Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Մեղրին Ղարաբաղի հետ փոխելու միտքը հանցավոր հիմարության մասին է, ապա հինգ տարվա իշխանավարման հետ փոխելու միտքը պետական դավաճանության»․ Միքայել Նահապետյան

Հուլիս 17,2025 17:10

Aravot.am-ի զրուցակիցն է հասարակական, քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանը

-Իր ասուլիսում Փաշինյանը նույն հարթության վրա դրեց աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող Սյունիքով անցնելիք ճանապարհի արտապատվիրակումը «Հարավկովկասյան» երկաթուղիների, «Զվարթնոց» օդանավակայանի եւ համանման այլ ձեռնարկությունների հավատարմագրային կառավարման հանձնման գործընթացի եւ այդ ընթացքի գործունեության հետ. Կարծում եք՝ համարժե՞ք համեմատություն է, ի՞նչ տպավորություն է սա թողնում։

– Ես ուզում եմ բոլորի համար պարզ լինի, որ եթե նույնիսկ պայմանավորված լինեին, որ այդ ճանապարհով անցնելիս համ էլ ամեն օր թքելու են հայ ժողովրդի երեսին` Նիկոլ Փաշինյանը այդ ասուլիսը նվիրելու էր այն բանին, որ ապացուցեր, թե ինչքա՜ն օգտակար է թուքը, ի՜նչ ախտահանիչ ազդեցություն ունի, ինչքա՜ն կարևոր է թեկուզ այդ կերպ հեղուկի պաշարներ կուտակելը, որ այդ կերպ երկարաժամկետ հեռանկարում մեր հակառակորդները կջրազրկվեն, իսկ մենք կհզորանանք։ Այդ մարդը մասնագիտացել է ուրիշների շահերը հայ ժողովրդին համոզելու, իսկ երբեմն պարտադրելու հարցում։

-Առհասարակ, այդ ճանապարհի արտապատվիրակման մասին խոսելիս նա անընդհատ ՀՀ-ի շահն էր ընդգծում. սա նման չէ՞ , երբ 44 օրյա պատերազմի առաջին օրը հայտարարում էր` «ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու»։ Ի՞նչ նոր աղետի շեմին ենք ու ինչո՞ւ են քաղաքական դերակատարներն այսքան լուռ։

– Կարծում եմ դեռ վաղ է խոսել մոտալուտ հանգուցալուծման մասին։ Առհասարակ, երբ դիվանագիտության մեջ արտահոսում են առաջարկներ, որոնց շուրջ դեռ չկա համաձայնություն` դա նշանակում է, որ ինչ-որ բան հաջող չի գնում։ Այս առումով տարօրինակ է ԱՄՆ առաջարկի արտահոսքն ու դրան հետևած արձագանքները։

Այնուամենայնիվ երեկվա ասուլիսից մենք իմացանք, որ ի՞նչ էլ լինի, ե՞րբ էլ լինի` Հայաստանը արդեն զիջել է փոխադարձության սկզբունքը, այսինքն` տվողը մենք ենք լինելու միայն, Ադրբեջանը ոչ մի համանման ճանապարհ մեզ չի տալու և այդ հարցը արդեն համաձայնեցված ու փակված է։

-Ի դեպ, իր ողջ գործունեության ընթացքում Փաշինյանը ամենաշատն էր մեղադրում Ռոբերտ Քոչարյանին` Մեղրիի տարբերակը բանակցելու համար։ Հիմա ի՞նչ է ինքը առաջարկում հանրագումարում` Մեղրին հանձնե՞լ` հանուն ինչի՞։

-Մեղրին որևէ բանի հետ փոխելու միտքն ինքնին հանցավոր մտադրություն է։ Պարզապես, եթե Ղարաբաղի հետ փոխելու միտքը հանցավոր հիմարության մասին է, ապա հինգ տարվա իշխանավարման հետ փոխելու միտքը պետական դավաճանության մասին է։

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031