Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԾԿՀ նախագահի որոշում չկա ՀԷՑ-ում կառավարիչ նշանակելու մասին, բայց վարչապետը հայտարարում է՝ պետությունը կառավարելու է ՀԷՑ-ը․ Դավիթ Ղազինյանը տարակուսած է

Հուլիս 17,2025 17:45

«Չեմ պատկերացնում՝ ինչպե՞ս կարող են իրեն զգուշացրած չլինել՝ քանի դեռ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը վարույթ չի հարուցել եւ կառավարիչ չի նշանակել, ինչպե՞ս է ինքը հայտարարում, որ պետությունը կառավարելու է ՀԷՑ-ը։ Հանձնաժողովն անկախ մարմին է եւ վերջին օրենսդրական փոփոխությունից հետո, հանձնաժողովի նախագահին հնարավորություն է տրվել միանձնյա վարույթ հարուցելու եւ որեւէ պատժամիջոց, այդ թվում նաեւ կառավարիչ նշանակելու։ Եթե հանձնաժողովի նախագահի այդ որոշումը չկա, բայց վարչապետն արդեն գիտի, որ պետությունը կառավարելու է․․․ ի՞նչ ասեմ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։

Նրա հետ զրույցը կայացել էր մինչ այն պահը, երբ հայտնի դարձավ, որ վարչապետը Ռոմանոս Պետրոսյանին ազատել է ՊՎԾ պետի պաշտոնից: Ավելի վաղ մամուլում հայտնվել էր տեղեկություն, որ Նիկոլ Փաշինյանը Ռոմանոս Պետրոսյանին ցանկանում է նշանակել ՀԷՑ–ի կառավարիչ։

Երեկ կայացած մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց՝ այս փուլում պետությունը կվերցնի ՀԷՑ-ի կառավարումը․«Պետությունը պետք է վերցնի ՀԷՑ-ի կառավարումը։ Այս պատմությունը նոր չէ սկսել, ՀԷՑ-ի վերաբերյալ մեր դժգոհությունները, ահազանգերը սկսվել են մարզային իմ այցելություններից քաղաքացիներից ստացված կոնկրետ բողոքներից»։ Նաեւ հավելեց․ «Մեր նպատակադրումը հետեւյալն է. այս փուլում պետությունը պետք է վերցնի ՀԷՑ-ի կառավարումը։ Եվ կվերցնենք։ Բայց մենք ամենեւին չենք ասել, որ պետականացման կամ ետ գնման գործընթացից հետո կամ այդ ընթացքում հենց պետությունն է միշտ լինելու Հայաստանի էներգետիկ ցանցերի կառավարողը։ Մենք խնդիր ունենք գտնել հնարավոր ամենաարդյունավետ կառավարչին, այդ կառավարման նկատմամբ ձեւավորել հանրային, պետական վերահսկողություն»։

Ի դեպ, պարզ դարձավ, որ գործընթացը սկսելուց առաջ միջազգային գործընկերների հետ ՀՀ-ն չի խորհրդակցել, չի քննարկել հնարավոր հետեւանքների հարցը։

«Դա արդեն շատ վատ է։ Կարծում եմ, սա նորմալ պետությանը հարիր կեցվածք չէ։ Ես մեր պետությունը համարում եմ նորմալ եւ այդպես պետք է չլիներ»,- ասաց Դավիթ Ղազինյանը։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր ՀԷՑ սեփականատեր, կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի գործունեությանն էլ․ «Ես հարց եմ տալիս՝ Սամվել Կարապետյանն իր հիմնական քաղաքացիության երկրում կարո՞ղ է մտքով անցկացնել, որ իրեն պահի այնպես, ոնց որ փորձում է պահել ՀՀ-ում: Եթե հանկարծ իր հիմնական քաղաքացիության երկրում իր գլխում տենց միտք ծագի, ինքը պատուհանից ինքնակամ կթռնի, չի թողնի ուրիշները բան անեն, ընդ որում, հնարավորինս ամենաբարձր հարկից: Ժողովուրդ ջան, կներեք, ես ասում եմ՝ ՀՀ-ն «պրախադնոյ դվո՞ր» է: Բա ես էդ էի գրել, որ դրել եք ձեզ… Կալուգայի, անուն էի հորինել «Նիժնի Տապռ» գյուղն ա, ինչ ա, որ էկել եք՝ մենք մեր ձևերով էս ենք անելու, հետո մտնել չուլանը, հետո դուրս գալ և ասել՝ թքած ունեմ ՀԷՑ-ի վրա էլ… հիմա էլ՝ վայ, ՀԷՑ-ի հետ ինչ եք անում:

Ես ասում եմ, հարգելիներս, ոնց որ ձեզ հիմնական քաղաքացիության երկրում պահում եք, Հայաստան գալուց հլը մի հատ հավսար-զգաստ էղեք, արա՛: Սա ձեզ համար բան չի, սա պետություն ա: Եվ ասել եմ, որ պետության համը մնալու է բերաններդ: Ով սենց պահի, պետության համը երկար մնալու է բերանները»։

«Երբ Սամվել Կարապետյանը մեծ ներդրումներ էր անում, այդ թվում նաեւ վարչապետի կարծիքն էր, ինքն էր, չէ՞ ,Ստեփանակերտում հայտարարում՝ բարերար Սամվել Կարապետյան, եթե բարեգործություն անելուց հաշվի չեն առնում մի քանի երկրների անձնագրերը, բայց երկրի մասին իբրեւ մտահոգ լինելով եւ անձամբ ամեն ինչով զբաղվելով հիշում են՝ դա էլ ազնիվ չի»,- հակադարձում է Դավիթ Ղազինյանը։

Հիշեցրեցինք՝ Նիկոլ Փաշինյանը բարերար Սամվել Կարապետյանին խորհուրդ տվեց՝ մտածել իր ծննդավայրի մարդկանց մասին, որոնց դժվարությամբ ձեռք բերած տեխնիկան փչանում է հոսանքի տատանումների արդյունքում։

Դավիթ Ղազինյանը պատասխանեց, որ նման մերկապարանոց հայտարարություններ շատ են հնչում, շատ են լսել, բայց երբ տարբեր պետական կառույցների խնդրում են հասցեական խոսել, պատկերն այլ է դառնում։ Նա հավաստիացրեց, որ կառավարության հետ մշտական աշխատանքի արդյունքում, եթե հանդիպում են խնդիրներ եւ ուսումնասիրությունների արդյունքներով հաստատվում է ՀԷՑ-ի մեղավորությունը՝ տուժողն անպայման փոխհատուցում է ստանում․ «Թող մատնանշեն մի դեպք, որտեղ խնդիր է եղել եւ մենք չենք լուծել։ Բավականին մեծ գումար է ՀԷՑ-ը ծախսում, պայմանագիր ունի մասնագիտացված ընկերության հետ, յուրաքանչյուր դեպքում, որտեղ ՀԷՑ-ը մեղավոր է, միանշանակ վերանորոգման կամ ֆինանսական փոխհատուցման տեսքով հարցը լուծվում է։ Հիմա ես մեկնաբանեմ մի բան, որը ոչ անուն-ազգանուն ունի, ոչ հասցեատեր․․․ ի՞նչ ասեմ։ Կամ հայտարարություն է անում, որ գնում են մարզերով՝ բոլորը բողոքում են․․․ Բոլորն ովքե՞ր են։ Օրինակ, մարզային այցելությունների ժամանակ կարող են ներգրավվել նաեւ մեր աշխատակիցներին եւ տեղում այդ հարցերը պարզաբանվեին։ Կամ՝ մեր աշխատակիցները ֆիքսեին խնդիրները։ Այդպես չի լինում, ճիշտ չէ ուղղակի հայտարարել՝ բոլորը բողոքում են»։

Նկատեցինք նաեւ՝ ասուլիսում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները վկայում են այն մասին, որ նա հետքայլ չի անելու ՀԷՑ-ի եւ Սամվել Կարապետյանի մասով եւ հետաքրքրվեցինք՝ Դավիթ Ղազինյանի տպավորությունն ինչպիսինն է։

«Վերջնաժամկետում, համոզված եմ, չի հաջողելու։ Այս պարագայում, պարզապես, իշխանությունն օգտագործում է այն առիթը, որ Սամվել Կարապետյանը պետականամետ մարդ է եւ պետությանը դեմ գնալու խնդիր չունի։ Եթե կառավարիչ նշանակելու որոշում կայացվի, մենք կընդունենք կառավարիչին, կհասկանանք՝ ի՞նչ են ուզում անել։ Եթե իրենք որոշել են աշխատել՝ ի բարօրություն մեր ժողովրդի․․․ հասկանանք՝ ի՞նչ է կատարվում։ Բայց սեփականությունը վերցնելու գործընթացը, կարծում եմ, անիմաստ ժամանակի վատնում է եւ պետության հեղինակությանը սպառնացող լուրջ վտանգ»,- պատասխանեց Դավիթ Ղազինյանը։

Հարցին՝ պետության նշանակած կառավարիչին բարեհամբույր ընդունելը չի՞ դիտվի ՀԷՑ սեփականատիրոջ կողմից հետքայլ կամ թուլության նշան, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Նայած թե «բարեհամբույր» ասվածն ինչ է նշանակում։ Ոչ ոք կարմիր գորգով չի ընդունելու։ Խոսքն այն մասին է, որ ՀՀ-ի Ազգային ժողովը կատարել է օրենսդրական փոփոխություն եւ այստեղ անձերի խնդիրը չէ, պետության խնդիրն է ու մենք ընդամենը ենթարկվելու ենք այդ օրենսդրական փոփոխության հետեւանքով կատարվող փոփոխություններին, իհարկե, դեմ լինելով դրան։ Բայց պետական մարմնի ընդունածը չկատարել սաբոտաժ անել եւ այլն, կարծում եմ, ով ճանաչում է Սամվել Կարապետյանին՝ գիտի, որ դա նրա գործելաոճը չէ»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031