Factor. Երևանի քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արշակ Մաթևոսյանի, հրապարակել է 8 ամսական երեխայի մորը՝ Լիանա Հարությունյանին կալանավորելու որոշումը։
«Լիանա Հարութունյանն, ըստ մեղադրանքի, օժանդակել է «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի ռեկտոր Վաղարշակ Մադոյանին և պրոռեկտոր Դավիթ Մադոյանին Հնդկաստանի 16 քաղաքացիների անօրինական միգրացիան կազմակերպելուն:
Նախաքննության մարմնի 2025 թվականի փետրվարի 25-ի որոշմամբ մեղադրյալ Լիանա Հարութունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել Հայաստանի Հանրապետությունից բացակայելու արգելքը։
Ըստ դատական ակտի՝ նկատի ունենալով, որ պատշաճ ծանուցված մեղադրյալ Լիանա Հարութունյանն առանց հարգելի պատճառի չի ներկայացել 2025 թվականի հունիսի 16-ին՝ ժամը 16:30-ին, նշանակված դատական նիստին՝ այդպիսով չարամտորեն խուսափելով վարույթն իրականացնող մարմնի հրավերով ներկայանալու պարտականության կատարումից՝ դատարանը նրա նկատմամբ կիրառել է դատավարական սանկցիա՝ վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելը։
Կարդացեք նաև
«Ընդ որում, դատարանի աշխատակազմի նախաձեռնությամբ 2025 թվականի հունիսի 15-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, մեղադրյալ Լիանա Հարութունյանի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում վերջինը կրկին տեղեկացվել է հաջորդ օրվա դատական նիստի օրվա և ժամի մասին, սակայն հայտնել է, որ չի ներկայանալու դատական նիստերին մինչև նոր պաշտպանով չապահովվի։
2025 թվականի հուլիսի 8-ին՝ ժամը 14:30-ին, Լիանա Հարութունյանը Դատարան չի ներկայացվել, քանի որ չի հայտնաբերվել իր բնակության հասցեում (տան դուռը գտնվել է փակ վիճակում), իսկ ոստիկանության ծառայողի հետ հեռախոսազրույցի ընթացքում մեղադրյալը հայտնել է, որ իրեն չանհանգստացնեն, և ինքը չի պատրաստվում ներկայանալ դատարան։
Դատարանի աշխատակազմի նախաձեռնությամբ կատարված հեռախոսազանգի ընթացքում մեղադրյալ Լիանա Հարութունյանն, ըստ էության, հայտնել է, որ 2025 թվականի հուլիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, նշանակված դատական նիստի վերաբերյալ ինքը ծանուցագիր չի ստացել և տեղյակ չէ դատական նիստի մասին, ինչին ի պատասխան նրան պարզաբանվել է, որ դատարանը նրա նկատմամբ կիրառել է վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու ձևով դատավարական սանկցիա, որի պարագայում ծանուցագիր իրեն ուղարկվել չէր կարող։
Դատարանի աշխատակազմի կողմից մեղադրյալին հայտնվել է, որ ոստիկանության համապատասխան աշխատակիցը այցելել է նրա բնակության հասցե, սակայն տան դուռը գտնվել է փակ վիճակում, ինչին ի պատասխան մեղադրյալ Լիանա Հարութունյանը հայտնել է, որ ոստիկանությունը իրավունք չունի մոտենալ իր բնակության հասցեին և իրեն հարկադրաբար ներկայացնել դատարան, հավելելով, որ ինքը զանգահարել է Մարդու իրավունքների պաշտպանին:
Դրանից հետո մեղադրյալը նշել է, որ. «դուք ձեր ապօրինի քայլերի համար պատասխան եք տալու, բոլոր կեղտերը ջրի երես եմ հանելու»։ Այս պատասխանից հետո մեղադրյալ Լիանա Հարութունյանին ևս մեկ անգամ պարզաբանվել է, որ նա քրեական գործով ունի մեղադրյալի կարգավիճակ և պարտավոր է ներկայանալ դատական նիստերին, որ քրեական գործով մեղադրյալներից մեկը գտնվում է անազատության մեջ, և նրա չներկայանալու պարագայում դատալսումները պարբերաբար հետաձգվում են։ Լիանա Հարութունյանը պատասխանել է, որ դա իրեն չի հետաքրքրում և նա չունի մեղադրյալի կարգավիճակ, հավելելով, որ իրեն այլևս չանհանգստացնեն։ Մեղադրյալն իր խոսքում նաև նշել է, որ լավ է անում, որ ոստիկանների առջև դուռը չի բացում, հավելելով, որ. «ինչը որ իմ վրա գրել եք, ինչը որ հիմա իմ վրա ուզում եք բարդեք, դրա համար պատասխան եք տալու»։ Մեղադրյալը նաև հայտնել է, որ իր պաշտպանը դիտավորյալ չի ներկայանում դատական նիստերին, և դատարանը պաշտպանի հետ ձեռք է բերել «հանցավոր համաձայնություն» իր չգործած հանցանքի համար իրեն դատապարտելու վերաբերյալ՝ կրկին անգամ սպառնալով, որ «պատասխան եք տալու իմ հանգիստը խանգարելու և իրավունքը ոտնահարելու համար», խոսակցության վերջում կրկին նշելով, որ չի ներկայանալու դատական նիստերին»,- ասված է դատական ակտում։
Արաքս Մամուլյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: