Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անձամբ չի այցելել դատարանի որոշմամբ կալանավորված կնոջն ու իր 8 ամսական երեխային։
Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց, որ այս դեպքն իրենց ուշադրության կենտրոնում է, իր աշխատակազմի մասնագետներն այցելել են նրանց։ «Ես ինքս անձամբ դեռեւս չեմ այցելել, որովհետեւ մենք ԵՄ անդամ պետություններից ունեինք պատվիրակություն։ Բայց, բնականաբար, մեր բոլոր այցերի վերաբերյալ հրապարակային տեղեկատվություն կստանաք»,- ասաց նա։
Նա նշեց, որ թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս կան ազատությունից զրկված կանայք, ովքեր անչափահաս երեխաներ ունեն։ «Եվ կարեւոր հարցն այն է, թե ինչ պատճառով է դատարանը նման որոշում կայացրել, թեպետ նույնիսկ այդ դեպքում մենք չենք կարող որոշումը հրապարակային քննադատել, որովհետեւ արգելք ունենք սահմանված։ Բայց մեր այլ գործիքակազմերը կիրառելով՝ փորձելու ենք իրավունքների պաշտպանություն իրականացնել։ Երբ դեռ չունենք որոշումը մեր ձեռքի տակ, որոշումը հրապարակված չէ, մենք կալանքի հարցին չենք էլ կարող անդրադառնալ։ Հետեւաբար, այս պահի դրությամբ մենք խոսում ենք այն խնդիրների մասին, որոնց կարող ենք անդրադարձ կատարել»,- նշեց Մանասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
ՄԻՊ-ը հավելեց․ «Այո, իրավական գործընթացներ ցանկացած հարցի հետ կապված կարող են եւ պետք է իրականացվեն։ Այսինքն՝ մենք հիմա չենք կարող պետությանն ասել, որ պետության ձեռքում եղած բոլոր իրավաչափ գործիքները պետք է վայր դնել։ Բայց ես կարող եմ նկատել նաեւ միտում, որ եթե մենք շատ խախտենք այս սկզբունքները՝ անմեղության կանխավարկածի սկզբունքը, կալանքը չարաշահենք, այն որպես պատժիչ միջոց դառնա, մենք կարող ենք շատ շուտ վերածվել իրավապահ մարմինների հայեցողությամբ երկրի, որից ամեն կերպ պետք է խուսափենք։ Մենք դրա ճանապարհին ենք, եթե սահմանափակումներ այս պահին չդնենք»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ