«Մենք հույս ունենք, որ վերջիվերջո կգա մի պահ, եւ արդար որոշում կկայացվի։ Այսինքն՝ որոշում, որը քաղաքականապես մոտիվացված չի լինի»,- «Առավոտին» ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀԷՑ-ի վերաբերյալ Սահմանադրական դատարան ներկայացրած իրենց դիմումին։
Նշենք, որ ԱԺ ընդդիմադիր երկու՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել են Սահմանադրական դատարան՝ ՀԷՑ-ի պետականացման մասին օրենքը հակասահմանադրական ճանաչելու հարցով։ Խորհրդարանական ընդդիմությունը նաեւ միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ կասեցնելու օրենքի գործողությունը, մինչեւ որ ՍԴ-ն վերջնական որոշում կկայացնի այս գործով։
Պատգամավոր Արթուր Խաչատրյանի խոսքով՝ ՀԷՑ-ի խնդիրը շատ ավելի սկզբունքային հարց է։ «Կառավարությունը կարող է ունենալ մասնաբաժին որեւէ ընկերությունում․ եթե պետությունը ներդրում է կատարում, ձեռք է բերում մասնաբաժին ազատ շուկայական գնով, ռազմավարական կառավարման մեջ իր մոտեցումներն է ներառում, որ ձեռք բերի մասնաբաժինը, դա հասկանալի է։ Իսկ այստեղ մենք ունենք իրավիճակ, երբ ակտիվները խլվում են ներդրողից»,- ասաց նա։
Ըստ Խաչատրյանի՝ սա բացասական է ազդում Հայաստանի ներդրումային գրավչության վրա․ «Սա չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ Հայաստանում ընդհանուր ներդրումային իրավիճակի վրա։ Արդեն մենք տեսնում ենք, որ օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքը բացասական է, այսինքն՝ ներդրումների արտահոսք ունենք։ Այս դեպքում էլ իրավիճակը շատ ավելի կվատթարանա։ Ո՞ր ներդրողը պատրաստ կլինի ներդրում կատարել, եթե մի ռեպլիկի պատճառով մարդուն զրկում են իր ունեցվածքից»։
Կարդացեք նաև
ՀԷՑ-ի պետականացման մասին օրենքն Ազգային ժողովն ընդունեց այն բանից հետո, երբ «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանն Հայ Առաքելական եկեղեցուն սատարող հայտարարություն անելուց հետո կալանավորվեց։
Այնուհետեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մերժեց ՀԷՑ-ի՝ 7 մլրդ լրացուցիչ ներդրում կատարելու մասին առաջարկը։
Արթուր Խաչատրյանի խոսքով՝ ՀԷՑ-ի ներդրումային հայտի մերժումը ակնհայտ քաղաքական նպատակ ունի, եւ քաղաքական խնդիրը տնտեսական հարթություն տեղափոխելն անիմաստ է։
«Երկրորդ, որպես ձախակողմյան կուսակցության ներկայացուցիչ եւ ձախակողմյան գաղափարների կրող, ես, իհարկե, չեմ ընդունում, որ պետությունն ավելի վատ տնտեսավար է, քան մասնավորը։ Սակայն մենք տեսել ենք, որ այս իշխանությունները ձախողել են իրենց բոլոր տնտեսական նախաձեռնությունները։ ԱՆԻՖ-ը մի կողմ, «Ֆլայ Արնան» երկրորդ։ Այնպես որ ես օբյեկտիվորեն չեմ տեսնում որեւէ նախադրյալ, որ այս իշխանությունները կկարողանան ՀԷՑ-ն ավելի լավ տնօրինել, քան ներդրողը։ Բայց, կրկնում եմ, սա քաղաքական խնդիր է եւ չի կարելի տեղափոխել տնտեսական հարթություն։ Պարզ է, որ փորձելու են Սամվել Կարապետյանին զրկել իր էական ակտիվից Հայաստանի Հանրապետությունում, ժամանակավոր ինչ-որ լուծում են գտնելու, հետո պետք է իրենց սրտին մոտ ինչ-որ օլիգարխի հանձնեն։ Չեմ բացառում, որ իրենց սրտին մոտ օլիգարխը թուրքական անձնագիր ունի, որովհետեւ չմոռանանք, որ երբ իշխանություններն իրենց գրոհը սկսեցին ՀԷՑ-ի դեմ, Հայաստանի ՏԿԵ նախարարը հանդիպել էր Թուրքիայի իր գործընկերոջ հետ, եւ քննարկել էին էներգետիկ բնագավառում համագործակցության հարցեր»,- ասաց Արթուր Խաչատրյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ