Լրահոս
Օրվա լրահոսը

Արվեստը որպես տրավմայի տարածք․ Բեռլինում հայկական ցավը ցավ է ստեղծում

Հուլիս 15,2025 10:30

Մինչ սա հրապարակելը՝ պատմեցի եղածը ցեղասպանություն վերապրածի ժառանգ, Արցախի էթնիկ զտման ականատես ընկերուհուս։ Ես պատմում էի, ինքը՝ արտասվում։

Իննա Մխիթարյանի «Թոնրատուն» ֆիլմը չեն ընդգրկել Բեռլինի Մաքսիմ Գորկու թատրոնի Հայոց ցեղասպանությանը և Արցախին նվիրված ցուցահանդեսում։

Ցուցահանդեսը տեղի է ունեցել 2025թ․ ապրիլի 24-ից մայիսի 31-ը։ Անունը՝ «100+10 հայկական այլաբանություն»։

Մոտ 150 արվեստագետի գործ էր ներկայացված։ Հայեր ու օտարներ՝ թուրքեր, քրդեր, ռուսներ, գերմանացիներ, անգլիացիներ, հոլանդացիներ, սենեգալցիներ։

Ցուցահանդեսի համադրողներն են Վիգեն Գալստյանը և Անահիտ Բագրատյանցը։

150-ի մեջ չկա Իննայի «Թոնրատուն» վավերագրական ֆիլմը։

«Թոնրատունը» պատմում է չորս գյուղացի կնոջ մասին, որոնք լավաշ են թխում։ Բայց միացյալ պատմություն է՝ կենցաղից դուրս եկող, աբորտի ու կնոջ մարմնի մասին։ Նրանց կյանքի միջով անցնում է Հայաստանի վերջին 100 տարին՝ ցեղասպանությունից մինչև Արցախ։

Դե լավ, չեն ընդգրկել՝ չեն ընդգրկել։ «Թոնրատունն» առանց այդ էլ, որտեղ պետք է՝ հասնում է։

Բայց մի վայրկյան։ Իսկ ո՞ւմ են ընդգրկել։

Լուսանկարիչ Նազիկ Արմենակյանի աշխատանքը կա։ Հրաշալի է։

Արմենակյանը 2000-ականներին տասը տարի փնտրել, գտել ու լուսանկարել է Հայոց ցեղասպանության վերջին վերապրողներին։ Նրա «Վերապրողները» շարքը, իհարկե, պետք է լիներ ցուցահանդեսում։

«Չէ, ի՞նչ ես խոսում»,- ասում է Իննան, – «Նազիկից դա չեն ցուցադրել»։

«Բա ի՞նչ են ցուցադրել»։

«ՁԻԱՀ-ով ապրողների շարքը»։

Այսինքն՝ ո՞նց։ Ցեղասպանության ու Արցախի թեմայով ցուցահանդեսում՝ ՁԻԱ՞Հ։

Սկզբում շփոթվեցի։ Բայց հետո հիշեցի՝ սա արվեստ է։ Ու սկսեցի իմաստներ որոնել։ Խնդրեմ՝

Հայաստանում ՁԻԱՀ-ից առաջին մահվան դեպքը գրանցվել է 1988-ին։ Իսկ 1988-ին ի՞նչ էր տեղի ունենում։ Արցախյան շարժում։

Սումգայիթում ու Բաքվում ադրբեջանցիները սպանում էին հայերին։ Հայաստանում՝ ՁԻԱՀ-ն էր կյանքեր խլում։ Մի դեպքում հայերն էին անպաշտպան, մյուս դեպքում չպաշտպանվելու դեպքում է վարակն անցնում։

Մի դեպքում՝ մոռացված հին դահիճը՝ նորովի, մյուս դեպքում՝ լրիվ նոր ու անծանոթ։ Մեկը սպանում էր ըստ ազգության, մյուսը՝ առանց խտրականության։ Վերազգային վարակ է։ Սպանում է և՛ հային, և՛ ադրբեջանցուն։

Ադրբեջանական դահիճը ֆաշիստ է՝ զոհին ընտրում է ազգությամբ, իսկ ՁԻԱՀ-ը՝ հավասար վերաբերմունք ունի։ Ոչ մի խտրականություն, ոչ մի ռասիզմ ու զենոֆոբիա։

35 տարի անց աշխարհում նոր իրողություններ են։ Այժմ ՁԻԱՀ-ից չեն մահանում, կարող ես չպաշտպանվել, բայց կվարակվես։ Հայերին նույնպես համոզում են չպաշտպանվել, բայց կգաղթես։

ՁԻԱՀ-ով սկսվեց Արցախի ազատագրումը, Արցախը հանձնելով՝ ավարտվեց ՁԻԱՀ-ը։

Բացի դա, ցեղասպանությունն ու ՄԻԱՎ-ը մի ընդհանուր բան ունեն՝ ոչ մեկը չի բուժվում։ Բայց երկուսն էլ հնարավոր է՝ թեթևացնել։

Հետևաբար ի՞նչ տարբերություն՝ ՄԻԱՎ վերապրողների ու ցեղասպանություն վերապրողների միջև։ Ցավը մեջիցդ դուրս չի գալիս, բայց լինում է թեթևացնել։

Այս ցավի անբուժելի, բայց փոխանցվող բնույթն է, որ բերում է մեզ ցուցահանդեսի առանցքային հարցին՝

«Ի՞նչ է նշանակում պատմական տրավման բերել ներկայի բեկորների մեջ։ Ինչպե՞ս կարող է արվեստը օգնել անցում կատարել դեպի անկատար ապագան, որ հաջորդում է ցեղասպանությանը, տեղահանությանը և կորստին»։

Առաջին հարցի՝ տրավման բեկոր-բեկոր ներկա բերելու պատասխանը պարզ է։

Պատմական տրավման ներկա բերելը նշանակում է վերցնել նախնիներիդ ցավը, նրանց հանդեպ գործված անարդարությունները ու այդ ցավն ու պատասխանատվությունը վերցնել քո վրա։ Ասել՝ ես ապրում եմ, որ ձեր հանդեպ արդարությունը վերականգնեմ, ու չվախենալ, որ ձեր ցավի բեկորները խրվեն իմ մարմնի ու հոգու մեջ։

Անցնենք երկրորդ հարցին. Ինչպե՞ս կարող է արվեստը օգնել անցում կատարել ապագա՝ անցած կորստից հետո։

Ցուցահանդեսի համադրողը հրավիրում է թերապիայի։ Ուզում է օգնել՝ հաղթահարել տրավման, առաջ շարժվել։

Բայց նախ պետք է հասկանամ՝ տրավմա ունե՞մ, թե՞ ոչ։ Դա հասկանալու համար էլ՝ պետք է իմանամ՝ ինչ է տրավման։

Տրավման խորը բացասական իրադարձության թողած խանգարող ազդեցությունն է։ Երբեմն՝ հիվանդագին հետևանքներով, երբեմն՝ վարքի շեղումներով։

Կարճ ասած՝ հետդ մի վատ բան է եղել, ու որի պատճառով կարող է գիժ-գիժ բաներ անես։

Իմ նախնիների ցեղասպանության պատմությունները իմ մեջ տրավմա՞ են առաջացրել։

Հավանաբար՝ ոչ, քանի որ վարքի վրա ոչ թե բացասաբար, այլ դրական են ազդում։ Օրինակ՝ պայքարում ես ճանաչման ու արդարության համար, ձեռք ես բերում դաշնակիցներ, գիտելիք, փորձ։ Ձևավորվում են պաշտպանական ռեֆլեքսներ և սովորում ես ճանաչել դահիճին, զգուշանալ, ինչպես կծան շանն է ճանաչում երեխան ու զգուշանում։

Իմ սերնդի տրավման սկսվում է 2020-ի ահաբեկչությամբ։

Երբ նոյեմբերյան պարտությունից հետո իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հրաժարական չտվեց։ Շարունակեց գործել՝ հենվելով աջակիցների հոծ զանգվածի վրա։ Այդ աջակիցների թվում էր նաև ցուցահանդեսի համադրող Վիգեն Գալստյանը։

Շուշին, Հադրութը, Քարվաճառը, հետո Քարագլուխը, Փառուխը, հետո Բերձորը, Աղավնոն, Սուսը, հետո Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը՝ բոլորը քայլ առ քայլ հանձնվեցին ու հայաթափվեցին։ 19 հայ խոշտանգվեցին ու սպանվեցին, նրանցից չորսը կին էին։ Մարդիկ սովում էին, հիվանդները մահանում, կանայք վիժում ու երեխաներին մահացած հայտնաբերում։ Ադրբեջանի վերահսկողության տակ սկսվեց հայկական եկեղեցիների ու արվեստի ժառանգության համակարգված ոչնչացում։

Իսկ Վիգեն Գալստյանը շարունակեց մնալ ՔՊ-ի կողքին։

Եվ մինչ նա աջակցում էր հայաթափողին՝ մենք ապրում ու վերապրում էինք այս ամենը։ Տրավմայի մեջ էինք։ Բայց դա սովորական տրավմա չէր։

Դա տրավմա էր, որ կրկնվում էր օրեցօր՝ որովհետև գիտեինք, թե ինչ է գալու վաղը։ Եթե Շուշիի ու Հադրութի 20 հազար էթիկ զտման ենթարկվեն, զտվելու են Աղավնոյի ու Բերձորի հայերը, եթե նրանք զտվեն, զտվելու է ամբողջ Արցախի 150 հազար հայերը, եթե Արցախինը զտվեն։

Դա բազմապատկվող տրավմա էր, որովհետև նրանք, ովքեր պետք է օգնեին, որ էթնիկ զտումներ չլինեն, աջակցում էին զտողին։

Վիգեն Գալստյանի նման արվեստի գործիչները, իշխանության կողքին կանգնելով, խորտակում էին դիմադրության այն սահմանը, որ կարող էր կանխել տրավման։ Նրանց ներկայությամբ նրանք լեգիտիմացնում էին ոչ միայն արհավիրքը, այլև դրա շարունակումը։

 

Հիմա Գալստյանը հավաքել է 150 արվեստագետ ու Բեռլինում հարցնում է՝ հնարավո՞ր է արվեստով անցում կատարել տրավմայից դեպի ապագա։

Ես էլ եմ ուզում գտնել այդ հարցի պատասխանը։ Դրա համար ստիպում եմ ինքս ինձ մոռանալ Գալստյանի կերպարը, որպեսզի կարողանամ մտնել այդ հարցի տարածք ու տեսնել՝ ի՞նչ են արել։ Բայց հենց մտնում եմ՝ տրավման վերադառնում է, վարքս խանգարվում է, ատամներս կծում եմ, վրեժի ցանկությունը խփում է ուղեղիս։

Չեմ կարողանում նայել նրա ընտրած գործերին, քանի որ կրկին հանդիպում եմ անունների, որոնք այս յոթ տարիների ընթացքում զբաղված են եղել իմ ու մեր տրավմաների խորացմամբ։ Դեմքեր են, որոնք մեզ լքել էին ամենավտանգավոր պահին, իսկ հիմա արվեստով են զբաղվում մեզ վերաբերող հարցերի շուրջ։

Մեկը նկարիչ Կարեն Օհանյանն է՝ բացահայտ հանձնման կողմնակից։ Վերջին անգամ, երբ հետը խոսեցի, ասացի՝ եթե այս իշխանությունը մնա, Արցախում հայ չի մնա, պատասխանեց՝ «հա բա պիտի դուրս գան, բա իրանցը չի»։ Հիմա նրա գործերն են դրված տրավմայի հաղթահարման ցուցահանդեսում։ Գալստյանը, Օհանյանին ներառելով ցեղասպանության ցուցահանդեսում, հիշեցնում է, որ թուրքերը Եղեռնի որբերին ստիպում էին նկարվել Թալեաթ փաշայի նկարի հետ։

Հաջորդը՝ Արմեն Օհանյանը՝ Արմեն Հայաստանցի։ ՔՊ-ի գաղափարախոսներից, խոսքի ազատության PEN-ի հայաստանյան կառույցի ղեկավար։ Նրա «հայաստանցի» մականունի մեջ ապրում է սփյուռքից ու Արցախից հրաժարման գաղտնիքը։ Ճիշտ հայը նա է, ով միայն Երևանում է ապրում։ Մնացածը՝ զտման ենթակա։ Ինչպես Թուրքիան Էնվերին է փառաբանում, առանց ցեղասպանությունը ճանաչելու, այնպես էլ համադրողը տոնում է Արմեն Հայաստանցուն՝ առանց Արցախի էթնիկ զտման ակունքները տեսնելու։ Գալստյանը, Հայաստանցուն ներառելով, հիշեցնում է, որ ցեղասպանը մի տրավման հասցնելուց հետո արագ անցնում է մյուսին։

Ինչպես ցեղասպանական խառնվածքով պետությունները օր ու արև չեն տալիս զոհին, այնպես էլ այս ցուցահանդեսի մասնակիցները թույլ չեն տալիս ուշքի գալ ու հաջորդ անունը կարդալով, կրկին սկսվում են հոգեխանգարումներ։

Հետո՝ Լարա Ահարոնյան։ Կանանց իրավունքների պաշտպան, բայց ընտրողաբար։ Երբ արցախցի կանայք ճնշման տակ էին, նա նրանցից շատերին ու նրանց իրավունքների համար պայքարողներին անվանեց միսոջինիստ ու ֆաշիստ։ Իր համար կանայք լինում են «սև» ու «սպիտակ»։ Սևերը՝ նրանք են, ովքեր դիմադրում են իշխանությանը և նրա կուսակցությանը․ Ահարոնյանը ՔՊ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ է։

Տրավման շարունակում է խորանալ։ Հաջորդը՝ Մել Դալուզյան։ Սեռափոխ ծանրորդ, հեռացել է երկրից ճնշումների պատճառով։ Նրա մասին ֆիլմ է ցուցադրվում որպես ճակատագրի հաղթահարման խորհրդանիշ։ Բայց երբ արցախցի կանայք նրան օգնության էին կանչում՝ 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո, պատասխանում էր՝ «Քեզ պետք ա Արցախդ, դու էլ գնա պահի»։

Նրանք լքեցին Արցախը, հետո վերադարձան՝ օգտվելու Արցախից։ Սկզբում լռեցին կամ սատարեցին զտմանը, հիմա վայելում են դրա հուշարձանային մարսումը։ Հայաթափման գեղագիտությունը նրանց թույլ է տալիս վայելել ցավի փառքը։

Հնարավո՞ր է արդյոք վերանալ անուններից, մուտք գործել համադրողների տարածք և ուսումնասիրել գործերը, առանց անունների կշռադատման, այսինքն՝ խոսելու արվեստի մասին, այլ ոչ թե արվեստագետների։

Այո, հնարավոր է, բայց միայն եթե ինքդ այդ տրավմայի՝ Արցախի և Հայոց ցեղասպանության ժամանակակից քաղաքական կոնտեքստի անմիջական վերապրողը չես։ Անունները պարզապես հղում չեն կատարում ստեղծագործողին, դրանք անբաժանելի են տրավմայից՝ հենց նրանց միջոցով է ձևավորվում տրավման։

Կարո՞ղ է արվեստաբանը հաշվի չառնել այդ իրականությունը։ Կարող է, բայց այդ դեպքում նա ոչ թե Հայոց ցեղասպանության ու Արցախի թեմային ցուցադրություն է կազմակերպում, ոչ թե թերապևտի դեր է ստանձնում և խոսում համընդհանուր տրավմայի մասին, որտեղ կամ նաև ես, այլ պարզապես անում է իր անձնական «տուսովկի» ցուցադրությունը՝ հանգիստ թողնելով այդ ցավի բեկորները ժառանգածներին ու վերապրողներին։

Թե՞ ինչպես արվեստագետ Լարա Ահարոնյանի համար կան սև ու սպիտակ կանայք, այնպես էլ Վիգեն Գալստյանի համար կան սև ու սպիտակ տրավմա վերապրողներ։ Եվ հենց տրավմատու սպիտակ արվեստագետների ներկայությունն է պատճառը, որ «սև» կնոջ՝ Իննա Մխիթարյանի «Թոնրատուն» ֆիլմը չի ընդգրկվել ու ցուցահանդեսը վերածվել է ձևի մաքուր գործողության, որտեղ արգելքներ չկան, բայց ոչ էլ իրական հնարավորություն կա։

«Արվեստագետը, կտրվելով ճշմարտությունից, հայտնվում է մի դաշտում, որտեղ արգելքներ չկան, բայց իրական հնարավորություններ էլ չկան։ Արվեստը վերածվում է անպատասխանատու խաղի՝ ձևի մի մաքուր գործողության, որն այլևս չի կարող որևէ կերպ առնչվել մարդու բարոյական կամ քաղաքական ճակատագրին»

— Ջորջո Ագամբեն, «Մարդն առանց բովանդակության»

 

 

Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. A. says:

    Ինչ ահավոր անարդարություն, փաստորեն իշխանամետ արտիստները, որ օրինականացրել են մեր տրավմաների աղբյուրն ու պատճառը, հիմա էլ տրավմաների բուժման առաքելությու՞ն են ստացել: Արվեստի պատմությունը նրանց աղբանոց կշպրտի:
    Մյուս կողմից էլ` փաստորեն իշխանամետ արվեստագետների դյուքան են բացել Նիկոլի սազանդարները:

Պատասխանել A.

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031