Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԷՑ»-ը խլել» եզրույթն ինձ համար անընդունելի է. Խլելս ո՞րն է․ ՀԾԿՀ այսօրվա նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի օրակարգը, թերևս, այլ է․ 168․am

Հուլիս 13,2025 10:54

ՀԷՑ-ի կառավարումը վերցնելու իշխանության հայտարարությունների ու գործողությունների համատեքստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մերժել է էլեկտրական ցանցերի՝ այս տարի նախատեսվածից շուրջ 7 միլիարդ դրամով ավելի ներդրում կատարելու առաջարկը․ ասել է թե՝ այս կերպ ՀԾԿՀ-ն ևս միանում է ՀԷՑ-ի դեմ արշավին։

Իսկ էլեկտրական ցանցերը դիմել էր հանձնաժողովին՝ իր 2018-2034 թվականների ներդրումային ծրագրի այս տարվա ծավալը փոփոխելու համար՝ հաշվի առնելով առաջացած անհրաժեշտությունը։ Ու թեև ՀԾԿՀ-ն մինչև վերջերս ակնարկ իսկ չէր արել, որ ՀԷՑ-ը պատշաճ չի կատարում իր պարտավորությունները, ամեն դեպքում հանձնաժողովի այս որոշումը սպասելի էր, կամ՝ գուցե ուշացած, եթե հաշվի առնենք, որ իշխանությունները ողջ թափով լծվել են Սամվել Կարապետյանին չեզոքացնելու գործին։

Ավելին՝ երբ նախորդ տարի ՀԾԿՀ այսօրվա նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը նոր-նոր էր առաջադրվել նախագահի թեկնածուի պաշտոնում, ՔՊ խմբակցության հետ փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր ՀԷՑ-ի հնարավոր խլման մասին խոսակցություններին։

«ՀԷՑ»-ը խլել» եզրույթն ինձ համար անընդունելի է. Խլելս ո՞րն է,- 2024 թվականի նոյեմբերի 14-ին ԱԺ-ում ՔՊ խմբակցության հետ փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել էր ՀԾԿ հանձնաժողովի այն ժամանակ դեռ նախագահի թեկնածու Մեսրոպ Մեսրոպյանը՝ անդրադառնալով խոսակցություններին, որ ՀԾԿՀ նախկին ղեկավարին հանել են, քանի որ ցանկանում են «ՀԷՑ»-ը խլել սեփականատերերից։

Անդրադառնալով էլ հարցին՝ ինչպե՞ս է գնահատում ՀԷՑ-ի աշխատանքը, նա պատասխանել էր. «ՀԷՑ-ը էս երկրի թշնամին չէ, ՀԷՑ-ը տարիներ ի վեր այդ համակարգը շահագործել է, այսօր ոլորտում կան ցուցանիշներ, որոնք բոլորիս չեն բավարարում, տեսանելի են այդ խնդիրների պատճառները: Պետք է այդ պատճառների հետևից գնանք, վերացնենք և շարունակենք: ՀԷՑ-ը խլել, մասնատել, տեղը չգիտեմ ինչ անել, ես տենց օրակարգ չունեմ»:

Այսօր Մեսրոպ Մեսրոպյանի օրակարգը, թերևս, այլ է։

Վերջինն ինչ-որ տեղ հասկանալի էլ է․ չէ՞ որ 2024 թվականի նոյեմբերի 5-ին ՔՊ-ն տեղեկացրել էր, որ կուսակցության վարչության նիստում, որը վարել է Նիկոլ Փաշինյանը, որոշվել է կառավարությանն առաջարկել-քննարկել Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը՝ որպես ՀԾԿՀ նախագահի թեկնածու։

Մեսրոպ Մեսրոպյանի անունը, առհասարակ, 2018 թվականի թավշյա աժիոտաժից հետո պարբերաբար հայտնվում էր լրատվամիջոցներում․ Մեսրոպյանը 2019 թվականին Նիկոլ Փաշինյանի առաջարկով և ԱԺ-ում նրա թիմի ընտրությամբ դարձել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ, ապա 2020 թվականի նոյեմբերին նշանակվել Կոտայքի մարզպետ։

Ի դեպ, Կոտայքում Մեսրոպյանը թավշյա իշխանությունների համար «սվոյ է» եղել՝ պայմանավորված նաև Փաշինյանի թիմակից Սասուն Միքայելյանի հետ իր ընկերական, քաղաքական ու խնամիական կապերով։ Մեսրոպ Մեսրոպյանը Սասուն Միքայելյանի կնոջ հորեղբոր տղան է։

Արմինե ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ 168․am-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031