Լրահոս
Օրվա լրահոսը

«Շեկ, սիրուն, բոյով, ջիգյարով ու անմեղ, ապրես ախպերս»․ Վարդան Ղուկասյանը՝ Արթուր Ալեքսանյանին

Հուլիս 16,2025 20:19

Այսօր  Գյումրու քաղաքապետարանը պարգևատրեց  երկու տարիների՝ 2024-2025 թվականների ընթացքում օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություներում չեմպիոններ դարձած ու մրցանակային տեղերի արժանացած թվով 63 մարզիկների ու նրանց մարզիչներին, որոնք թվով 43-ն են։

Պարգևը դրամական էր, ընդհանուր գումարը կազմում էր 46 միլիոն 865 հազար դրամ, որից 34 միլիոն 140 հազար դրամը 2024 թվականին էր, 12 միլիոն 725 հազար դրամը՝ 2025։

Վարդան Ղուկասյանն ասաց․ «Ճիշտն ասած, երբ որ ես սպորտսմեններին տեսնում եմ, ավելի ոգևորվում եմ, որովհետև մարզիկները մեր երկրի դրոշը բարձրացնողն են և հիմնը հնչեցնողը։ Ինչքան էլ ձեր նկատմամբ պետությունը, քաղաքները բարյացակամ վերաբերմունք ցույց տան,  գտնում եմ, որ դարձյալ  քիչ է։ Դրոշը բարձրացվում  է այն ժամանակ, երբ պատերազմի ժամանակ հաղթանակ է տարվում ազգի կողմից, իսկ դրանից հետո միայն մեր մարզիկներն են, որ Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացնում են աշխարհով մեկ և Հայաստանի հիմնը հնչեցնում են աշխարհով մեկ»։

Նա նշեց, որ Գյումրին Հայաստանի Հանրապետության սպորտային դարբնոցն է։

«Միշտ հարցրել են՝ ի՞նչն է պատճառը, որ գյումրեցիներն այդքան հաղթանակներ են տանում, մեծերից մեկն ասում էր, թե մերոնք հաց ու պանրով չեմպիոն են դառնում։ Այո՛, մեր հացի ու ջրի մեջ զորություն կա, Շիրակի դաշտավայրը դա հացի շտեմարան է․ Արագած լեռան ստորոտին ցորեն է աճում՝ առանց մարդու մոտենալու, և ցորենը, հավատացեք, զորություն ունի։ Որ նայում եմ չեմպիոնների թվերին, հավանական է՝ պետություններ կան աշխարհում, որ էսքան օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ չեն տվել», -հպարտությամբ ասաց Վարդան Ղուկասյանը։

Նա ասաց՝ կուզենար, որ ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն դարձներ Գյումրիին,  քանի որ  չեղած բյուջեով գյումրեցիները  հայոց ազգի պատիվը բարձր են պահում ամբողջ աշխարհով։

Նա առանձնակի ոգևորվեց չեմպիոններին պարգևատրելու ժամանակ․ գովեստի խոսքեր չէր խնայում․ ամեն մեկին  փաղաքշական բնութագրող  մի բառ  գտնում էր ասելու։ Օրինակ՝ Վարազդատ Լալայանին տեսնելով՝ ասաց․ «Հլը հսկա տղուն նայեք»։

Իսկ երբ մոտեցավ Արթուր Ալեքսանյանը, Վարդան Ղուկասյանը հորդորեց․ «Հլը լավ ծափ տվեք, Արթուրիս լավ ծափ տվեք», ու գրկելով նրան՝ շարունակեց․ «Էդ սաղ մարզիկների մեջ, որ Արթուրս դուրս է գալիս, երևում է՝ շեկ, սիրուն, բոյով, ջիգյարով, անմեղ, ապրիս ախպերս, շնորհավոր»։

Ի դեպ, այս իրադարձության ժամանակ ելույթ ունեցան ավագանու գրեթե բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները՝ իրենց շնորհակալությունը հայտնելով մարզիկներին  ու մարզիչներին։

«Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար, ճանաչված պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը իր խոսքում հիշեց կալանավորված Միքայել  Սրբազանին՝ նշելով, որ պարտավոր ենք միշտ հիշել թեմի առաջնորդին ու նրա ներկայությունը զգալ։

«Ես գիտեմ, որ բազմաթիվ մարզիկներ իրենց մրցումների մեկնելուց առաջ գնացել ու իրենց օրհնանքն են ստացել Սրբազանից»,-ասաց Ռուբեն Մխիթարյանը։

Վարդան Ղուկասյանն ուղղեց․ «Մեր Սրբազաններից»։

«Այո, մեր Սրբազաններից, խնդրում եմ ծափահարել նրանց», -շարունակեց Ռուբեն Մխիթարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031