-Ռուսաստանը մեզ պաշտոնական գրություն է ուղարկել, որով տեղեկացրել է, որ այս տարվա հունիսին 27-ից արգելափակում է Հայաստանից ծաղիկների արտահանումը դեպի ՌԴ,- այսօր ծաղկեգործների հետ հանդիպման ժամանակ ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) բուսասանիտարայի վարչության պետ Արթուր Նիկոյանը:
-Մենք նման տեղեկություն չենք լսել, դուք որտեղի՞ց եք ստացել այդ տեղեկատվությունը, պաշտոնական գրությունը որտե՞ղ է, կարո՞ղ ենք կարդալ,- ՍԱՏՄ պաշտոնյային ընդհատեց ծաղկեգործ Արտակ Թովմասյանը:
-Ես տամ իմ տեղեկատվությունը,- շարունակեց ծաղկեգործ Թովմասյանը,- ամսի 11-ին ՌԴ հեռուստատեսությամբ հայտարարեցին, որ անցած տարվա համեմատ 70 միլիոն ծաղիկ է ներկրվել Հայաստանից: Երբ մեր պատկան մարմիններից խնդրեցինք ցույց տան դրանց ծագումնաբանությունը, ասացին՝ ցավոք սրտի մեր գործընեկերները չտրամադրեցին: Դրա համար ծաղիկների մեջ տեսել ենք ոչ մեր ստանդարտներին համապատասխան ծաղիկներ, արգելման մասին խոսք չկա: Վերջում ասում է՝ ընդունել ու ընդունելու ենք, արգելափակման մասին խոսք չկա: Կարող եմ ռեպորտաժն էլ ցույց տալ:
Կարդացեք նաև
ՍԱՏՄ պաշտոնյան արձագանքեց՝ շարժվում ենք պաշտոնական տեղեկատվությամբ. «Կարող են մատակարել այն արտադրողները, որտեղ կիրականացվի համատեղ աուդիտ եւ այն կազմակերպությունները, որոնց ջերմոցներն ու ծաղկային արտադրանքը կգտնեն, որ համապատասխանում է իրենց պահանջներին, տվյալ արտադրողին կթույլատրեն ներմուծել Ռուսաստան»:
-Մի հատ հարց շատ կարեւոր, 2025-ին երրորդ երկրից ծաղիկ մտե՞լ է ու ՀՀ թղթերի տակ գնացել ՌԴ,- իր հաջորդ հարցը ՍԱՏՄ պաշտոնյային ուղղեց ծաղկեգործ Թովմասյանը ու, լսելով «ոչ» պատասխանը, շարունակեց,- ներողություն եմ խնդրում, բայց հիմա կամ դուք եք սուտ խոսում, կամ ձեր ռուս գործընկերը: Որովհետեւ ասում են՝ անհայտ ծագման. եթե ես կամ, իմ ջերմոցը կա, իմ մոտից է գնացել, անհայտ ծագման ծաղիկները Արտակի ծաղիկներն են: Փակեք ջերմոցը, կարանտին հայտարարեք, ոչնչացրեք, մնացածն ինչի՞ պետք է իմ պատճառով տուժեն: Ես տեղեկացված եմ, որ երրորդ երկրից ոջլոտ ապրանքը մտել է, այդ ոջլոտ ապրանքի պատճառով մեր ապրանքն է տուժում, թափում ենք: Մեզ խցիկների առաջ փորձում եք փափուկ բարձ դնել կամ խաբում եք:
ՍԱՏՄ պաշտոնյան չհամաձայնեց ծաղկեգործի հետ, վերջինս ավելի զայրացավ. «Թուրքի ու պարսիկի ծաղիկն է ստեղից գնացել, տղամարդկություն ունեցեք ասեք՝ չի կրկնվի»:
-Բացառվում է,- վստահեցրեց պաշտոնյան: Վերջինս նաեւ վստահեցրեց, որ արգելափակումը վերանալու է փուլ առ փուլ:
Ծաղկեգործ Թովմասյանը հետաքրքրվեց. «Կառավարությունը ծրագիր է մշակել, մեզ տվել են զրոյական վարկ: Կառավարությունը ծրագիր է մշակել, ասել են եվրոստանդարտներին համապատասխան ջերմոց կառուցեք, 30-50 տոկոս հետ ենք վերադարձնում, մարդիկ հավատացել, վերցրել են: Հիմա մարդը 40 միլիոնի ապրանք, կոնկրետ հասցե կարող եմ տալ, մոտկա երեսուն օրվա մեջ թափելու է, էդ մարդկանց ո՞ր փուլում եք մտցնում»:
Մեկ այլ ծաղկեգործ ցույց տվեց կոնկրետ ծաղկի տեսակ, ասաց, որ երեք ամսում է աճում, 20 օրում էլ պետք է արագ վաճառվի, ապա հետաքրրքվեց. «Այդ 20 օրը, որ պետք է վաճառեմ, էդ ո՞ր փուլի տակ է մտնում, թափեմ, պրծնե՞մ, նոր փուլը գա՞»:
-Այնպիսի տպավորություն է, թե մենք ենք փակել, մենք ենք պայմանները դրել, արգելափակել: Հիմա սա է,- ասաց ՍԱՏՄ պաշտոնյան ու փորձեց հեռանալ:
Ծաղկեգործ Թովմասյանը նրան կանգնեցրեց. «Մի՛ գնացեք, ձեզ համար եմ խոսում : Ես այստեղ քաղաքական կոնտեքստ եմ տեսնում, որ գյուղացուն գազազեցնեք, հակառուսական սարքեք»:
Վաղը ծաղկեգործները հանդիպում են ունենալու ՍԱՏՄ ղեկավարի հետ, քննարկելու են խնդիրն ու փորձեն գտնել լուծումներ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ