Թուրքագետ Վարուժան Գեղամյանի սոցցանցային գրառումը.
Այն, որ այս օրերին մեզանից թաքուն Հայաստանը դե-ֆակտո կառավարող խմբավորումը քննարկում է թուրք-ադրբեջանական տանդեմին «միջանցք» տալու հարցը, արդեն փաստված իրողություն է։
Ըստ էության` փորձ է արվում գտնել Սյունիքի աստիճանական նվաճումը ենթադրող այդ ծրագրի իրականացման այնպիսի տարբերակ, որը չառաջացնի հայերի դիմադրությունը և մատուցվի որպես ինքնիշխանության բարձրացում, «հերթական բարիք»։
Կասկած չունեմ, որ առաջիկայում այս թեմայով կլինեն նոր զարգացումներ։
Կարդացեք նաև
Իսկ մինչ այդ՝ այսօր Թուրքիայի իշխանություններին մոտ կանգնած Middle East Eye պարբերականը հայտնել է, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը ուրբաթ օրը Նյու Յորքում իր ասուլիսի ժամանակ անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» հակահայկական ծրագրին։ Նա հաստատել է, որ ԱՄՆ կարող է վերցնել «միջանցքի» վերահսկողությունը. «Ինչ կլինի, եթե Ամերիկան ուղղակի գա ու ասի. «Լավ, մենք դա կվերցնենք։ Տվե՛ք մեզ 32 կմ-ոց այդ ճանապարհը 100 տարով և դուք բոլորդ կարող եք կիսել այն»։
Middle East Eye-ի մեկ այլ անանուն աղբյուր նշում է, որ միջանցքը բացելու և ամերիկյան մասնավոր ընկերության վերահսկողությանը տալու տարբերակը առաջարկել է Թուրքիան, որին համաձայնել են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները։
Մի խոսքով, Թուրքիան և Ադրբեջանը չեն դադարում Սյունիքը օկուպացնելուն ուղղված «միջանցք» գործողությունը՝ հիմա նոր փաթեթավորմամբ։ Նպատակը նույնն է՝ ձևավորել Թուրքիա-Ադրբեջան ընդհանուր լայն ցամաքային սահման, որը հնարավոր է միայն Սյունիքի գրավմամբ։
Ինչու է այս ծրագիրը ցանկացած տարբերակով վտանգավոր, մենք բացատրում ենք «Զանգեզուրի միջանցքին» նվիրված մեր նոր՝ «Թուրանի ճանապարհի հայկական սեպը» գիտական աշխատանքում։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան