Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում կշարունակվեն Ռուբեն Վարդանյանի գործով լսումները. նա և մյուս հայ գերիները զրկված են իրենց անմեղությունն ապացուցելու հնարավորությունից

Հուլիս 15,2025 11:47

Բաքվի ռազմական դատարանում այսօր կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դատական ֆարսի հերթական՝ 26-րդ նիստը:

Նախորդ շաբաթ փաստաբան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը ծավալուն փաստաթուղթ էր հրապարակել՝ ներկայացնելով  բոլոր այն իրավախախտումները, որոնք Ռուբեն Վարդանյանի նկատմամբ իրականացվել են թե՛ նախաքննության, թե՛ «դատավարության» ընթացքում:

«Արդյունքում ստեղծվել է հիմնովին անարդար դատավարական իրավիճակ, որտեղ պաշտպանվող կողմը զրկված է մեղադրանքները վիճարկելու կամ իր անմեղությունն ապացուցելու իրատեսական որևէ հնարավորությունից։ Նման պայմաններում արդար դատաքննության հասկացությունն ինքնին վերածվում է ձևականության՝ զուրկ որևէ բովանդակությունից», -ընդգծել էր Սահակյանը։

Փաստաթղթում արձանագրվում էր, որ այդ խախտումներն անհնար են դարձրել Ռուբեն Վարդանյանի համար արդյունավետ պաշտպանության իրականացումը: «Այս խախտումներն ստեղծել են մի իրավական միջավայր, որտեղ նա փաստացի զրկված է իր դեմ առաջադրված մեղադրանքները վիճարկելու կամ արդարացնող ապացույցներ ներկայացնելու իմաստալից որևէ հնարավորությունից»,-ասվում է  հրապարակված փաստաթղթում:

Թեև մյուս գերիների մասով հնարավոր չէ թեկուզ փոքր տեղեկություն ստանալ, սակայն կասկած չկա, որ նույն իրավիճակն է նաև նրանց պարագայում:

Free Armenian Prisoners կայքը պարբերաբար հրապարակում է Ռուբեն Վարդանյանի գործի լսումների արդյունքները՝ հիմք ընդունելով տեղացի փաստաբան Աբրահամ Բերմանի՝ ընտանիքին փոխանցած տեղեկությունները:

Նախորդ՝ հուլիսի 8-ին կայացած նիստում Ռուբեն Վարդանյանն ու նրա փաստաբանը կրկին դատական նախկին որոշումների քաղվածքներին ծանոթանալու միջնորդություն էին ներկայացրել, որոնք չեն բավարարվել:

Նիստի մյուս հատվածում ենթադրյալ տուժողներն վկայություններ են տվել  ռազմական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքների մասին: Ինչպես նախորդ լսումների ժամանակ, ցուցմունք տված անձանցից ոչ մեկը Ռուբեն Վարդանյանի հետ անձամբ ծանոթ չի եղել: Բոլորը նշել են, որ նրա մասին լսել են միայն լրատվամիջոցներից կամ սոցիալական ցանցերից: Նկարագրված դեպքերի հետ Ռուբեն Վարդանյանին կապող փաստական որևէ ապացույց չի ներկայացվել։

Ռուբեն Վարդանյանը և մյուս 22 հայ գերիներն արդեն շուրջ  656 օր ապօրինի կալանավորված են Բաքվում: Միջազգային հանրությունը և իրավապաշտպան կազմակերպությունները բազմիցս պահանջել  են անհապաղ կերպով և անվերապահորեն ազատ արձակել հայ քրիստոնյա քաղբանտարկյալներին և ռազմագերիներին։

Free Armenian Prisoners

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031