին, որ ջրհեղեղ է սպասվում, բայց «Ոչ ոք չգիտեր, որ այն 30 ոտնաչափ բարձրությամբ ցունամիի տեսք կունենա»։
Իհարկե, այսպիսի իրավիճակներում անհնար է խուսափել դավադրապաշտական տեսություններից։ Նահանգը հերքում է տեղումների քանակն ավելացնելու նպատակով Տեխասի գյուղատնտեսության նախարարության կողմից ամպերի սերմանման կամ եղանակի մոդիֆիկացման մասին տեղեկատվությունը։
Քերրի շրջանում դրությունը պակաս չէ ողբերգականից։ Հավանաբար, բնակիչները, իշխանությունները չէին կարող կանխատեսել, որ ջրհեղեղն այս չափ սաստիկ, ավերիչ եւ կործանարար կլինի։ Հուլիսի 9-ի տվյալներով՝ զոհերի թիվը 120 է։ Անհետ կորած անձանց թիվը հատում է 170-ը։ Ավերվել են բնակելի տներ՝ որոշներին ջրի ուժգին հոսանքն ամբողջովին հիմքից պոկել, քշել է։
Նահանգապետի խնդրանքով՝ նախագահ Դոնալդ Թրամփը դաշնային աղետի հռչակագիր է ստորագրել։ Այսինքն՝ որոնողափրկարարական աշխատանքներին տեղական փրկարարներից բացի, մասնակցում են նաեւ դաշնային փրկարարներ։ Կամավորներ կան թե Տեխասից, թե այլ նահանգներից։ Մեքսիկայից նույնպես փրկարար թիմ եւ կամավորներ են ժամանել։
Ուրբաթ նախագահ Թրամփն անձամբ կլինի աղետի գոտում։
Ամերիկացիները սգում են հատկապես աղջիկների ամառային ճամբարի ճամբարականներից եւ ջոկատավարներից 27-ի մահը։
Փրկված 13-ամյա Ստելլա Թոմփոսոնը կիսվել է. «Անորոշությունն էր, որը մեզ իրար խառնեց։ Երբ ի վերջո տեղեկացանք, մենք բոլորս հիստերիայի մեջ հայտնվեցինք։ Բոլորը սարսափած էին, աղոթում էին, բայց ոչ մեզ համար։ Այդ ամենի ընթացքում, ես թմրածություն էի զգում։ Այս ամենի մասին բարձրաձայնելն ինձ թույլ է տալիս գիտակցել՝ ինչ է իրականում կատարվել եւ որքան վատ է ամեն ինչ»։
Ես հաղորդում եմ Տեխասի Դալլասի տարածաշրջանից, որը Քերրի շրջանից 515 կմ հյուսիս է։ Կարող եմ հայտնել, որ Դալլասի տարածաշրջանում եղանակային իրադրությունը նորմալ է։ Անսովոր է միայն ամսվա սկզբից մեկնարկած տեղումներն ու ամպամածությունը։ Սա իսկապես անսովոր եղանակ է Տեխասում ամռան եւ հուլիսի համար։
Այստեղ խնդիրն ավելի շատ հոգեբանական է, քանի որ ամբողջ նահանգն ապրումակցում է աղետից տուժած ընտանիքներին, զոհերի հարազատներին։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
Դալլաս
Լուսանկարները՝ Մոթազ Ազայզայի ֆեյսբուքյան էջից
«Առավոտ» օրաթերթ