Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաջորդող 2-3 ամիսների ընթացքում արցախցիների շրջանում ծայրահեղ աղքատների թիվը կտրուկ աճելու է․ մեր նպատակն արտագաղթը կանխելն է»․ Արտակ Բեգլարյան

Հուլիս 14,2025 13:13

«Ես ինքս հստակ տեսնում եմ, որ կառավարությունը լուրջ բարեփոխումներ կամ ներառական արդյունավետ քննարկումներ չի իրականացնում, որովհետեւ հստակ քաղաքական դիրքորոշում ունեն, որ այն պահանջները, որոնք մենք ներկայացնում ենք, իբր թե սպառնալիք են ՀՀ ազգային անվտանգության համար։ Բայց ես կասեմ, որ իրենց այդ դիրքորոշումն է սպառնալիք ազգային անվտանգության համար։ Դա վերաբերում է մեր վերադարձին Արցախ, դա վերաբերում է մեր մնացած հարցերին, նաեւ սեփականության ու մշակութային ժառանգության պաշտպանությանը, գերիների ազատ արձակմանը եւ այլն։ Իսկ ներքին հարցերին, որոնք մի մասով սոցիալական են, մյուս մասով մարդու իրավունքների պաշտպանության հարցեր են, կիսատ-պռատ ինչ-որ լուծումներ են տալիս, բայց այստեղ էլ հիմնարար լուծումներ չեն տրվում»,- կառավարության մոտ բողոքի ցույցի ժամանակ ասաց «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ, Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն այսօր լրագրողների հետ զրույցում զուգահեռներ էր անցկացրել անօթեւան մնացած արցախցիների եւ Գյումրիում աղետի հետեւանքով անօթեւան մնացածների միջեւ։ Տարոն Չախոյանը նաեւ ասել էր, որ ընդդիմությունն օգտագործում է արցախցիներին եւ իշխանափոխության նպատակով փողոց է հանում։

 Հարցին, թե արցախցիների եւ գյումրեցիների խնդիրները համարժե՞ք են, Արտակ Բեգլարյանը պատասխանեց․ «Մասնակի այո, մասնակի ոչ։ Եվ, ցավոք սրտի, իրենք զուգահեռներ անցկացնում են ոչ թե խնդիրները լուծելու համար, այլ սվաղելու ու մանիպուլացնելու համար։ Իրականում պատճառները տարբեր են, իրավիճակն ու հետեւանքները տարբեր են, բայց մյուս կողմից, իհարկե, մենք շատ ենք ուզում, որ բոլորի խնդիրները լուծվեն։ Ավելին ասեմ, արցախցիների սոցիալական խնդիրների լուծումը նաեւ հնարավորություն է մնացած սոցիալապես խոցելի խմբերի խնդիրների լուծման համար։ Այլ կերպ ասած, ՀՀ-ում առ այսօր չկա բնակարանային քաղաքականություն։ Եվ մենք ինչ պահանջում ենք, նույնիսկ գրավոր առաջարկներ ենք ներկայացնում, սա իրենց համար լուրջ հնարավորություն է ստեղծել, համակարգ, որպեսզի այս համակարգն արդար եւ արդյունավետ կերպով լուծի բնակարանային կարիք ունեցող բոլոր ընտանիքների խնդիրները՝ եւ արցախցիներինը, եւ մյուսներինը։ Սակայն էլի հատվածական, շատ կցկտուր կարկատաններ են իրականացնում՝ առանց շարունակական հետեւողական ռազմավարություն ունենալու»,- ասաց Բեգլարյանը։

Արտակ Բեգլարյանը, անդրադառնալով արցախցիներին քաղաքական նպատակով օգտագործելու մասին հայտարարություններին, ասաց, որ իշխանությունները միշտ ներքաղաքական պրիզմայով են նայում բազմաթիվ խնդիրներին ու հատկապես արցախցիներին վերաբերող հարցերին։ Եվ նաեւ սա կարող է պատճառ լինել, որ հիմնարար լուծում չեն տալիս արցախցիների խնդիրին։ «Եթե արտաքին քաղաքական հարցերն իրենք այդպես սխալ կերպով մեկնաբանում են, հակամարտության համատեքստում ասում են՝ Արցախը սպառնալիք, է Արցախը բեռ է, եւ այլն, ապա ներքին հարցերում իրենք որեւէ ձեւով չեն կարող հիմնավորել, թե ինչո՞ւ արցախցիների խնդիրները չեն կարող լուծվել կամ ինչու արցախցին չպետք է արժանապատիվ ու կայուն կեցություն ունենա ՀՀ-ում, որպեսզի ՀՀ զարգացմանն ու զորացմանը մենք էլ նպաստ ունենանք»,- նշեց Բեգլարյանը։

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները հանդիպման են գնացել կառավարություն, Արտակ Բեգլարյանն ասաց, որ իր կարծիքն այն էր, որ չպետք էր գնալ այդ հանդիպմանը։ Բայց կոլեգիալ որոշում կայացվեց, որ պետք է բարձրանան քննարկման։ «Իրենք բարձրացել են ոչ թե բանակցությունների, այլ բարձրացել են պատասխան ստանալու եւ փոխանցելու։ Ես գոհացած կլինեմ, որ ՀՀ կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչներն իջնեն ու ասեն, որ Արցախի ժողովուրդը վերադարձի իրավունք ունի, եւ ՀՀ կառավարությունը հետամուտ է լինելու ՀՀ հայցերի հիման վրա կայացված միջազգային դատական ատյանների որոշումների կատարմանը, այդ թվում՝ Արցախի ժողովրդի վերադարձի վերաբերյալ։ Եթե ոչ, ապա գոհացած չեմ լինի»,- ասաց Բեգլարյանը։

Նա նշեց, որ սոցիալական հարցերի լուծումը, օրինակ, 40 հազարական դրամների վճարման վերականգնումն այս փուլի համար կարող են համարել լուծում, քանի որ այս պահին կա հրատապ սոցիալական խնդիր։ Հրատապ խնդիրն Արցախի ժողովրդին ՀՀ-ում պահելն ու արտագաղթը կանխելն է։

«Բնակվարձի դադարեցման հետեւանքով մենք ունենք խորացող չքավորություն, մեր տարբեր փորձագիտական հաշվարկներով՝ արցախցիների շուրջ 80 տոկոսը գտնվում է աղքատության շեմից ներքեւ։ Քանի որ բնակվարձի աջակցության ծրագիրը դադարեցվել է, այս ամիս եւ հաջորդող երկու-երեք ամիսների ընթացքում ծայրահեղ աղքատների թիվը կտրուկ աճելու է, իսկ աղքատության շեմից ներքեւ գտնվողների թիվը մեծանալու է, 80 տոկոսը կարող է ավելի մեծ տոկոս դառնա։ Հետեւաբար, պետք է բնակվարձի ծրագիրը շարունակել, դրան զուգահեռ հիմնարար վերանայման ենթարկել բնակարանային ապահովման ծրագիրը։ Խոշոր առումով մենք բնակվարձ չենք ուզում, մենք ասում ենք՝ մեր բնակարանային խնդիրներին կայուն եւ արժանապատիվ լուծում տվեք։ Կարող եք հենց հիմա էլ բնակարանային խնդիրը լուծել եւ բնակվարձ չտրամադրել։ Բայց գործող բնակարանային ծրագիրը պատշաճ, արդյունավետ եւ արդար կարգավորում չի տալիս բնակարանային խնդիրներին։ Իրենք իրենց արեւին գրասենյակներում նստած մտածել են, որ եթե բնակվարձի աջակցության ծրագիրը կտրեն, արցախցիները ստիպված կգնան եւ բնակարանային ծրագրից կօգտվեն։ Բայց իրենք սխալվում են, որ թվերն էլ նայում ես, մարդիկ ուղղակի լուծում չեն գտնում, ուզում են բնակարան գտնել ու գնել, բայց աջակցության ծրագրի շրջանակներում բավարար գումար չկա, որպեսզի իրենք կարողանան պատշաճ լուծում գտնել»,- նշեց Բեգլարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031