Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի ռազմական դատարանին մի քանի միջնորդություններ է ներկայացրել, որոնք բավարարվել են, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Մինվալ»-ի փոխանցմամբ՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ և դատավորներ Անար Ռզաևի և Ջամալ Ռամազանովի (պահեստային դատավոր՝ Գյունել Սամեդովա) կազմով կայացած բաց դատական նիստում Ռուբեն Վարդանյանին «տրամադրվել է թարգմանիչ այն լեզվով, որով նա խոսում է՝ (ռուսերեն)»։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ պաշտպանական կողմը նախկինում միջնորդություն էր ներկայացրել նիստի արձանագրությանը ծանոթանալու վերաբերյալ ու խնդրել, որ իր փաստաբան Աբրահամ Բերմանին հնարավորություն տրվի ծանոթանալ նիստի արձանագրությանը առանց իր ներկայության։ Դատավոր Զեյնալ Աղաևը հայտարարել է, որ միջնորդությունը բավարարվում է։
Ռուբեն Վարդանյանը խնդրել է նաև բոլոր դատական նիստերից առաջ իրեն իր փաստաբանի հետ առանձին հանդիպում ունենալու հնարավորություն տան, ասելով, որ հարցեր ունի և ցանկանում է դրանք քննարկել իր փաստաբանի հետ։ Դատարանը բավարարել է այդ խնդրանքը ևս։
Կարդացեք նաև
Երրորդ միջնորդությունը ներկայացնելիս Ռուբեն Վարդանյանը հիշեցրել է, ինքն ու իր փաստաբանը նախկինում խնդրել էին, որ իրենց տրամադրվեն դատական արձանագրություններում առկա որոշումների քաղվածքները։
Դատավոր Զեյնալ Աղաևն ասել է, որ պետք է ցուցակ ներկայացնեն դատարանին, եթե ցանկանում են ծանոթանալ նիստերի արձանագրությունների քաղվածքներին. փաստաթղթերը պաշտպանության կողմին կհանձնվեն այդ ցուցակի համաձայն։
Ռուբեն Վարդանյանը հստակեցրել է, որ իրենք դատավարության 6 ամիսների ընթացքում ներկայացված բոլոր միջնորդությունների վերաբերյալ որոշումների քաղվածքներին են ցանկանում ծանոթանալ։ Դատավորը պատասխանել է, որ այդ քաղվածքներից մի քանիսն արդեն տրամադրվել են իրենց, իսկ մյուսները կտրամադրվեն։
Ռուբեն Վարդանյանի տեղացի փաստաբան Աբրահամ Բերմանը հաստատել է, որ պաշտպանում է իր պաշտպանյալի միջնորդությունները։
Այնուհետև դատական նիստում լսել են ենթադրյալ տուժողների և տուժողների իրավահաջորդների վկայությունները՝ ռազմական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքների մասին:
Հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 22-ին։