-Էդ ամեն ինչը կեղծիք է, ով որ հրապարակում է, դրանց բոլորին դատի եմ տալու կեղծիքի ու զրպարտանքի համար: Հիմա ուղղակի դրա ժամանակը չունեմ, գնում եմ պատգամավորների երաշխավորագրերը տանեմ դատարան: Էդ ամեն ինչի հետեւից գնալու եմ, դրան էլ ձեռքերս կհասնեն, այնպես չէ, որ թողնելու եմ անպատիժ մնան ստախոսներն ու կեղծարարները,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Լիաննա Հարությունյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը՝ մեկնաբանելով իր պաշտպանյալին կալանավորելու որոշումը եւ դրան նախորդած իրադարձությունները:
Մասնավորապես, ըստ դատական ակտի՝ այս տարվա հունիսի 16-ին՝ ժամը 16:30-ին, նշանակված դատական նիստին առանց հարգելի պատճառի Լիաննա Հարությունյանը չի ներկայացել, դատարանը նրա նկատմամբ կիրառել է դատավարական սանկցիա՝ վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելը։ Սակայն հուլիսի 8-ին Հարութունյանը դատարան չի ներկայացվել, քանի որ չի հայտնաբերվել իր բնակության հասցեում, իրեն զանգահարած ոստիկանության ծառայողին էլ ասել է՝ իրեն չանհանգստացնեն, ինքը չի պատրաստվում ներկայանալ դատարան։
Ըստ դատական ակտի՝ Հարությունյանն այսպես շարունակ չի ներկայացել դատարան, չի բացել տան դուռը եւ հաշվի առնելով նրա այդ վարքագիծը, դատարանը բացակայելու արգելքի ձեւով կիրառած խափանման միջոցը փոխել է տնային կալանքով ու ամենավերջում կալանքով:
Հիշեցնենք, որ Լիաննա Հարությունյանը մեղադրվում է «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի ռեկտոր Վաղարշակ Մադոյանի և պրոռեկտոր Դավիթ Մադոյանի հետ Հնդկաստանի 16 քաղաքացիների անօրինական միգրացիան կազմակերպելու համար:
Կարդացեք նաև
-Ընդամենը մեկ դատական նիստին ներկա չի եղել, այն էլ մեծ հարցական է՝ այդ նիստի մասին ծանուցված եղե՞լ է, թե՞ ոչ: Նիստին չներկայանալու պատճառը նաեւ նշված է եղել, որովհետեւ նախորդ նիստերին ներկայացել է ու իր պաշտպանը, քանի որ նիստերին ներկա չի եղել, իրեն վտանգված է զգացել: Այդ ձեւով է իր բողոքն արտահայտել, որ խնդրում եմ՝ ինձ ապահովեք պաշտպանով, որ կարողանամ մասնակցել դատական նիստերին: Մեկ դատական նիստի չի գնացել: Դրանից անմիջապես հետո դատարանն անցել է ռեպրեսիվ մեխանիզմի կիրառման, որի վերաբերյալ Լիաննան որեւէ մասնակցություն չի ունեցել, իր պաշտպաններն էլ մասնակցություն չեն ունեցել,- պատմեց Զարուհի Փոստանջյանը՝ շարունակելով,- Առանց ծանուցման՝ երբ է հաջորդ նիստը, դատարանը բերման ենթարկելու որոշում է կայացրել: Այդ որոշումից հետո մեկ այլ որոշում է կայացրել՝ չլսելով Լիաննային: Եթե փոխում է իր բացակայելու արգելք խափանման միջոցը, այլ խափանման միջոց կիրառելու հնարավորությունները կամ անհնարինությունը, ինքը պետք է պարտադիր լսված լիներ, որովհետեւ դատարանը տեղեկացված էր, որ նա ունի 8 ամսական երեխա ու այլ անչափահաս երեխաներ:
Օգտվելով Լիաննայի պաշտպան չունենալու հիմնարար իրավունքից, չապահովելով նրա՝ պաշտպան ունենալու հիմնարար իրավունքը՝ նրան դրել են անելանելի վիճակի մեջ: Արագորեն, իրար հետեւից առանց ծանուցելու, նրան լսելու ու հաշվի առնելու, թե այլ խափանման միջոցը կաշխատի՞ կամ արդյո՞ ք խախտվել է խափանման միջոց բացակայելու արգելքը: Որովհետեւ Լիաննան փախե՞լ է, իրենց հետ կապ չի՞ հաստատել: Իրենք ստում են, որոշման մեջ գրում են, որ տեսադաշտից դուրս է եղել, բայց միաժամանակ գրում են, որ մենք ունեցել ենք հեռախոսազրույց, այցելել իրենց տուն: Ասում են՝ չի բացել դուռը, հետո ուշացումով է բացել: Այսպիսի ձեւակերպումներ են գրել: Դուռ բացել-չբացելը չի նշանակում, որ ինքը տեսադաշտից դուրս է, կարող է մարդը համապատասխան տեղում բնական կարիքները հոգալիս է եղել, մի տասը րոպե ուշ բացի: Իրականում Լիաննայի հետ լավ էլ կապ ունեցել են: Վերջին ծանուցումը ուղարկել են Լիաննայի WhatsApp-ին: Մշտապես կապի մեջ են եղել, բայց քանի որ իրենց պետք էր, որ ստեղծեին հիմքեր, որ հիմա այսպես խեղաթյուրեին, ընդամենը այսպիսի կիսատ-պռատ գործողություններով հիմքեր են ստեղծել, որ կիրառեն ռեպրեսիվ ամենածայրահեղ տեսակը՝ երեք ամսով կալանք: Լավ, 3 ամսով ինչո՞ւ ես որոշել կալանավորել, բա դու չես լսել Լիաննային, բա երեք անչափահաս երեխաների հանգամանքը: Այդ կալանավորված կինը, որ երեխայի հետ պետք է գտնվի բանտախցում, ո՞նց է գալու նիստերին: Երեխային հետը պետք է բերի՞ նիստին ու մասնակցի: Այս դեպքում կարո՞ղ են դատական նիստերը կայանալ կամ տեղի ունենա արդար դատաքննություն»:
Ըստ Փոստանջյանի՝ դատարանը կալանքի որոշմամբ խոչընդոտում է արդար դատաքննությունը եւ անելանելի վիճակ է ստեղծել, որ երեք ամիս Լիաննա Հարությունյանը չի կարողանա մասնակցել նիստերին:
Ի դեպ՝ Փոստանջյանն արդեն մի շարք պատգամավորների երաշխավորագրեր՝ խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ, ներկայացրել է դատարան:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Երանի թէ ուրիշ անձ մը լինէր այդ խեղճ, կալանաւորուած տիկնոջ փաստաբանը: Այն ատեն, կարելի էր լրջօրէն լսել թէ ի՞նչ է ասում (թէ ինչ է ասում՝ փաստաբանը, ոչ թէ բանտարկուած տիկինը…) :
Իսկ թէ որ «դրան էլ ձեռքերս կհասնեն», աղմկոտ գործընկերուհի, ձեր ձեռքերը, տարինե՜ր շարունակ, ոչ մի բանի էլ չհասան, բացի՝ Փաշինյանին առջեւ ճանապարհը բանալէ ու հարթելէ, դէպի իշխանութիւն:
Հիմա էլ, նոյն մէթոտներով կը կարծէք որ պիտի կարենաք ի՞րմէ ձերբազատուիլ… դեհ, յաջողութիւն ուրեմն…
Մ. Հայդուկ Շամլեան