ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով․
Ի պատասխան կալանավորված անձ Լիանա Հարությունյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանի՝ հայտնում ենք, որ պնդումներն այն մասին, թե «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի մոր և մանկան համար նախատեսված խցում տաք ջուր չի եղել, չեն համապատասխանում իրականությանը։ Խցում եղել է տաք ջուր նաև գիշերային ժամերին, ինչը հաստատել են կողքի խցերում երեխաների հետ բնակվող մայրերը։
Իրականության հետ աղերս չունեն նաև սննդի մասին պնդումները։ Լիանա Հարությունյանին հատկացվել է երեխաների համար նախատեսված, պատշաճ որակի սնունդ՝ կարտոֆիլի խյուս, բանջարեղեն և կաթի փոշի։
Ինչ վերաբերում է խցի՝ իբր ոչ բարվոք պայմաններին, ապա տեղեկացնում ենք, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի մոր և մանկան համար նախատեսված բոլոր խցերը կապիտալ վերանորոգված են, ապահովված 24-ժամյա տաք և սառը ջրով և կահավորված նաև մանկական մահճակալներով։
Կարդացեք նաև
Ուստի հորդորում ենք տիկին Փոստանջյանին զերծ մնալ իրականությունը խեղաթյուրող և այդպիսով հասարակության լայն շրջանակներում բացասական հուզական ֆոն ձևավորող տեղեկություններ տարածելուց։
Հավելենք, որ այս պահին երեխան հետազոտություն է անցնում քաղաքացիական բուժհաստատությունում։
Ավելի ուշ քրեակատարողական ծառայությունը ևս մեկ գրառում է կատարել․
Ի լրումն նախորդ պաշտոնական հաղորդագրության՝ տեղադրում ենք այն խցի և սանհանգույցի լուսանկարները, որտեղ պահվում են կալանավորված անձը և նրա երեխան։
Տիկին Փոստանջյանին մեկ անգամ ևս կոչ ենք անում «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հետ կապ չունեցող լուսանկարներ չհրապարակել և հասարակությանը չգցել մոլորության մեջ, իսկ փաստաբանական մարտավարությունը կառուցել փաստերի և օբյեկտիվ հիմքերի վրա՝ դուրս չգալով մասնագիտական էթիկայի սահմաններից։
ՀՀ փաստաբանների պալատին խնդրում ենք քննարկման առարկա դարձնել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածող փաստաբանի վարքագիծը։