– Մարդն այնքան վախեցած է ամեն ինչից, որ հանկարծ Ալիեւն ու Էրդողանը չտեսնեն, որ ժողովուրդը չի ընդունում իր վարած քաղաքականությունը: Սրա մասին է խոսքը, չեմ զարմանում ու շատ լավ հասկանում եմ՝ ինչ է,- այսօր Ազատության հրապարակում արցախցիների կազմակերպած հանրահավաքից առաջ լրագրողներին ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության հիմնադիր Արամ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ իրենք Արցախի հիմնահարցը շարունակելու են տաք պահել. «Հիմա մեր ակտիվիստները ստորագրահավաք են իրականացնում, որ դիմենք ԵԱՀԿ-ին, որ շարունակի իր մանդատի իրականցումը: Այն է՝ առաքելություն ունի կարգավորելու Արցախի հիմնահարցը: Երկու հարց կա՝ արցախահայերի վերադարձի հարցը՝ ապահովված միջազգային երաշխիքներով»:
Լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե ով է միջազգային երաշխավորը լինելու, պարոն Սարգսյանը արձագանքեց, եթե Մինսկի խումբը շարունակի իր գործունեությունը, հենց իրենք էլ դրանով կզբաղվեն: Անդրադառնալով դիտարկմանը, թե իշխանությունները պատրաստ են Մինսկի խմբի լուծարմանը, պարոն Սարգսյանը շարունակեց. «Իշխանությունները հրաժարվել են Արցախից, այդ հարցը կարգավորելուց, իսկ արցախահայության խնդիրը մնացել է: Իրենց իրավունքն է պահանջել վերադարձը, ապահովել միջազգային այդ երաշխիքը, չեմ տեսնում այստեղ իշխանության դերակատարությունը»։
Կարդացեք նաև
Արցախահայերի իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Ապրես Մարգարյանն էլ նկատեց, որ Արցախի ժողովրդի նկատմամբ ակնհայտ խտրական քաղաքականություն է տարվում. «Ականատես լինելով օրեցօր աճող ատելության դրսեւորումներին՝ չենք կարող լռել… Մենք տեսել ենք անարդարություն, զգացել ենք անտեսված լինելու ցավը ու բարձրացրել մեր ձայնը»: Նրա խոսքով՝ այսօր պետք է հասկանանք, որ հարմարվելու ժամանակը չէ, կանգնելու, միավորվելու ու պահանջելու ժամանակն է. «Եկեք մի կողմ դնենք բաժանումն ու կասկածները, միասնական ժողովրդին անտեսել հնարավոր չէ: Արցախցին չի արտագաղթելու Հայաստանից,Արցախը չենք մոռանալու, Արցախի վերադարձը լինելու է մեր՝ բոլորիս պայքարի գլխավոր նպատակը» :
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ