Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկեց անժամկետ նստացույց՝ Ազատության  հրապարակում

Հուլիս 12,2025 21:10

-Կառավարությունը պատրաստակամություն է հայտնել մեր պահանջագրի 12 կետից միայն մեկի շուրջ բանակցել՝ սոցիալական խնդիրների: Դրան զուգահեռ սոցցանցերով ամիսներ շարունակ իրենց  կողմից թեզեր էին առաջ տարվում, թե այս ամենը ստամոքսակռիվ է: Այնինչ, այս ամբողջ ընթացքում մնացած կետերի շուրջ  բանակցությունները փակուղի են տարել հենց իրենք՝ նույնիսկ քննարկման առարկա չդարձնելով,- այսօր Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Աշոտ Ավանեսյանը:

Ինչ վերաբերում է սոցիալական հարցերին, պարոն Ավանեսյանն ասաց, որ իրենք ի սկզբանե առաջարկել էին իրականացնել փոխկապակցված փաթեթային ծրագիր, որտեղ իրար փոխկապակցված կլինեն սոցիալական, բնակարանային, աշխատանքի ապահովման եւ մի շարք այլ հարցեր:

Ըստ Ավանեսյանի, սա առաջին հերթին ձեռնտու էր պետությանը, քանի որ մաքսիմալ քիչ ռեսուրսներ ծախսելով՝ հնարավոր էր ապահովել ավելի համապարփակ լուծումներ բոլորի համար: Այս ռազմավարական առաջարկը, բանախոսի խոսքով, կտրականապես մերժվել է, ստիպված են եղել բանակցել արդեն գործող ծրագրերի շուրջ:

-Արդյո՞ք առանց  բնակվարձի ծրագրի շարունակման մինչեւ բնակարանների ձեռքբերումը ի վիճակի ենք լուծել մեր խնդիրները, կարո՞ղ ենք չստանալով այդ աջակցությունը՝ շարունակել վճարել մեր բնակարանների վարձն ու հոգալ մյուս խնդիրները, իհարկե՝ ոչ: Տասնյակ հազարավոր ընտանիքների եկամուտների ցուցանիշները սարսափեցնող են: Ընդամենը թիրախային խմբերի համար ծրագիրը ժամանակավորապես շարունակվում է, այն էլ՝ ամիս առ ամիս կրճատվելով:

Բանախոսը հայտարարեց նաեւ, որ ամենաշատ այս հրապարակում իրեն տրվող հարցը սա է՝ բա ինչ է լինելու. «Ես խնդրում եմ բոլորիդ պետք է ուղղակի իրար կողքի լինենք, լսենք, փորձենք կառուցողական լինել: Այս պահի դրությամբ պետք է արձանագրենք, որ մեր դարդը ուրիշը չի տանելու, սա պետք է հասկանանք, որ հետագա անելիքների մասին մտածենք: Մեր ցավը տանողը մենք ենք»:

Ի դեպ՝ հանրահավաքից հետո արցախցիները անժամկետ նստացույց հայտարարեցին մինչեւ կառավարությունը կարձագանքի իրենց պահանջներին:

Խորհրդի անդամներից Սայիդա Պողոսյանը հայտարարեց, որ իրենց արգելել են վրան տեղադրել հրապարակում, իրենք փորձեցին բանակցել ոստիկանության հետ ու մերժում ստացան քայլերթ իրականացնելու հարցում: Նա կոչ արեց արցախցիներին մնալ հրապարակում ու ով ինչով կկարողանա, թող օգտակար լինի իրենց՝ քնապարկ, ջուր եւ այլ պարագաներ: Նա կոչ արեց մշակութային գործիչներին միանալ իրենց հայտարարություններով, որ ոստիկանության մտքով չանցնի ուժ կիրառել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031