Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում եք մեր շենքերը փլվե՞ն, մենք էլ փլվե՞նք, չենք փլվելու, գալու ենք քո առանձնատանն ապրենք»․ Վարդաշենցիները փողոց փակեցին

Հուլիս 17,2025 14:28

Վարդաշենի 6-րդ փողոց 68ա եւ 66/1 վթարային շենքերի բնակիչներն այսօր բողոքի ցույց անցկացրեցին կառավարության շենքի մոտ, փակեցին Տիգրան Մեծ պողոտան։ Նրանք ասում են, որ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը լուծում չի տալիս իրենց 4-րդ կարգի վթարային շենքերի խնդրին։ «Մենք ընտրեցինք Ավինյանին՝ հույսով, որ ինքը լինելու է մեր կողքը։ Ասեք՝ անենք, մենք ասացինք, բայց Ավինյանը չարեց։ Իր ընտրվելուց հետո մեր վթարային շենքերի համար ոչ մի բան չի արել»,- դժգոհեցին բնակիչները։

Նրանք պահանջում էին, որպեսզի կառավարությունից իջնեն ու իրեն հստակ պատասխան տան՝ մինչեւ երբ պետք է կյանքը վտանգելով ապրեն այդ շենքերում։ «Մեքենան անցնում է՝ շենքը դղրդում է, վերեւ ենք նայում, տեսնենք՝ լյուստրեն շարժվեց, թե չշարժվեց։ Հիմա թաղապետարանը բերել՝ փողոց է փորում, որ ջրահեռացումը նորմալ իրականացվի։ Բայց ամեն մի դռոցից շենքը դղրդում է։ Մեզ Ճամբարակի օրն են գցելու, մարդկային զոհեր են լինելու։ Ոնց քայլում ես, քար է ընկնում, վախենում ենք, որ հանկարծ երեխու գլխին չընկնի։ Անընդհատ ասում են՝ սպասեք, դեռ քննարկում ենք, հիմա էլ ասում են՝ ֆինանսավորում չկա»,- ասացին մարդիկ։

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանն նշեց, որ մարդկանց դարձրել են «ֆուտբոլի գնդակ», այստեղից այնտեղ են ուղարկում, իրար հակասող պատասխաններ են տալիս։ Նա ասաց, որ մարտ ամսից իրենց դաշինքն այս հարցը բարձրացրել է նաեւ Երեւանի ավագանու նիստերին, այսօր էլ դիմում են ուղղում կառավարությանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Վարդաշենցիները փակեցին փողոցը։ Նրանք դիմեցին Նիկոլ Փաշինյանին․ «Գալու ենք, քո առանձնատանն ապրենք»։ «Երկու օր առաջ Թիֆլիսում 4-րդ կարգի բնակելի շենքը փլվել է, էդ եք ուզո՞ւմ։ Մենք էլ փլվե՞նք, չեմ փլվելու։ Գալու ենք քո տանն ապրենք, քո առանձնատանը»,- ասաց բնակիչներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում

Քաղաքապետարանից բնակիչներին ասել են, որ կառավարության աջակցությամբ պետք է տեղի ունենա այս հարցի լուծումը, քանի որ քաղաքապետարանը չունի բավարար միջոցներ, որպեսզի միայնակ կարողանա խնդրին լուծում տալ։ «Հիմա իրենց ասելով՝ իրենք միասին աշխատում են։ Եվ խնդրին լուծում տալը հետեւյալն է, որ կառավարությունը ճանաչում է գերակա շահ, որպեսզի իրենք կարողանան խնդրին լուծում տալ։ Մինչեւ այդ որոշումը դուրս չգա, չեն կարողանա այդ հարցերին լուծում տալ»,- նշեց բնակիչներից մեկը։

Սոնա Աղեկյանն ասաց, որ բնակիչներին անընդհատ ասել են՝ մինչեւ 1,5 տարի ժամանակահատվածում կփորձեն քննարկել գերակա շահ ճանաչելու հարցը։ «Միայն այն, որ Սեյսմիկ ծառայությունը տվել է եզրակացություն, որ այստեղ փլուզման ենթակա շենքեր են, եւ բնակությունն արգելված է, սա արդեն կարեւոր եւ վտանգավոր ազդակ է, որպեսզի կառավարության շենքում նստածներն իրենց մեջ համարձակություն գտնեն բնակիչների հետ խոսելու»,- նշեց Աղեկյանը։

Կառավարությունից բնակիչներին փոխանցել են, որ առաջիկա երկու օրերին մասնագետներ կայցելեն իրենց շենք, կքննարկեն խնդիրները։ «Եթե ոչ, երկուշաբթի օրը նորից գալու ենք այստեղ»,- ասացին բնակիչները։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031