«Իսկ ես դա թաքցրե՞լ եմ։ Մինչև հիմա նշանակություն ունի։ Ոստիկանը կանգնեցնում է, վարորդական վկայականս տալիս եմ, կարդում, ասում է՝ մեր գլխավոր դատախազի որդի՞ն եք։ Ասում եմ՝ հա, ասում է՝ բարի ճանապարհ։ Ի՞նչ ասեմ, ասեմ՝ չէ՞»,-Հակակոռուպցիոն դատարանում (նախագահող` դատավոր Տիգրան Դավթյան) ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստի ընթացքում, երբ մեղադրող դատախազ Կորյուն Սերոբյանը Աղվան Հովսեփյանի որդուց՝ հարցաքննվող Միսակ Հովսեփյանից հետաքրքրվեց՝ Ձեր բիզնես գործունեության ընթացքում նշանակություն ունեցե՞լ է այն, որ Դուք Աղվան Հովսեփյանի որդին եք, այսպես պատասխանեց Միսակ Հովսեփյանը։
Հիշեցնենք՝ Աղվան Հովսեփյանը մեղադրվում է ենթադրյալ փողերի լվացման, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ այլ չարաշահումների մեջ։ Ըստ մեղադրանքի՝ 2004-2013 թթ., զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014-2018թթ.՝ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, չնայած օրենքով սահմանված արգելքին, 2007-2015 թթ. մասնակցել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ա. Ս.-ի հիմնադրած կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին արտոնություններ եւ առավելություններ տրամադրելու և այլ ձեւով հովանավորելու հետ: Նշված գործունեության արդյունքում Աղվան Հովսեփյանը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է:
Ի պատասխան մեղադրող դատախազի հարցերի՝ Միսակ Հովսեփյանը հայտնեց, որ մի ժամանակ նպատակ է ունեցել Բյուրական համայնքում փոքր ՀԷԿ կառուցել․ «Հողամասի մի մասը ձեռք է բերվել այդ նպատակով, մյուս մասը անտառային հողեր են՝ մեր առանձնատանը հարակից, ձեռք ենք բերել, որ ոչ ոք չգա, այդ անտառները չվնասի, և մեր պահպանության տակ լինի»։
Դատախազն ասաց, որ վերջերս համացանցում տեսանյութեր է տեսել, որ բնակիչները բողոքում էին՝ ասելով, որ Աղվան Հովսեփյանն այդտեղ ուզում է ՀԷԿ կառուցել։ Աղվան Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ դատախազը պետք է հարցերը տա գործում առկա տվյալներից ու նշեց․ «Ինչ վերաբերում է վկային տեսանյութի հետ կապված հարց ուղղելը, կարծում եմ՝ դա առարկայական չէ»։
Կարդացեք նաև
Դատախազը հարցը վերաձևակերպեց՝ Դուք նման տեսանյութ տեսե՞լ եք, թե՝ ոչ, Միսակ Հովսեփյանը պատասխանեց․ «Ես ոչ թե տեսել եմ տեսանյութը, այլ էդտեղ եմ եղել։ Եթե թվարկեմ՝ ինչեր էին ասում, որ Աղվան Հովսեփյանինն է, ստիպված կլինեմ հաջորդ նիստին էլ գալ հարցաքննվելու՝ ցանկը շարունակելու համար։ Ես եմ նախաձեռնել ՀԷԿ կառուցելը և չեմ կառուցել, որովհետև մարդիկ իրենց բացասական վերաբերմունքն արտահայտեցին այդ նախագծի հետ կապված»։
Դատախազը հետաքրքրվեց՝ այդ հողամասերի իրական շահառուն ո՞վ էր, Միսակ Հովսեփյանը պատասխանեց՝ Նարեկինն էր, բայց ես վարձակալելու էի։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ