Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը
Մի քանի օր է՝ ինչ իշխանականները հրճվանքի մեջ են ևս երկու հուշարձան ՅՈՒՆԵՍԿՕ-ի համամարդկային ժառանգության ՆԱԽՆԱԿԱՆ ցանկում ներգրավվելու համար։
Որպես տարիներով այս ուղղությամբ պետական պասիվությունը քննադատող մարդ, մի քանի նկատառում.
Թե՛ Գառնիի, թե՛ Երևանի ուրարտական ժառանգության (Կարմիր բլուր և Էրեբունի) ներառումը ՆԱԽՆԱԿԱՆ ցանկում շատ վիճահարույց է և ունի հստակ քաղաքական պատճառներ։ Դա նախ արդյունք է վերջերս հաստատված մշակութային հայեցակարգի որտեղ համաշխարհային արժեք ունեցող միջնադարյան հայկական հոգևոր ճարտարապետության փոխարեն, որն իրապես համամարդկային արժեք ունի, կարևորվում է գրեթե չպահպանված ու միայն տեղական արժեք ունեցող պաշտպանական կառույցներ։ Ասածս ամենևին չի նշանակում Երևանի տարածքում պահպանված հնավայրերն ու Գառնիի տաճարը չպետք է հանրահռչակվեն կամ պահպանվեն, այլ այն միանշանակ հանդիսանում է հերթական իշխանական մանրախնդրության արդյունք՝ ընդդեմ հայոց եկեղեցու։ Այն Արարատ-Արագած, պատմական-իրական, ազգային-պետական էժան ու մանիպուլյատիվ խոսույթը ծնունդ է, որը հակադեմոկրատական կառավարման շրջանակում առանց մասնագիտական ու հանրային քննարկման դարձել է պետական քաղաքականություն։
Կարդացեք նաև
Այս ամենին ավելանում է այս երկուսի ու նաև նախորդ տարի նույն ՆԱԽՆԱԿԱՆ ցանկում ներգրավված Ծիրկատարի հնավայրը, որոնք նույնպես ժխտում են հայկական միջնադարյան համաշխարհային նշանակության հոգևոր ժառանգությունը։
Ավելին, դրանք բոլորը հերթական թող փչելու պոպուլիստական քայլերից են. նախնական ցանկը դեռ չի նշանակում այն ներառվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համամարդկային ժառանգության ցանկում։ Դրան հաջորդող հիմնական կարգավիճակն արդեն լուրջ ու հետևողական աշխատանք է ենթադրում։ Դրա համար անհրաժեշտ է լուրջ քաղաքային ու կենսապատկերի (լանդշաֆտ) պլանավորում, պահպանության կառավարման պլան (որը եթե չեմ սխալվում մշակվել է միայն Սևանի գրողների տան համար մեր կողմից 2016 թվականին), հստակ պահպանական քաղաքականություն։ Հատկապես վերջինի մասով գրեթե վստահ եմ անարդյունք ընթացք է լինելու։ Հսկայական քանակության քանդման աշխատանքներ պետք է իրականացվեն տվյալ պատմական տարածքները պատշաճ վիճակի բերելու համար, տեղում բազմաթիվ ընտրական շահեր պետք է զոհաբերվեն և այլն։ Հիշեցնեմ դեռևս 1990-ականներից նախնական կարգավիճակով չորս պատմական տարածքներ (Դվին, Նորավանք, Տաթև և Երերույք) այդպես էլ չեն ընդգրկվել հիմնական ցանկում նշածս պատճառներով։
Վիճահարույց լինելու մասով պետք է նշել, որ ներկա մասնագիտական շրջանակներում Գառնիի և Էրեբունի վերականգման ժամանակ կատարված միջամտությունները չեն համարվում ընդունելի, ուստի հետագա փուլերում մենք բախվելու ենք լուրջ խնդիրների և դրանք շարունակելու են երկար ժամանակ մնալ նախնական ցանկում։
Այնպես որ, պետք չէ զոհ գնալ այս հերթական պոպուլիստական քայլին. Հայաստանում ժառանգության պահպանությունը շարունակում է լինել խայտառակ վատ, ինչպես նախկինում, ուղղակի դրան ավելացել են ոլորտում հայտնի ազգակործան խոսույթներն ու դիլետանտիզմը։