ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի ֆեյսբուքյան գրառումը
Հեռու եմ այն մտքից, թե անհրաժեշտություն կա հատուկ ներկայանալ և ներկայացնել իմ կենսագրությունը․ այն հայտնի է և հրապարակված։
Պետական պաշտոնյա եղած ժամանակահատվածը՝ սկսած Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից մինչև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, այժմ արդեն ՀՀ ԱԺ փոխնախագահ, առավել ևս եղել է բաց և թափանցիկ։
Ճանապարհաշինության, ռազմարդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, կապի, փոստի ոլորտների զարգացումները ևս հայտնի և տեսանելի են բոլորիդ։
Սակայն չեմ կարող չանդրադառնալ օրերս հրապարակված մի նյութի, ոչ այն պատճառով, որ փորձ է արվում ինձ վարկաբեկել (կարծում եմ՝ նման նյութերով հնարավոր չէ մեկին վարկաբեկել), այլ որովհետև հեգնական տոնով է խոսվում մի քանի տող կենսագրության մասին, որով թիրախավորվում են հարյուր հազարավոր մարդիկ, որոնք, այո, կարող են ունենալ ընդամենը մի քանի տող աշխատանքային կենսագրություն։
Կարդացեք նաև
Ցանկանում եմ ընդգծել, որ երկար կենսագրություն ունենալը պարտադիր չէ՝ քեզ վստահված աշխատանքը պատասխանատվությամբ կատարելու, բարեկիրթ լինելու, լավն ու վատը զանազանելու, անընդհատ սովորելու և զարգանալու համար։ Ավելին, ժամանակակից աշխարհում բազմաթիվ են օրինակները, երբ ուսանողը կարող է ստեղծել մի բան, որը փոխում է աշխարհը (լավագույն օրինակը հենց այս հարթակն է՝ Ֆեյսբուքը)։
Ուզում եմ նշել, որ այն անձը, որը գրել է այդ հոդվածը, և նրանք, ովքեր արտատպել են այն տասնյակ լրատվամիջոցներում, վստահաբար չունեն տասնյակ տողերով կենսագրություններ։
Սա է, որ պետք է հասկանան այն լրատվականներն ու անձինք, որոնք մարդկանց դատում են ռեզյումեի երկարությամբ, իսկ իրենց կենսագրություններն աղտոտում են՝ տարածելով սուտ ու կեղծիք։
Իսկ այգետնակի ձեռքբերման մասին տեղեկությանը մեկ անգամ արդեն անդրադարձել եմ։ Հղումը կտեղադրեմ մեկնաբանության մեջ։ Իմ եկամուտների ու ծախսերի մասին հայտարարագրին էլ կարող եք ծանոթանալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում՝ այն բաց է և հասանելի բոլորիդ։
Բոլորիդ մաղթում եմ լավ օր։