Լրահոս
Օրվա լրահոսը

Համատիրությունը` դատավորների դեմ

Հուլիս 18,2025 12:00

Օրեր առաջ տեղեկացա, որ համատիրություններից մեկը դատական հայց ունի արդարադատության նախարարի դեմ` երկու դատավորների գործով: Զարմացա, որ կողմը չի առաջնորդվել «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով, որով սահմանված է` արդարադատության նախարարը եւ դատարանն օրենքի հիմքով կարող են հիմնավոր եւ պատճառաբանված որոշում ընդունել միայն կարգապահական վարույթ հարուցելու կամ չհարուցելու վերաբերյալ։

Պարզվեց, որ «Նորք 5/4» համատիրությունը հայցադիմում էր ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարի՝ դատավորներ Գոռ Հակոբյանի եւ Էդգար Սեդրակյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին: Հայցվոր համատիրությունն իր պահանջը ներկայացրել է որպես պարտավորեցման հայց: Ըստ հայցվոր կողմի` «Վճռաբեկ դատարանի դատավորներ Գոռ Հակոբյանը եւ Էդգար Սեդրակյանը, չլինելով դատարան, մեկն ինքնաբացարկի էր գնացել, մյուսը, կանխակալ մոտեցում ունենալով (կանխակալ հատուկ կարծիք) հայցի նկատմամբ, չի գնացել ինքնաբացարկի, իրականացրել են անբողոքարկելի որոշում՝ ստորագրել են որոշում, որի իրավունքը չունեին։ Փաստորեն, նրանք գիտակցաբար կամ անգիտակից իրականացրել են կեղծիք՝ դատավորի վարքագծի կանոնների կոպիտ խախտում։ Դա բերել է հայցվորի իրավունքների կոպիտ ոտնահարմանը՝ դատական պաշտպանության խոչընդոտում»։

Վարչական դատարանը 2024 թ. հոկտեմբերի 25-ի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ «Նորք 5/4» համատիրության հայցադիմումի ընդունումը մերժել է հետեւյալ պատճառաբանությամբ. «…նախ՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացում հայցվորի իրավունքները սահմանափակվում են համապատասխան հաղորդում ներկայացնելով, իսկ վերջինիս իրավական շահագրգռվածությունն այս գործընթացում եզրագծված է պատշաճ պատասխան ստանալու իր իրավունքի իրացմամբ, երկրորդ՝ ներկայացված պահանջը չի կարող համարվել հայցվորի ենթադրյալ խախտված իրավունքների վերականգնման միջոց, քանի որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու եւ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդ`  միջնորդություն ներկայացնելու մասին որոշում կայացնելու արդյունքում հայցվորի որեւէ իրավունք չի վերականգնվում, ինչպես նաեւ չի վերացվում իրավունքի իրացմանը խոչընդոտող որեւէ հանգամանք, որովհետեւ բոլոր դեպքերում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծում է Բարձրագույն դատական խորհուրդը …»:

Համատիրությունը դիմել է Վարչական վերաքննիչ դատարան:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.07.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031