Լրահոս
Օրվա լրահոսը

«Անցանկալիի» գործն ուղարկվել է նոր քննության

Հուլիս 17,2025 12:00

Անտոն Կամաեւի գործով Վերաքննիչ վարչական դատարանը օրեր առաջ բեկանել է ՀՀ վարչական դատարանի վճիռը եւ գործն ուղարկել է նոր քննության: Վարչական դատարանը 2023 թ. նոյեմբերի 14-ի վճռով մերժել էր Կամաեւի հայցը՝ գտնելով, որ պատասխանող` Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) գործողությունները իրավաչափ են:

«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի» Վանաձորի գրասենյակ իրավապաշտպան կազմակերպությունը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ ազգային անվտանգության ծառայության՝ խնդրելով պարտավորեցնել վերջինիս հայցվորին տրամադրել 20.07.2022թ. եւ 22.08.2022թ. ներկայացրած գրությամբ հայցվող ամբողջ տեղեկատվությունը: Հայցվորի ներկայացուցիչն էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Նուշիկ Տեր-Մովսիսյանը: Նա դիմել էր ԱԱԾ-ին՝ պահանջելով պարզաբանումներ տվյալների ներառման հիմքերի մասին: Հայցադիմումում առկա էր նաեւ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի խախտման համար նախատեսված պատասխանատվության մասին նշումը, հղում կար 6-րդ հոդվածի 1-ին մասին, որով սահմանվել է՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը եւ (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին եւ ստանալու այդ տեղեկությունը։

Վերաքննիչ վարչական դատարանը, քննության առնելով օտարերկրացու վերաքննիչ բողոքը, արձանագրել է, որ անձը պետք է հնարավորություն ունենա իմանալու իր իրավունքների սահմանափակման հիմքերը գոնե նվազագույն չափով, որը չի խախտի պետական գաղտնիքի պահանջները, բայց միաժամանակ կապահովի իր պաշտպանության իրավունքի իրացումը: Նշենք, որ նույնաբովանդակ հայցապահանջով ԱԱԾ-ի դեմ դատական գործընթաց էլ կա՝ կապված դատավորի նշանակման հետ, երբ նրա մասին մինչ նշանակումը ապօրինի տեղեկություններ էին հավաքվել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.07.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031