Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիտուժ»-ի ներկայացուցիչները առաջարկներ են ներկայացրել բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագծի վերաբերյալ

Հուլիս 16,2025 17:27

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության անդամներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են  «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններն ու դիտարկումները:

Հանդիպմանը մասնակցել է նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել հետաքրքրության համար՝ ընդգծելով, որ համատեղ քննարկումներն  ու մասնակցային գործընթացը կօգնեն հստակեցնել ԱԺ կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի ձևակերպումները՝ մինչև երկրորդ ընթերցում  իրականացնելով անհրաժեշտ լրամշակումներ:

Նա կարևորել է բարեփոխումների արդյունավետությունը՝ նշելով, որ բոլոր դիտարկումները քննարկելի են. միաժամանակ առաջարկվող լուծումները պետք է լինեն հստակ և թիրախային։

«Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչները ներկայացրել են իրենց առաջարկներն ու դիտարկումները «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:

Մասնավորապես՝ քննարկվել են օրենքի նախագծով ամրագրվող գիտական կազմակերպությունների տեսակներին, գիտական գործունեությանը և հետազոտությունների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Բարձրագույն կրթության կազմակերպման գործընթացում հետազոտական բաղադրիչի ուժեղացման համատեքստում անդրադարձ է եղել նաև ակադեմիական ինստիտուտների և բուհերի միավորմանը:

ԿԳՄՍ նախարարի ընդգծմամբ՝ բարձրագույն կրթությունը և գիտությունը չեն կարող զարգանալ միմյանցից անջատ. գիտությունը պետք է ներառի ոչ միայն բուհական համակարգը, այլև գիտական ինստիտուտները և կենտրոնները, որոնց գործունեությունը միտված է  կոնկրետ խնդիրների լուծմանը: Նրա խոսքով՝ կարևոր է ունենալ գիտության զարգացման միասնական ռազմավարություն և հայեցակարգ, որոնք կներառեն տարբեր գիտական հետազոտություններ՝ հիմնարար, կիրառական, փորձարարական և այլն: Նշվել է՝ փորձարարական մշակումների հարցում կան որոշակի անորոշություններ, և անհրաժեշտ է հստակեցնել տարբեր գերատեսչությունների լիազորությունները: Միաժամանակ, ընդգծվել  է գիտական քաղաքականությունն ու զարգացման ուղղությունները համակարգող պատասխանատու մարմնի արդյունավետ գործունեության կարևորությունը:

«Գիտությունը պետք է դիտարկել որպես ամբողջական գործընթաց, որտեղ հետազոտությունը, փորձարկումները և կիրառական մշակումները փոխկապակցված են: Գիտական գործունեությունը չի կարող մեկուսանալ կամ բաժանվել առանձին մասերի: Գիտելիքի ստեղծումը և դրա կիրառումը պետք է լինեն անընդհատ գործընթաց, որտեղ հետազոտությունը, փորձարկումները և նորարարությունները միմյանց լրացնում են»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Անդրադարձ է եղել նաև ոլորտային քաղաքականության բարելավմանը, մասնավորապես՝ կարևորվել են կառավարման մեխանիզմների, մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ հետազոտական ծրագրերի իրականացման, գիտական գործունեությամբ զբաղվողների և հետազոտողների շարունակական զարգացման և աջակցության հարցերը։

Այս համատեքստում քննարկվել է նաև գիտական և ճարտարագիտական գործունեության հասկացությունների և տերմինաբանության հստակեցման անհրաժեշտությունը՝ նպատակ ունենալով ստեղծել տնտեսական և գիտական զարգացումը խթանող արդյունավետ համակարգ։ Նշվել է նաև գիտական կազմակերպությունների բարեփոխման և գիտական գործունեության չափելիության կարևորությունը՝ ընդգծելով, որ շեշտը պետք է դնել  ոչ թե հոդվածների քանակի, այլ հետազոտությունների որակի և գործնական արդյունքների վրա։ Այս առումով կարևոր է օրենսդրությանը ճկունությունը, որը գիտական կազմակերպությունների համար զարգացման նոր հնարավորություններ կբացի։

Հանդիպմանը քննարկվել են նաև նախագծին և ոլորտային զարգացմանն առնչվող մի շարք այլ հարցեր։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031