Լրահոս
Օրվա լրահոսը

«Սովորական մահկանացուն հարց կտա՝ էս ԱՄՆ-ը ինչո՞ւ է այդքան հուզված, որ 100 տարվա վարձակալության է պատրաստ»․ Վարդան Բոստանջյանը՝ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակման մասին

Հուլիս 17,2025 18:00

«Ինքն իր թիմի՝ նախկինում «պեռաշկի» կամ «կոռժիկ» ուտողների հետ հանձն են առել Հայաստանը վերացնել։ Մշակույթը, պատմությունը, հավատքը․․․․Այս էթնոսը մոլորակի՝ նույնիսկ ամենաճղճիմ էթնոսների կողքը դնել չեն պատրաստվում, իրենք պատրաստվում են այն վերացնել»,- սա ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանի տպավորություն-կարծիքն է Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսից։

Վարդան Բոստանջյան

Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց, որ կիսում է այն վերլուծաբանների կարծիքը, որ այս ամենի արդյունքում, հայերն, ամենայն հավանականությամբ կծվարեն Հարավային Ամերիկայում, նույնիսկ Անտարկտիդայում, անհատները կդրսեւորվեն՝ ինչպես ցանկանում են․ «Հիմա ինքն այդ ծրագիրն է իրականացնում ու ինչքան մենք պայթում ենք, ինքն (Նիկոլ Փաշինյանը-Ն․ Գ․) ավելի շատ էներգիա է ստանում։ Հայ տեսակը վերացնում է՝ իր բոլոր դրսեւորումներով։ Մնացած բացատրությունները՝ Զանգեզուրի միջանցք, Զանգեզուրն ամբողջությամբ, ԱՄՆ-ը 100 տարով ներդրումների է պատրաստ․․․․ սովորական մահկանացուն հարց կտա՝ էս ԱՄՆ-ը ինչո՞ւ է այդքան հուզված, որ 100 տարվա վարձակալության է պատրաստ»։

Հիշեցնենք, երեկ ասուլիսում Նիկոլ Փաշինյանը նույն հարթության վրա փորձեց դնել աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող Սյունիքով անցնելիք ճանապարհի արտապատվիրակումը «Հարավկովկասյան» երկաթուղիների, «Վեոլիա Ջրի» կամ «ՀայՓոստի» հավատարմագրային կառավարման հանձնելու հետ։ Նաեւ ասաց, որ տարբեր առաջարկներ են ստացել՝ անդրադառնալով Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանի հայտարարությանը, թե Վաշինգտոնն առաջարկում է 100 տարով վարձակալել Հայաստանի այն հատվածը, որն Ադրբեջանի արեւելյան շրջանները կապում է Նախիջեւանին։

Նիկոլ Փաշինյանը հավելեց․ «Տեսեք, դուք ասացիք, որ եթե Հայաստանը հրաժարվի ճանապարհից, Հայաստանը չի հրաժարվելու ճանապարհից, որովհետև ասացի, որ մեր օրակարգն է դա, սա մեր օրակարգն է, մենք ենք առաջարկել աշխարհին, ասել ենք՝ մենք ուզում ենք սա։ Մենք բոլոր առաջարկները քննարկում ենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հիմքի վրա։ Մենք չենք քննարկում, hասկանու՞մ եք, եթե մենք քննարկելիս լինեինք դա, ընդ որում, 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ամեն օր գործնականում այդ բանը ասվում է։ Եթե մենք այդ ձեր ասած տրամաբանության մեջ լինեինք, հենա վաղուց այդ ձեր ասածներն արդեն տեղի ունեցած կլիներ, կամ այդ ամեն ինչը առաջարկված կլիներ, ձևակերպված կլիներ։ Մենք ուրիշ համատեքստում հասկանում ենք, կարող են հնչել անծանոթ բառեր՝ արտապատվիրակում, լիզինգ, կառուցապատման իրավունք, չգիտեմ, վարձակալություն, էլ ինչ կարող է հնչի, ներդրում, ճանապարհ։ Հա, իմիջիայլոց մի հատ շատ կարևոր բան կա, որը մի քիչ նուրբ հարց է։ Հիմա, օրինակ, ձեզ հայտնի հանգամանքների բերումով միջանցք բառը մենք Հայաստանյան քաղաքական խոսույթում ինքը որոշակի իմաստներ, որը մեզ համար մեղմ ասած ալերգիկ է, բոլորիս համար։ Ասենք Հայաստանի Հանրապետության Հյուսիս-Հարավ ճանապարհը գիտե՞ք ոնց է կոչվում, պաշտոնական անունը՝ «Հյուսիս-Հարավ տրանսպորտային» միջանցք։ Դա Հայաստանի պաշտոնական փաստաթղթերի մեջ գրվում է՝ «Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցք»։

Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո «մեզ համար միջանցք բառը ստացել է որոշակի ալերգիկ կոնտեքստներ»․ «Շատ դեպքերում միջազգային մեր գործընկերները, երբ որ իրենք ասում են միջանցք, մենք այսպես մի քիչ վեր ենք թռնում, իրենք էլ իրենց հերթին են վեր թռնում, ասում են՝ բայց ի՞նչ ասեցինք։ Ընդհակառակը, ամբողջ աշխարհը բոլոր տեղերում փնտրում է միջանցք և այլն, և այլն։ Հիմա ամեն անգամ խնդիր առաջանում է, երբ որ ասեցին միջանցք, իրենք ո՞ր միջանցքը նկատի ունեն, այն միջանցքը նկատի ունեն, այն միջանցքը, թե՞ այն միջանցքը»։

Տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանի այս հայտարարություններին տնտեսագիտական գնահատականներ տալ, առհասարակ քննարկել դրանք, ասում է՝ անիմաստ է, հայտարարությունների ու համեմատությունների մի մասն էլ՝ անլուրջ են եւ հավելում, որ այդ ասուլիսում Փաշինյանին հարցեր տրվեցին բոլոր խայտառակ իրավիճակների մասին, «ինքը խոսում է, որ Հիսուս Քրիստոսն է, Քրիստոսի հետ կողք-կողքի ման են գալիս․ ի՞նչ մեկնաբանես»։

«Եթե նա արժանանա իրական մեկնաբանության, դուք գիտեք, թե այդ մեկնաբանությունն ինչը պետք է լինի»,- բազմանշանակ ասաց մեր զրուցակիցը՝ տարակուսելով, որ ՀՀ-ում բազմաթիվ «թագավորների», միլիարդատերերի առկայության պայմաններում որեւէ ձայն չի լսվում, բոլորը թաքնված են․ «Ենթադրենք, մենք անճար ենք։ Դո՞ւք ինչ եք անում, ի՞նչ եք պատրաստվում անել»։

Դիտարկմանը՝ Սամվել Կարապետյանը կանգնեց Եկեղեցու կողքին եւ կալանավորվեց՝ Վարդան Բոստանջյանը պատասխանեց․ «Ուրեմն, ստացվում է, որ ինչպես նախորդ 35 տարիներին, այնպես էլ այսօր, ամենաուժեղն ինքը (Նիկոլ Փաշինյանը-Ն․ Գ․) դուրս եկավ»։

Մեր զրուցակիցը հիշեցրեց անցյալ դարի 1920 թվականին Հովհաննես Թումանյանի նամակն Ավետիք Իսահակյանին, որտեղ ասում է՝ «սա ազգ չի, խալխ են»․ «Անցել է 100-ից ավել տարի, դա չի փոխվել»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031