Դատախազությունը ամբողջությամբ հրաժարվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի նախկին դեկան, ՀՀ արդարադատության խորհրդի նախկին անդամ Գագիկ Ղազինյանի, նրա կնոջ ՝ Կարինե Շահբազյանի և որդու՝ Դավիթ Ղազինյանի դեմ ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման պահանջով հայցից։
Դատարանի որոշումն արդեն հրապարակվել է, պարոն Ղազինյանը մեզ հետ զրույցում ասաց՝ սպասում են, որ որոշումն ուղարկվի հարկադիր ծառայություն, բանկային համակարգ, որ արգելանքները հանվեն:
-Ի սկզբանե այս գործով բազմաթիվ խնդիրներ կային, հենց հարուցման հիմքի առումով: Նրանք համարել էին, որ երբ 2013-ին ընտրվել էի արդարադատության խորհրդի անդամ՝ դա պետական պաշտոն էր: Իրականում դա վիճելի էր, որովհետեւ հասարակական հիմունքներով էի որպես գիտնական ընտրվել խորհրդի անդամ: ԲԴԽ անդամը 2018-ին օրենքով համարվեց պաշտոնատար անձ, դա հետադարձ ուժով տարածել էին արդարադատության խորհրդի անդամի վրա, բայց բացարձակ ոչ մի նմանություն չկար: Որոշակի լիազորություններով էր նման, գործառույթով բայց որպես պետական պաշտոնատար անձ չէր կարող դիտարկվել: Դա էլ պետք է վիճարկեինք, բազմաթիվ այլ հարցեր կային, օրինակ՝ ինչպես էին հաշվարկներ արել ենթադրյալ ապօրինի գույքը դիտարկելիս: Ուղղակի Սահմանադրական դատարանի որոշումն ամեն ինչ այնքան հստակեցրեց, որ միայն պաշտոնը ստանձնելուց հետո ձեռք բերված գույքը կամ միջոցը կարող է ապօրինի դիտարկվել: Եթե այս գործը գնար բուն քննության, վիճարկելի էր, որովհետեւ իմը պետական պաշտոն չէր, ծիծաղելի է ուղղակի:
Իմ գույքի որոշակի մասը, որը համարում էին ապօրինի, դրանք արդեն չէին կարող հաշվարկել, որովհետեւ ձեռք էր բերվել 2000-ականների սկզբին: Բայց նույնիսկ այդ պայմաններում, իրենց հաշվարկներով էլ այս գործով ապօրինի գույքի բռնագանձման օրենքով սահմանված շեմը 50 միլիոն դրամը չէր հաղթահարում:
Կարդացեք նաև
Դատախազությունը ստիպված էր հրաժարվել հայցից, հակառակ դեպքում արդեն դատարանն ինքն անհիմն կհամարեր հայցը: Եթե խոսում ենք օրենքի գործողության մասին, մեր երկրում, որի մասին մի քիչ դժվար է նման ձեւով արտահայտվել: Բոլոր դեպքերում դատախազությանը խուսափելու հնարավորություն չէր մնում՝ օրենքը կատարելու իմաստով,- ասաց պարոն Ղազինյանը:
Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ համարո՞ւմ է իր դեմ սկսված իրավական գործընթացը քաղաքական պատվեր, ի պատասխան Ղազինյանն ասաց. «Ցանկացած իրեն հարգող լուրջ իրավաբան իր կամքով, իր նախաձեռնությամբ կամ օրենքով առաջնորդվելու դեպքում չէր սկսի նման գործընթաց, մնացած հետեւությունները թողնում եմ ձեզ»:
Գագիկ Ղազինյանը նաեւ նկատեց, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը ոչ թե թերություններով է, այլ անկատար. «Դատարանի ուժի մեջ մտած որոշման մասին ես տեղյակ չեմ: Քանի տարի է՝ օրենքը գործում է: Բայց որեւէ մեկի նկատմամբ դեռեւս չկա ուժի մեջ մտած վճիռ: Կան համաձայնության արդյունքում պետությանը վերադարձված ինչ-որ գումարներ, որոնց մասին անընդհատ թմբկահարում են, բայց օրենքի անկատարությունը ավելին թույլ չի տալիս»:
Հիշեցնենք, որ ըստ դատախազության՝ Գագիկ Ղազինյանից և նրա կնոջից պետք էր բռնագանձել 206 միլիոն 297 հազար 984 դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 52 միլիոն 775 հազար 679 դրամն ուներ ապօրինի ծագում, հնարավոր չէր բռնագանձել, քանի որ 1997-ից 2024 թթ․ ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել. «Գագիկ Ղազինյանի որդուց՝ Դավիթ Ղազինյանից, օրենքի իմաստով Գագիկ Ղազինյանին պատկանող գույք, հօգուտ ՀՀ-ի բռնագանձել Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի անշարժ գույքը, անհնարինության դեպքում Գագիկ Ղազինյանից բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 131 միլիոն 899 հազար 500 դրամ, Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն Բաբայան փողոցի անշարժ գույքը, անհնարինության դեպքում Գագիկ Ղազինյանից բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 828 միլիոն 600 հազար դրամ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ