Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արսեն Ոսկանյանին (լուսանկարում) տեղափոխել են Լոռի՝ նշանակելով Լոռու ոստիկանապետ։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը Լոռու մարզում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նոր ոստիկանապետին ներկայացնելով անձնակազմին։ Թե ո՞րն էր 8 ամիս առաջ նշանակված ոստիկանապետին Շիրակից Լոռի տեղափոխելու պատճառը, որևէ մեկը հստակ տեղեկատվություն չունի։
Ոստիկանապետ Արսեն Ոսկանյանին գյումրեցի ակտիվիստները առիթ ունեցան տեսնելու Շիրակի թեմի առաջնորդարանում խուզարկություններ անցկացելու օրը, երբ դրսում հավաքված մարդկանց անձամբ հսկում էր ոստիկանապետը։ Նա նույնիսկ անձամբ բերման ենթարկեց Միքայել Սրբազանի աջակից Մհեր Խաչատրյանին՝ հավաքվածներին պարզաբանելով, թե ով է ինքը ու ինչո՞ւ է ձերբակալում։
Կարդացեք նաև
Ինչևէ, ընդդիմադիր քաղաքական գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի ասելով՝ ինքը ևս մի անգամ է առիթ ունեցել տեսնելու քրեական ոստիկանության մարզային պետին.
«Նա կարճ ժամանակահատվածում առանձնապես ոչ մի բանով աչքի չի ընկել, ու իր պաշտոնավարման ընթացքում մարզում հանցագործությունների թվի կրճատում կամ հանցագործությունների ռեալ խափանում չի գրանցվել։ Կոնկրետ ես մի անգամ եմ առիթ ունեցել իրեն տեսնել, երբ որ առաջնորդարանի առջև հավաքված ժողովրդին փորձում էր ինչ-որ կերպ ահաբեկել ու հատկանշական է, որ ինքն անձամբ էր փորձում այդ ամենն անել ու ոչ թե օրինակ՝ աշխատակիցների միջոցով։ Եթե հիշում եք ակտիվիստներից մեկին՝ Մհերին, ինքն անձամբ գրկեց ու անձամբ բերման ենթարկեց։ Մենք բոլորս տեսանք, երբ հրահանգ կար տրված Միքայել Սրբազանին ձերբակալելու, երբ առաջնորդարանում որոշակի խուզարկություն անցկացնելու, տեղի ոստիկանները ակտիվություն չցուցաբերեցին, բացառությամբ՝ Ոսկանյանի»։
Մեր դիտարկմանը՝ գուցե Արսեն Ոսկանյանը տեղացի չէ, դրա համա՞ր է անկաշկանդ, Կարապետ Պողոսյանն ասաց․ «Տեղի ոստիկանները շատ լավ հասկանում էին՝ ինչ է կատարվում ու ցանկություն չունեին տվյալ դեպքում լինել կամակատար, որովհետև բոլորին էլ պարզ էր, որ դրան հաջորդող ձերբակալությունները նպատակ ունեին հավաքական որոշակի հարցեր լուծելու։ Ես Ոսկանյանին այդ ժամանակ տեսա, նա ջանք ու եռանդ չէր խնայում, որպեսզի կարողանար վերևից տված հրամանները կատարեր։ Գուցե դրա համար են իրեն ավելի հանգիստ տեղ տանում, կամ գուցե չի կարողացել ճիշտ կազմակերպել, գուցե դրա համար են պատժում։ Չեմ կարող ասել, չեմ էլ ուզում շատ խորանալ, բայց իրականում տարօրինակ է ու զարմանալի, որ մի քանի ամիս աշխատած պաշտոնյային միանգամից տանում են Լոռու մարզ։
Հետաքրքիր է՝ Շիրակի մարզ ո՞ւմ են բերելու, որովհետև Շիրակը քաղաքական առումով ավելի ակտիվ է, քան շատ մարզեր, և այստեղ նաև հանցավորության լուրջ աճ է տեսանելի, մասնավորապես թելեգրամյան թմրանյութերի վաճառքը, նաև այլ տեսակի, բնույթի հանցագործություններ։ Իրականում չեմ կարող ասել նրան տեղափոխելն ու այլ անձի բերելը դրական կազդի՞ մարզում հանցագործության թվի նվազման առումով, թե՞ հակառակը»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ police.am