-Իշխանություն կոչեցյալներ, արցախցին ընդամենն ուզում է վերադառնա իր հայրենիք, բայց այդ հարցով Նիկոլ Փաշինյան, Արարատ Միրզոյան, դուք չեք զբաղվում: Ստից ժողովրդին խաբելով չիմանաք, թե ժողովուրդը ձեռքը տնկած փող է սպասում: Արցախցին աշխատող մարդ է, էդ հարցը լուծեք, արցախցին վերադառնա իր հայրենիք, ոչ մի բան չենք ուզում ձեզանից,- այսօր Ազատության հրապարակում արցախցիների կազմակերպած հանրահավաքից առաջ լրագրողներին ասաց մի տարեց արցախցի:
-Նիկոլ Փաշինյան, 7 տարի է դու ժողովրդին խաբում ես: Քո ասած խոսքերին ժողովուրդը չի հավատում, որովհետեւ չկա մի բան, որ ասած լինես ու կատարես: 7 տարի՝ խաբում ես: Էնքան խիղճներդ արդեն կորցրել եք, որ Ազգային ժողովում ասում ես, եթե ժողովրդին չասեի կարմիր գծերն ու արագաչափերը հանելու եմ, ինձ չէիք ընտրի: Փաստորեն, ժողովրդին ինչի տեղ ես դրել: Ժողովուրդն էն ժամանակ կհավատա, որ դիմում գրես, թողես դուրս գաս: Խելոք մարդիկ շատ կան: Ես առաջին օրից տեսել եմ, որ Փաշինյանն անլուրջ մարդ է: Իր հայրը հայտարարել է՝ Նիկո՛լ, քեզնից խելոք մարդիկ շատ կան, դու չես կարող երկիրը կառավարես,- շարունակեց արցախցին:
Անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանի հետ կատարված գործընթացներին՝ արցախցին նկատեց, որ իշխանությունները նույնիսկ Կարապետյանի նկարներից էլ են վախենում, ամեն տեղից հանում են: Նա զարմացավ հատկապես մտավորականների եւ շոու բիզնեսի ներկայացուցիչների լռությունից. «Ես զարմանում եմ : Սամվել Կարապետյանը տարին մեկ անգամ Տաշիր համերգ էր կազմակերպում, տանում երգիչներին մի քանի օր պահում, նվերներով ճամփում էր, ո՞ւր են էսօր նրանք: Մի քանի օր առաջ դատախազության դիմաց միայն Ռազմիկ Ամյանին տեսա, բա ո՞ւր են մնացածը: Վախենո՞ւմ եք, որ գնաք հարսանիքներում երգեք, ասեն՝ բերեք, փող մուծե՞ք պետությանը, եկեք երեւացեք»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Վեհափառ Հայրապետի դեմ իրականացվող իշխանությունների արշավին՝ արցախցին դիմեց վարչապետին. «Նիկոլ Փաշինյան, սպեցնազը նրա համար չի, որ ուղարկես Էջմիածին՝ եկեղեցի, սպեցնազն ուղարկի ադրբեջանցիների կողմից Հայաստանի զավթած տարածքները թող ազատի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ