Լրահոս
Օրվա լրահոսը

Ցինիզմի ակունքները հասարակության այլասերման մեջ են

Հուլիս 17,2025 10:00

Եթե վարչապետի ասուլիսը ձեւակերպենք համառոտ, ապա կստացվի հետեւյալ պատկերը (ձեւակերպումներն իմն են՝ պարզապես փոխանցում եմ Փաշինյանի ասածի իմաստը): «Լավ եմ անում, որ հայհոյում եմ, ես Հայաստանի թիվ մեկ հայհոյողն եմ»: «Լավ եմ անում, որ, ի հեճուկս ՀՀ սահմանադրության, ուզում եմ փոխել կաթողիկոսին»: «Լավ եմ անում, որ ՀԷՑ-ը ոչ լոյալ սեփականատիրոջից փոխանցում եմ մեկ այլ սեփականատիրոջ» (ի սկզբանե պարզ էր, որ պետությունը ցանկություն չի ունենա իր ուսերին շալակել բաշխիչ ցանցերը): «Լավ եմ անում, որ տալիս եմ Զանգեզուրի միջանցքը, դա «Վեոլա ջրի» կամ «Զվարթնոց» օդանավակայանի նման մի բան է» (այստեղ պարզապես սմայլիկ): «Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ իմ սեռական օրգանները ցուցադրելու» (դա կոչվում է էքսգիբիցիոնիզմ):

Իսկ կա՞ն արդյոք հարցեր, որտեղ Փաշինյանն ընդունում, որ սխալվել է: Այդպիսի մի կետ, պարզվում է, կա. նա վաղուց պետք է ճանաչեր Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս: Օրինակ, ե՞րբ: 2018 թվականի մայիսի՞ն: Պատկերացնո՞ւմ եք, հեղափոխության առաջնորդը դուրս է գալիս Հանրապետության հրապարակի հարթակ եւ հայտարարում է՝ «Արցախի համար պատերազմն անիմաստ էր, Արցախն Ադրբեջանի մաս է»: Ես վստահ չեմ, որ հավաքվածները կշարունակեին «Նիկոլ, Նիկոլ» վանկարկել: Կամ գուցե Արցախն Ադրբեջանի մաս պետք էր ճանաչել 2021 թվականի ընտրություններից առա՞ջ: Դա չէ՞ր պակասեցնի ՔՊ ընտրողների թիվը:

Իսկ հիմա, հերթական ընտրություններից առաջ հայկական Արցախ այլեւս գոյություն չունի: Եվ բացառված չէ, որ հարյուր հազարավոր մարդկանց համար դա խոչընդոտ չլինի՝ դարձյալ հօգուտ ՔՊ-ի քվեարկելու:

Ի՞նչ է դա նշանակում: Դա կարող է նշանակել միայն մի բան. որ 5 տարում մեր հասարակությունը դարձել է զգալիորեն ավելի այլասերված, ավելի անտարբեր, էմպատիայից զուրկ: Մենք այլեւս ցավ չենք ապրում այն տարածքի համար, որտեղ հազարամյակներով հայեր են ապրել, որտեղ գտնվում են մեր վանքերն ու գերեզմանները: Մենք չենք կարեկցում մեր 120 հազար հայրենակիցներին, որոնք այստեղ՝ Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն մատնված են անտարբերության, այլեւ «պաշտոնապես» ատելության ու թշնամանքի թիրախ են դարձել:

Այդ ամենը հնարավոր է դարձնում Փաշինյանի՝ որպես ղեկավարի գոյությունը եւ նրա անսահման ցինիզմը:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Ես մի ծանոթուհի ունեի, ում ծնողները թույլ չէին տալիս իրենց աղջկան նույնիսկ վարորդական իրավունք ունենալով իր ավտոմեքենան վարի: Այս աղջիկը խորամանկ գտնվեց՝ գնաց էքստրեմալ վարելու կուրսերին ու ավարտելուց հետո հրավիրեց ծնողներին նայելու ավտոմեքենա վարելու իր շնորհքը եւ ստացավ վարորդական իրավունքի հետ մեկտեղ նաեւ ծնողական թույլտվությունը:
    Եթե ավտոմեքենայի փոխարեն դիտարկենք պետությանը, աղջկա փոխարեն՝ հասարակությանը կամ ժողովրդին, իսկ վարորդական իրավունքի փոխարեն՝ ընտրելու իրավունքը, ապա պետք է հասկանանք, որ նույնիսկ ընտրելու իրավունք ունենալու դեպքում անհրաժեշտ է ունենալ նաեւ ծնողական՝ մեր ժողովրդի մտավոր, հոգեւոր ու ոգեղեն ծնողների թույլտվությունը, իսկ դրա համար աղջնակի նման պետք է խորամանկ գործել, միայն բարձրագույն քաղաքական պատրաստականության կուրսեր անցնելուց մեր անչափ սիրելի ընտրողների հետ եւ միայն դրանից հետո թույլ տալ նրանց մասնակցել ընտրություններին:
    Մեր այսօրվա ընտրողը նորակոչիկ է, որին տվել են տանկ ու ռազմական ինքնաթիռ վարելու իրավունք, որ այսօրվա քաղաքական ռազմադաշտում համ ինքը վարի գնա, համ էլ պետությունը, որն էլ հիմա կատարվում է աշխարհով մեկ:
    Նորակոչիկը ռազմադաշտում ցանկանում է գոնե պահպանել իր ներկա ու նախկին հաջողությունները, երբ պրոֆեսիոնալը ձգտում է օգտվել ռազմական իրողությունից եւ ռազմադաշտում բազմապատկել իր հաջողությունները:
    Էլի երկար է ստացվում, կարճ ասած 🙂 ժամանակին քաղաքացիական պայմանագիր էի առաջարկում, որ քաղաքացին պայմանագիր կնքի պետության հետ, կարծում էի կունենանք նորմալ դատական համակարգ ու առանց վերջինիս այլասերվում է լավ գաղափարը, հիմա էլ առաջարկում եմ ստեղծել քաղաքացիական բանակ, որտեղ մեր ընտրողը կստանա քաղաքական փորձ, գիտելիք ու ոգի, իսկ գեներալները կլինեն ժողովրդի կողմից շատ հարգված մտավոր, հոգեւոր եւ ոգեղեն գործիչները: Կեցցե՛ մեր հայ քաղաքացիական բանակի քաղաքական մարտիկներն ու գեներալները:

  2. Նարեկ says:

    Քննադատություն, նկատի ունի՝ փնովել, հոգեպես տառապել է նշանակում։ Հերիք է տառապեք, Արամ։

    Հասարակություննը ավելի զգուշավոր է դարձել ու հետևում է շատ անգամ էլ մտածելով, թե «էս էլ կարող եմ տանել, սա էլ կարող եմ հաղթահարել»։

    Ես չգիտեմ, թե ինչ մղումով եք հասարակության մասին հուսալքության Ձեր մտքերը թերթին հանձնելիս շտապում,֊ «Այլասերված է, ուրեմն անորակ է, անորակ է, ուրեմն պետք է կամ էլ թե արժանի է վատագույն ճակատագրին»։ Ուրեմն մի շտապեք։

    Ինչպես ուրիշ ավտորիտար հասարակություններում կլիներ, մերում էլ բարդ է միմյանց հետ գործակցելը, հաղորդակցվելը։ Ու շարունակվում է մարդկանց միավորումների կազմալուծումը, ոնց վերջին օրինակում Արցածի ներկայացուցչության շենքը պետության լծակներով խլելու ծրագիրը։ Էդ ամենը մեզ «այլասերված» չի դարձնում, այլ պակասեցնում է մեր հավաքական դիմադրունակությունը՝ անարդար, անիրավ կառավարման հանդեպ, կառավարումը լինի ներսից, թե դրսից։ Տոքսիկ, թունոտ հարաբերություններ են Հայաստանի իշխանության ու հանրության միջև։ Զոհի հոգեբանություն որ ասում էին, հենց էդ ինքնամեղադրանքների մասին էին ասում։

    Պետք է հաղթահարել դա։ Աշխատել ուժերը կենտրոնացնել, միավորել, իսկ թե միայն մեր ձայնը ունենք, ուրեմն մեր ձայնը հետզհետե ավելի միասնաբար բարձրացնենք անարդարության դեմ։

  3. Նարեկ says:

    Օրինակ Արցախի ներկայացուցչության շենքը խլելու վերաբերյալ կարող եք դիմել իշխանության (և ոչ միայն, և ոչ միայն) բոլոր կամ գրեթե բոլոր ներկայացուցիչներին կամ գոնե իրենց շարքերում հանրային հեղինակություն ունեցող անձանց։

    Պահանջեք Վիլեն Գաբրիելյանի մասնակցությունը էս թեմային՝ որպես «Գարդման֊Շիրվան֊Նախիջևան» միության նախագահի։ Գտեք իշխանության շարքերում հետզհետե էն անձանց, ում անհամաձայնությունը կհուշի իշխանության ապազգային քաղաքականության հանդեպ անհամաձայն մյուս կարծիքների բարձրաձայնման։

    Էնպես չի, թե իշխանությունը անկամ է կամ անհաստատ։ Նրանք լավ էլ հաստատ են որոշել մասնատել հանրության դիմադրությունը։ Ուրեմն բացահայտեք հանրային դիմադրությունը ամրապնդելու, ազգային ինքնապաշտպանության մակարդակը բարձրացնելու հարցում իշխանության դժկամությունը։

    Թագավորը մերկ է, Առավոտ։ Թագավորը մերկ է։ Թագավորը մերկ է։

  4. Չհասկանաք ինձ սխալ, ուզում եմ օգտակար լինել շեշտավորումներում:

    Բանը նրանումն է, որ այլ ազգերի մոտ հազարյամակներով ապրած տարածքի կորուստը բնականորեն արթնացնում է ոչ թե ցավ այլ գիտակցություն, որ թույլ են ու պետք է հզորանալ (ամեն ասպարեզում) բնօրրանը հետ բերելու համար: Բնօրրանը հայր-մայր չէ, որ կորցնելուց ցավ ապրես` դա ավելին է: Դա այն է ինչ կապում է մարդուն բնության հետ, նրա անբաժան մասը դարձնում: Ամոթ պետք է ապրեցնել: Խորը ամոթ:

    նիկոլը խրախուսում է ‘անամոթության’, ’ապրած ցավի’ ուղին, որովհետև այն ավելի է ենթակա մանիպուլյացիայի: Նույն պարզ պատճառով նիկոլը մերժեց պատերազմը շուտ կանգնեցնելը, որպեսզի պարտությունից հետո ահավոր կորուստների քաշը ծնի վախ (ցավ), որը տասնյակ տարիներ կիշխի հայի հույզերի ու որոշումներ կայացնելու ընթացքը: Կիշխեն ցավը, վախը, անամոթույունը կհաստատվի դե զուգահեռ կիշխի նիկոլը ու իր չքախումբը:

    Մերժենք ցավը, վախը: Կարեկցանքը նվաստացուցիչ է: Արցախցիները ունակ ու կարող հայեր են: Նրանց ատելություն ու թշնամանք առաքողները անունակ ու անկարող մեկեր են` ես անձամբ գիտեմ ու դիտել եմ մեր հայրենակիցների այս տեսակը` պարզապես թույլ ու անսկզբունք մարդիկ են. բոլոր ազգերում էլ կա այս տոկոսը: Չկենտրոնանաք նրանց վրա: Սա ուժերի ջլատում է: Գազանը դեռ չի նահանջել (Ա.Ա.) ու պատրաստվում է ցատկի:

    Բարձրացնենք նշաձողերը: Ազատագրվենք:
    ‘Ազատ լինելու համար պետք է որ քեզանից վախենան, վախենոում են հզորությունից:’ Է. Մակրոն, Հուլիս 13, 2025
    Հայերից ոչ ոք չի վախենում որովհետև անունակ, անկարող, անզոր առաջնորդ են շալակած:

  5. Հ.Շ. says:

    Իրողութիւն է որ Փաշինյանը ընտրուած վարչապետ է: Երեք անգամ ընտրուած: Մէկ անգամ ԱԺի մէջ, ապա երկու անգամ՝ հայաստանի ժողովուրդին ձայներով: Մինչ որեւէ նշանակալից, ներքին ճեղք չգոյացաւ նաեւ՝ Փաշինյանի ամբողջ վարչակարգին մէջ: Այստեղ պէտք է նաեւ նշել որ Արցախի հայերն ալ սատարեցին նոյն վարչակարգին, եւ 2018ի պետական յեղաշրջումէն երկու տարիներ ետք իսկ, Փաշինյանը ուզած անձը ընտրեցին որպէս իրենց նախագահը:

    Այս հաստատ ու անհերքելի իրողութիւնների լոյսին տակ, անշուշտ թէ փաշինյանիզմը կը համապատասխանէ հայաստանաբնակ հայաստանցիների մեծամասնութեան ուզածին եւ չուզածին:

    Հայ Ազգի խնդրին ալ այն է որ, հայաստանաբնակ հայաստանցիներ հազիւ քսան տոկոսը կը կազմեն համայն Հայութեան:

    Եւ այսպէսով վերջ կը գտնէ, եթէ ոչ տակաւին Հայոց Պատմութիւնը, այլ վստահաբար՝ Հայ Ազգի – կարճատեւ – Պատմութիւնը: «Հայաստան» անունով տարածաշրջանի մը հողին վրայ: Սա լրիւ յստակ բան էր արդէն, վերջին պատերազմի աւարտէն ետք՝
    15 Նոյեմբեր 2020՝
    «Հայ Ազգի Դամբանական»՝
    https://haytougchamlian.home.blog/հայ-ազգի-դամբանական/

    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել Նարեկ

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031