Հուլիսի 17-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Սոֆիայի տեխնոլոգիական պարկ (Sofia Tech Park), որտեղ հանդիպել է Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ, նորարարությունների ու աճի նախարար Տոմիսլավ Դոնչևի հետ:
Երկկողմ հանդիպման քննարկման առանցքում էին երկու երկրների միջև տեխնոլոգիական, ներդրումային և գիտահետազոտական (R&D) համագործակցության խորացման հնարավորությունները, համատեղ ծրագրերի իրականացումը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում:
Հանդիպման ընթացքում նախարար Հայրապետյանը ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի վերջին զարգացումներն ու խոշոր նախագծերը՝ միջազգային աքսելերատորից մինչև Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտ (AIVI)։ Կողմերն անդրադարձել են նաև տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում հնարավոր համագործակցությանը։
Հանդիպմանը կողմերը շեշտել են, որ առկա է զգալի ներուժ՝ առկա համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու, փորձի փոխանակում իրականացնելու և համատեղ նորարարական ծրագրեր զարգացնելու ուղղությամբ։
Կարդացեք նաև
Այնուհետև փոխվարչապետ Դոնչևի հետ միասին Մխիթար Հայրապետյանը և ՀՀ պատվիրակության ներկայացուցիչները շրջայց են կատարել Սոֆիայի տեխնոլոգիական պարկում (Sofia Tech Park), որտեղ այցելել են գերհամակարգչի կենտրոն, որը տարածաշրջանում ամենահզորներից մեկն է և ծառայում է արհեստական բանականության, կենսատեխնոլոգիաների, կլիմայական մոդելավորման և ռազմավարական արտադրական ոլորտներում նորարարական լուծումների մշակմանը։
Նախարար Հայրապետյանը ծանոթացել է սուպերհամակարգչի տեխնիկական հնարավորություններին, տվյալների մշակման ենթակառուցվածքներին, ինչպես նաև քննարկել է ապագա համագործակցության հնարավորությունները՝ մասնավորապես AI և մեծ տվյալների (Big Data) համատեղ նախագծերում։
Այցի շրջանակում ներկայացվել են նաև սուպերհամակարգչի կենտրոնի զարգացման առաջիկա պլանները, այդ թվում՝ AI մոդելների արագացում, բարձր կատարողականության սերվերների ներդրում և միջազգային հետազոտական թիմերի ներգրավման նախաձեռնություններ
ՀՀ բարձր տեխնոլագիական արդյունաբերության նախարարություն