Լրահոս
Օրվա լրահոսը

Այն, ինչ նա կոչում է «խաղաղություն», դիվանագիտական ձեռքբերում չէ, այլ՝ պետական ձախողման պաշտոնական փաստաթուղթ. Օսկանյան

Հուլիս 15,2025 16:23

Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հանձնախմբի աշխատանքները համակարգող, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը

Անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Աբու Դաբիում։ Թեև հանդիպումը ներկայացվել է մշուշոտ դիվանագիտական բառապաշարով և մշակված պաշտոնական հայտարարություններով, դրա հետևանքները սկսում են արդեն պարզ դառնալ։ Ամեն ինչից ակնհայտ է՝ Փաշինյանը համաձայնել է այսպես կոչված «միջանցքին»՝ Սյունիքի մարզով անցնող մի նախագծի, որը փաստացի նշանակում է հայկական տարածքի ինքնիշխան վերահսկողության փոխանցում արտաքին ուժի։ Սա մանրուք չէ, այլ լուրջ ռազմավարական ու քաղաքական զիջում՝ ուղիղ հարված Հայաստանի տարածքային ամբողջականությանը և հերթական ճեղք՝ մեր պետության արդեն իսկ փխրուն հիմքերում։

Այժմ Փաշինյանը մեկնել է Բրյուսել և Փարիզ՝ ենթադրաբար այս խիստ խնդրահարույց գործարքի համար եվրոպական աջակցություն ստանալու նպատակով։ Սակայն ոչ մի արևմտյան ժպիտ կամ բեմադրված լուսանկար չի կարող փոխել այս նախաձեռնության էությունը։ Իր բովանդակությամբ այն աղետ է Հայաստանի երկարաժամկետ ինքնիշխանության և ազգային անվտանգության համար։

Փաշինյանի մղումը պայմանավորված չէ խաղաղության համարձակ տեսլականով կամ տարածաշրջանային հաշտեցման սկզբունքային հանձնառությամբ։ Այն շատ ավելի ցինիկ է՝ և շատ ավելի անձնական։ Նրա հիմնական նպատակն 2026-ի ընտրություններից առաջ Ադրբեջանի հետ «խաղաղության համաձայնագրի» ապահովումն է։ Այս նեղ քաղաքական նպատակին հասնելու համար նա պատրաստ է զոհաբերել ոչ միայն տարածք, այլև արժանապատվություն, արդարություն և հայ ժողովրդի պատմական հիշողությունը։ Այն, ինչ նա կոչում է «խաղաղություն», դիվանագիտական ձեռքբերում չէ, այլ՝ պետական ձախողման պաշտոնական փաստաթուղթ։ Ձախողում՝ Արցախը պաշտպանելու։ Ձախողում՝ հայ կյանքերը պաշտպանելու։ Ձախողում՝ ազգային շահը պաշտպանելու։

Նույնիսկ եթե նման համաձայնագիրը կարող է ժամանակավոր հանգստություն ապահովել՝ ինչը խիստ կասկածելի է, այն չի կարող փոխհատուցել արդեն կրած տարածքային, մարդկային և բարոյական ահռելի վնասները։

Իրականում, այն յոթ տարիներին, ինչ Նիկոլ Փաշինյանը իշխանության է, նա առաջնորդել է Հայաստանի նորագույն պատմության ամենամեծ ազգային աղետը։ Նրա ղեկավարությամբ Հայաստանը ոչ միայն հող է կորցրել, այլ նաև վստահություն, ռազմավարական խորություն և դիրք միջազգային ասպարեզում։

Ինչ էլ որ բերեն առաջիկա ամիսները, մեկ բան ակնհայտ է և անխուսափելի՝ օրվա իշխանությունը չպետք է որևէ դեր ունենա Հայաստանի ապագան ձևավորելու հարցում։ Նրանք բազմիցս ապացուցել են՝ անկարող են առաջնորդել հայ ժողովրդին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031