Գյումրու քաղաքապետարանի կողմից երկու տարիների՝ 2024-2025 թվականների ընթացքում օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություներում չեմպիոններ դարձած ու մրցանակային տեղերի արժանացած թվով 63 մարզիկների ու 43 մարզիչների պարգևատրման արարողության ժամանակ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Շիրակի պետական համալսարանի նախկին երկարամյա ռեկտոր Վարդևան Գրիգորյանը սպորտը համարեց Գյումրիի բրենդը։
Նա, դիմելով Հայաստանի օրհներգը աշխարհի տարբեր ծայրերում հնչեցրած ու դրոշը բարձրացրած մարզիկներին, շնորհավորելով նրանց, ասաց․ «Գյումրիի բրենդը գյումրեցին է, բայց նաև սպորտն է Գյումրիի բրենդը, որովհետև տարբեր միջազգային հարթակներում գյումրեցիները կարողացել են ցույց տալ իրենց սպորտային բարձր որակները, որի արդյունքում ճանաչելի է դարձել ոչ միայն Գյումրին, այլ Հայաստանի Հանրապետությունը։
Ես երիտասարդ տարիներ երկար ժամանակ զբաղվել եմ սպորտով՝ 15 տարի ակտիվ սպորտի մեջ եմ եղել, մոտ 10 տարի էլ որպես կառավարիչ՝ ղեկավարել եմ քաղաքային և մարզային սպորտի ոլորտը։
Սիրելի՛ մարզիկներ ջան, 15 տարվա մեջ ես ընդամենը հասել եմ սպորտի վարպետի և շատ լավ պատկերացնում եմ՝ ինչ է նշանակում միջազգային կարգի վարպետ, ինչ է նշանակում վաստակավոր վարպետ և ինչ է նշանակում Եվրոպայի, աշխարհի, օլիմպիական խաղերի չեմպիոն»։
Կարդացեք նաև
Նա, կարևորելով նորընտիր քաղաքային իշխանության ու ավագանու կողմից մարզիկներին մեծարելն ու գնահատելը, շարունակեց․ «Սիրելի՛ մարզիկներ, դուք ձեր ավագ ընկերներից էստաֆետ եք ստացել, չեմ ուզում անուններ տալ, դուք շատ լավ գիտեք, որ Գյումրիում աշխարհում ունեցած բնակչության քանակով և օլիմպիական խաղերի, Եվրոպայի ու աշխարհի չեմպիոններով, մրցանակներով չի զիջում ամենասպորտային քաղաքներից որևէ մեկին։
Գյումրին աշխարհի ամենասպորտային քաղաքներից մեկն է, և դուք այսօր պահում եք այդ բրենդը և հուսով եմ, որ դուք ժամանակին փառքով էստաֆետը կփոխանցեք այն երիտասարդ սերնդին, որն այսօր արդեն դառնում է Եվրոպայի, աշխարհի ու օլիմպիական խաղերի պատանիների ու երիտասարդների չեմպիոններ»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ