Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճանաչելով Կարապետյան ընտանիքին, վստահ եմ, որ պրոֆեսիոնալ թիմ է լինելու». Շարմազանով. «Հրապարակ»

Հուլիս 15,2025 10:07

«Հրապարակի» զրուցակիցը ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն է:

– Ի՞նչ կարծիք ունեք Սամվել Կարապետյանի՝ քաղաքական հայտ ներկայացնելու մասին: Այսօր հայտարարվեց, որ Կարապետյանի առաջնորդությամբ նոր թիմ է ձեւավորվում:

– Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Կարապետյան ընտանիքի հետ` 2006 թվականից: Կարեն եւ Սամվել Կարապետյանների հետ ունեմ ջերմ հարաբերություններ: Բարձր եմ գնահատում նրանց ընտանիքի ներդրումն ազգային կյանքում: Նրանց արժեքային համակարգը, բարեգործությունները համարում եմ շատ կարեւոր: Սամվել Կարապետյանը 21-րդ դարի մեծագույն ազգային բարերարներից է: Ինչ վերաբերում է նոր ձեւավորվող թիմին, ապա այն հայտնի չէ դեռեւս, բայց, ճանաչելով Կարապետյան ընտանիքին, վստահ եմ, որ պրոֆեսիոնալ թիմ է լինելու:

– Կարապետյանի նոր թիմը չի՞ խանգարի ընդդիմությանը: Ձայներ չե՞ն տանի ընդդիմությունից:

– Մեր նպատակն իշխանության գալը չէ: Հանրապետականի նպատակն իշխանափոխությունն է` Նիկոլին հեռացնելը եւ նրա փոխարեն տեսնել մարդկանց, որոնց համար Հայաստանի Անկախության հռչակագիրը, Եկեղեցու բացառիկությունը, ազգային նպատակները լինեն բացարձակ արժեքներ: Մենք ե՞րբ ենք ասել՝ միայն մենք: Հո տրամվայ չե՞նք նստում, որ խանգարենք իրար: Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի ժամանակ ասել է` եթե Հանրապետականը պետք է ուժեղ կուսակցություն լինի, իսկ Հայաստանը որպես պետություն՝ թույլ, ապա դա սխալ է, բայց, այ, եթե Հայաստանն ուժեղ լինի, ՀՀԿ-ն՝ թույլ, այդտեղ խնդիր չենք տեսնում: Ցանկացած կուսակցություն, այդ թվում` ՀՀԿ-ն, ընդամենը միջոց է՝ պետության, հայրենիքի խնդիրները լուծելու համար: Կուսակցամոլությունը լավ բան չէ:

– Ճի՞շտ հասկացա, այս պահին ձեր օրակարգում բացառապես իմպիչմենտի գործընթացն է: Այլ անելիքների մասին չեք մտածում:

– Այս պահին միայն իմպիչմենտն է, որովհետեւ ընտրություններին կա 11 ամիս: Չենք կարող նստել ու սպասել, թե Նիկոլը վաղն ինչ է հանձնելու: Չենք կարող սպասել հրաշքի, որ նա կհեռանա իր կամքով: Կա երեք տարբերակ՝ կա՛մ ընտրություններով պետք է նա հեռանա, կա՛մ՝ իր կամքով, կա՛մ` իմպիչմենտի միջոցով: Առաջին երկու տարբերակներն այս պահին բացառում ենք: Այս 11 ամիսներին նա դեռ 50 անգամ կարող է Ալիեւի հետ աբուդաբիներում հանդիպումներ ունենա եւ աշխարհի զիջումներն անի: Այս մարդիկ արդեն Եկեղեցու դեմ են դուրս եկել, մեզ համար այս պահին ամենակարեւորը մեր ազգային արժեքների պաշտպանությունն է: Նա իշխանության է բերվել, որպեսզի մեր ազգային գաղափարներից հրաժարվենք: Արցախը հանձնեց, ցեղասպանությունից հրաժարվեց, թուրքերի հետ եղբայրություն է անում, Անկախության հռչակագրից հրաժարվեց, տակը մնաց միայն Հայ առաքելական եկեղեցին: Այժմ պետք է ազգային համախմբման գալ, պետք է կարեւորել մեր արժեքները:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031