-Նախապես պատրաստված, թե հանցավոր պայմանավորվածության արդյունքում, կեղծ կամ կեղծված փաստաթղթի հիմքով Արցախը օրվա իշխանության ղեկավարության կողմից ճանաչվել է Ադրբեջանի մաս,- այսօր Ազատության հրապարակում արցախցիների կազմակերպած հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը:
Նրա խոսքով, կեղծված փաստաթղթի՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիմքով են Արցախը ճանաչում Ադրբեջանի մաս, սակայն իրականում այդ փաստաթղթում որեւէ խոսք չկա, որ անկախ պետությունները, այն է` նախկին սովետական հանրապետությունները ճանաչում են սովետական սահմանները. «Սո՛ւտ է, այդ փաստաթղթի մեջ պարզ գրված է՝ ճանաչում են գոյություն ունեցող սահմանները: Եվ այդ գոյություն ունեցող սահմանների մեջ՝ այն է նորագույն Ադրբեջանը, որը հրաժարվել է սովետական բոլոր իրավական փաստաթղթերից, իրավահաջորդ է իրեն համարել այն հանրապետությանը՝ Ադրբեջանի դեմոկրատական հանրապետություն, որի կազմում չի եղել Արցախը: Արցախը չի եղել Ադրբեջանի կազմում. Սովետական Ադրբեջանի ժամանակ ընդամենը մաս է կազմել հանցավոր բոլշեւիկյան Ռուսաստանի եւ քեմալիստական Թուրքիայի պայմանավորվածության համաձայն»:
Կարդացեք նաև
Տիկին Ալավերդյանի խոսքով, պայքարը պետք է շարունակվի այնքան ժամանակ, մինչեւ Արցախը վերադարձվի իր տերերին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ Ալեքսանդր Չերնիշեվսկու