Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի տարածքից է՞լ է արտապատվիրակվելու

Հուլիս 16,2025 18:06

Ճանապարհների ապաշրջափակման դեպքում արդյոք արտապատվիրակումը գործելո՞ւ է փոխադարձության սկզբունքով, այսինքն նույնը լինելու է նաեւ Ադրբեջանի՞ պարագայում՝ հարցին այսօր կայացած մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ քննարկումների ժամանակ հարցը դրվում է այդ տրամաբանության մեջ․ «Որովհետեւ Մեղրին, ճիշտ է, Հայաստանի մնացած մասի հետ ունի ավտոմոբիլային ճանապարհ եւ օդային ճանապարհ, բայց երկաթուղային ճանապարհ չունի։ Դուք պատկերացնո՞ւմ եք, թե Մեղրի երկաթուղային ճանապարհ կառուցելն ինչ ահռելի ներդրումների հետ է կապված։ Դեռ իրականանալիությունն էլ առանձին հարց է»։

Նրա փոխանցմամբ՝ երկաթուղին ԽՍՀՄ ժամանակ առնվազն Մեղրիից Հայաստանի մնացած հատվածներ՝ Երասխ, Երեւան, անցել է Նախիջեւանի տարածքով եւ իրատեսականը հենց այդ երթուղին է․ «Մենք հարցը դիտում ենք այն տրամաբանությամբ, որ ոչ միայն Մեղրիով-Երասխով եւ Ախուրիկով միայն պետք է միջազգային բեռնափոխադրումներ լինեն տարանցիկ, այլեւ Հայաստանից-Հայաստան։ Եվ երկաթուղային բեռնափոխադրումների մասին է խոսքը, եւ ավտոմոբիլային։ Այդ հարցը մեր օրակարգում է, մենք քննարկում ենք։ Մենք մտածում ենք այդ հնարավորությունը ստեղծելու մասին՝ կօգտվե՞ն՝ կօգտվեն, չեն օգտվի, այլ հարց է»։

Նա նաեւ հավելեց, որ ավտոմոբիլային ճանապարհի դեպքում՝ առաջարկվողը մոտ 100 կիլոմետրով կարճ է, քան գործողը։

Այս զարգացումների համատեքստում պատասխանելով նաեւ դեպի ՌԴ արտահանման մասով վերջերս առաջացած խնդիրների մասին հարցին էլ՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ խնդիրը առաջացել է ՀՀ-ից ՌԴ ծաղիկների արտահանման կրկնակի աճի հետեւանքով։ Ռուսական կողմի անհանգստություններն էլ պայմանավորված են երրորդ՝ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ կիրառած երկրներից վերաարտահանման հնարավորություններով։ Փաշինյանը վստահեցնում է՝ նման խնդիր եւ անհանգստության պատճառ չկա․ «Հայաստանից Ռուսաստան տարած ծաղիկների արտահանումը 2025 թվականի առաջին կիսամյակում կրկնապատկվել է, եկամուտը, իր հերթին, աճել է երեք անգամ։ Սա զարմանք է առաջացրել ռուս գործընկերների մոտ»։

Փաշինյանը հավելեց, որ Ռուսաստանում ցանկանում են ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալ եւ վերահսկող մարմինը արդեն հայտարարել է այդ տեղեկությունը տրամադրելու իր պատրաստակամության մասին։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութն՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031