ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ժամանակ (նախագահող՝ դատավոր Վահե Դոլմազյան) Արմեն Աշոտյանի պաշտպան Հաբեթ Մարտիրոսյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ Արմեն Աշոտյանին թույլ տալ այցելել ատամնաբուժարան։
Արմեն Աշոտյանը հիշեցրեց․ «Տնային կալանքի ռեժիմում Դուք մեկ անգամ թույլատրել եք երեք-չորս նման այց»։ ՀՀԿ փոխնախագահը մանրամասն ներկայացրեց, թե ինչ աշխատանքներ են կատարվելու ատամնաբուժարանում, և ինչքան ժամանակ դա կպահանջի ու ասաց․ «Հաջորդ նիստը հուլիսի 29-ին է։ Ինձ կուղեկցեն, թե՝ ոչ, բնականաբար Դուք կիմանաք վաղը, բայց եթե ինձ չուղեկցեն և ունենամ սրացող առողջական խնդիրներ, ևս երկու շաբաթ է դա նշանակում։ Թույլ տվեք բարձրաձայնել իմ առողջության պահպանման սահմանադրական իրավունքը։ Երկու շաբաթ հետո կարող է էլ ավելի ուշ լինել»։
Վահե Դոլմազյանն ասաց, որ ուղեկցելու հետ կապված դատարանը համապատասխան գրություն կհասցեագրի ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ոստիկանության ծառայությանը։ Սակայն զգուշացրեց, որ հիմա ոստիկանությունը նման դեպքերում ուղեկցում չի կարող կազմակերպել։ Արմեն Աշոտյանն էլ ասաց․ «Գուցե միջնորդեմ՝ ի սկզբանե որոշեք այլ ուղեկցող ծառայությո՞ւն ամրագրեք»։ Վահե Դոլմազյանը պատասխանեց՝ դա դատարանը չի որոշում։ Արմեն Աշոտյանն էլ կատակեց․ «Լավ, այսինքն՝ ստավկա ենք դնում իմ ատամների վրա՞»։ Դատարանը որոշեց բավարարել Արմեն Աշոտյանի պաշտպանի միջնորդությունը և վաղն ուղարկել գրություն ոստիկանություն և ատամնաբուժարան։
Կարդացեք նաև
Դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում փաստաբան Ռուբեն Մելիքյանը (լուսանկարում) ասաց․ «Մոտենում է դատարանի կողմից սահմանված տնային կալանքի երկամսյա ժամկետը։ Օգոստոսի մեջ է լինելու, ևս մեկ նիստ չեղարկվեց։ Հույս ունենք, որ հաջորդ նիստին կավարտվի այս վկայի հարցաքննությունը, բայց մնացին ևս երկու հոգի։ Դեռ երկար ենք քննելու մեղադրանքի կողմի ապացույցները»։
Անդրադառնալով Վահե Դոլմազյանի այն տեղեկացմանը, որ ոստիկանությունը չի կարող ուղեկցում կազմակերպել ատամնաբուժարան, Ռուբեն Մելիքյանն ասաց․ «Եթե այդպես է, դա կոպտագույն խախտում է բոլոր այն մարդկանց իրավունքների, որոնք մնում են տնային կալանքի ներքո, որովհետև ինչ-որ մարմին պետք է դա իրականացնի․ պարտականությունը պետության վրա է։ Դատարանից հասնում է այս փուլում համապատասխան գրություն ուղարկելը։ Ես կոչ եմ անում, եթե իսկապես նման մոտեցում կա ոստիկանության կողմից, քննարկեն ու փոխեն իրենց դիրքորոշումը։ Դա մարդու իրավունքների կոպտագույն խախտում է»։
Լրագրողների դիտարկմանը՝ նախկինում ոչ իրավաչափ գործողությունները միջազգային կառույցների կոշտ արձագանքին էին արժանանում, հիմա դա չենք տեսնում և հարցին՝ ո՞րն է դրա պատճառը, Ռուբեն Մելիքյանը պատասխանեց․ «Դա ապացուցում է այն, որ նախկինում այդ ամենն ունեցել է քաղաքական, ոչ թե իրավապաշտպանական բնույթ։ Հույս ունենք, որ Եվրոպան կապացուցի մեզ, որ մենք սխալվում ենք։ Բոլոր փաստերը վկայում են այն մասին, որ մարդու իրավունքների օրակարգը քաղաքական ուղղություն է։ Եթե արտաքին քաղաքական հարցերին Եվրոպայի համար ձեռնտու գիծ են որդեգրել ՀՀ իշխանությունները, որը ՀՀ-ին դեմ է, Եվրոպան ողջունում է և մոռանում մարդու իրավունքների փաթեթի մասին»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ