«Մենք ուզում ենք Ռուսաստանի հետ ունենալ նորմալ, բնականոն, բարեկամական, փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ»,- այսօր կայացած ասուլիսում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ չեն փնտրում հակադրություն, հակասություն կամ որեւէ կոնֆլիկտային իրավիճակ ՌԴ-ի հետ։
Հարցը վերաբերում էր այն դիտարկումներին, որ ռուսական կողմը հիբրիդային պատերազմ է վարում Հայաստանի դեմ։
«Այո, ռուսական որոշ հեռուստաալիքներ բոլոր հնարավոր գծերը հատել են, բայց նաեւ՝ իմ ասած նկատառումներով, ես չէի ուզենա, որ մենք ստիպված լինենք այդ որոշումը կայացնել»,-հավելեց նա՝ նկատի ունենալով ռուսական հեռուստաալիքների վերահեռարձակումը դադարեցնելը։
«Ես շատ հարգալից, բաց, թափանցիկ, ազնիվ, անկեղծ հարաբերություններ ունեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, կառավարության ղեկավար Միշուստինի հետ։ Ես այդ հարաբերությունների բերումով մարդկային դիսկոմֆորտ ունեմ, որ մենք ստիպված լինենք այդպիսի որոշում կայացնել։ Մեր իրականության մեջ կա, չէ՞, որ ասում են՝ իրար հետ հաց ենք կիսել։ Ես չեմ ուզում, որ մենք գնանք այդ որոշմանը։ Տպավորությունն այնպիսին է, որ ՌԴ-ում կան ուժեր, որ ուզում են մեզ ստիպել, որ մենք գնանք այս որոշումներին։ Եթե շատ ստիպեն, ի՞նչ անենք, բայց ես չեմ ուզում, անկեղծ եմ ասում»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ավելի ուշ՝ խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին էլ, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ-ի եւ ՌԴ-ի հարաբերություններն այլեւս չեն լինի այնպիսինն, ինչպես նախկինում․ «Մեր եւ ՌԴ հարաբերությունները այլեւս չեն լինի այնպիսին, ինչպիսին եղել են նախկինում, բայց դա չի նշանակում, որ պետք է լինեն վատ։ Ոչ, ես համարում եմ, որ դրանք պետք է լինեն լավ, շատ ավելի լավ, քան նախկինում ունեցել ենք»։
Պատասխանելով հարցին՝ միջազգային մամուլը գրում է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը համագործակցելով՝ փորձում են ՌԴ-ին դուրս թողնել տարածաշրջանից, նաեւ ՌԴ փոխվարչապետը հայտարարեց՝ Բրյուսելը ՀՀ-ին ստիպելու է, որ արգելափակի ռուսական ինքնաթիռների մուտքը ՀՀ, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Իհարկե, կան որոշակի ահազանգեր, որ ՌԴ-ն այս է պլանավորում, այն է պլանավորում։ Ես հակված չեմ նման լուրերին, գնահատականներին հավատալ։ Եթե խնդիրներ լինի, մենք մեր ռուսաստանյան գործընկերների հետ կքննարկենք»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութն՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ