Երբ աշխարհի լավագույն բեմերում հանդես եկած օպերային դիվա Հասմիկ Պապյանը 2020թ. նշանակվեց Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար, արդեն պարզ էր, թե ինչ նոր շունչ է ստանալու Մարկ Գրիգորյան 2 հասցեում գտնվող Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիան: Այն այժմ ամենափնտրված մշակութային հասցեն է:
Հերթական նախագիծը տաղանդավոր երիտասարդների մասնակցությամբ ( Թովմաս Թովմասյան, Արամ Խաչատուրյան, Ալինա Ավագյան, Մերի Մարտիրոսյան, Գուրգեն Պողոսյան, Արամո Մամիկոնյան, Թովմաս Կարապետյան, Արթուր Մկրտչյան, Ալեքսան Խաչատրյանը, Սիրանուշ Օվսիյանը, Էլեոնորա Հարությունյանը, Ալվարդ Ազատյանը, Նարեկ Խաչատրյան, Պավել Հայրիյան, Անդրանիկ Մալխասյան) Ջոակինո Ռոսսինիի «Սեւիլյան սափրիչ» օպերային ներկայացումն է, որին մաս է կազմել «Արցախ» նվագախումբը՝ դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ, ճանաչված թավջութակահար Նարեկ Հախնազարյանի ղեկավարությամբ, բեմադրիչը Նորայր Հերգնյանն է, բեմի ձեւավորման ու զգեստների հեղինակը նկարիչ Դավիթ Քոչունցն է:
Կարդացեք նաև
Աշխարհահռչակ օպերային երգչուհին՝ Հասմիկ Պապյանն արդեն ուղի է հարթում երիտասարդների համար, իր փորձը փոխանցում նրանց: Մինչեւ ներկայացումը սկսվելը` նա հիացմունքով էր խոսում երիտասարդ հրաշալի ձայների, հատկապես դասական երաժշտությամբ զբաղվող մարզաբնակ երիտասարդների մասին: Aravot.am-ի հետ զրույցում ասում էր՝ օրինակ, Տավուշում ապրող երիտասարդը կարող էր գնալ ու հարսանիք երգել, բայց այլ ուղի է ընտրել, ինքն էլ սիրով աջակցում է նման տաղանդավոր երիտասարդներին՝ առանց գովազդվելու, լուռ անում այդ կարեւոր աշխատանքը, որտեղ իրենց աջակցում է Նարեկ Հախնազարյանը:
«Նարեկ Հախնազարյանը բացառիկ հայրենասիրություն, տաղանդ եւ էներգետիկա ունի, ես իրեն շնորհակալ եմ այս համագործակցության համար, հուսով եմ, որ կշարունակվի: Մենք անհատականությունների կարիք ունենք մեր երկրում»,-ասում է տիկին Պապյանը:
«Սեւիլյան սափրիչը» աշխարհում ամենահաճախ բեմադրվող օպերաներից է, օպերային ստուդիայի «Սեւիլյան սափրիչն», անշուշտ, յուրահատուկ է, բեմադրված՝ ժամանակակից շնչով, նորարարական լուծումներով՝ առանց կեղծամների ու ծանր հագուստների: «Սեւիլյան սափրիչի» այս մեկնաբանության մեջ կարմիր բերետավորներ կան, MacBook ու բջջային հեռախոսներ: Օրինակ, երբ Կոմսը Ֆիգարոյին հարցնում է, թե ինչպես գտնի նրան, օգնության է հասնում Google Maps-ը: Ի դեպ, 1986-ին Հասմիկ Պապյանն առաջին անգամ հանդես է եկել հենց այս օպերայում եւ երգել Ռոզինա:
Տիկին Պապյանն ասում է, որ երիտասարդներին պատրաստում է միջազգային բեմերի համար. «Մենք էլ ենք ուզում առաջ գնալ, ինձ համար սա շատ կարեւոր է: Հիմա Եվրոպայում այնքան առաջադիմություն կա…Իսկ մեր ժողովուրդը սովոր է թավշյա կոստյումների, ծանր դեկորների: Ես ուզում եմ, որ այս երիտասարդները գրագետ երգեն, լինեն կարգապահ, պատրաստ՝ եվրոպական բեմերում հանդես գալու համար: Նման թարմ մեկնաբանություններ մենք դեռ էլի կանենք»:
«Սեւիլյան սափրիչը» օպերային ներկայացումը Օպերային ստուդիայում հանդիսատեսը դիտելու հնարավորություն ունեցավ հուլիսի 7-ին, 8-ին, 10-ին եւ 11-ին: Ռոսսինիի՝ երկու գործողությամբ կոմիկական այս օպերան, որ տեւեց 3 ժամ, դիտվեց մեկ շնչով: Իսկ դահլիճի ջերմ արձագանքն ու չդադարող ծափահարությունները ամենակարեւոր գնահատականն էին: Տաղանդավոր ու կայացած մարդիկ սիրում են առատորեն կիսել իրենց ունեցածը ուրիշների հետ: Հասմիկ Պապյանն ու Նարեկ Հախնազարյանը դա անում են ամենաինքնամոռաց ձեւով եւ անձնվիրաբար, չնայած նրանց «ճախրը» մեծ բեմերի համար է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ