Խորագիր՝ Իրավագիտակից քաղաքացի
«Առավոտի» իրավական էջի եւ փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանի «Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի կողմից այսուհետեւ շաբաթը մեկ, յուրաքանչյուր հինգշաբթի հարցուպատասխանի ձեւով կներկայացվեն «Առավոտի» ընթերցողներին, մեր քաղաքացիներին հուզող իրավական հարցերը, գրասենյակի պատասխանները: Եվ առհասարակ, կտեղեկանաք նաեւ գրասենյակի դատական գործընթացներից:
Սեփականության իրավունքի ձեռքբերման սկզբնական եղանակների շարքում գործնական հետաքրքրություն է ներկայացնում ձեռքբերման վաղեմության ինստիտուտը: ՀՀ Սահմանադրական դատարանի 21.11.2008թ. ՍԴՈ-667 որոշմամբ արձանագրվել է, որ ձեռքբերման վաղեմության ինստիտուտը նպատակ ունի իրավաբանական նշանակություն հաղորդել գոյություն ունեցող փաստացի հարաբերություններին եւ նպաստել քաղաքացիական շրջանառության կայունությանը: Այդ ինստիտուտը կոչված է պաշտպանելու գույքի երկարատեւ, բացահայտ եւ անընդմեջ տիրապետողի իրավունքները:
Օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաեւ այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:
Կարդացեք նաև
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից եւ տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որեւէ իրավունք պահպանելու մտադրության»։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ եւ անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն)»:
Վերոնշյալից հետեւում է նաեւ, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու եւ որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից՝ այդ իրավունքի դադարման միջոց։ Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետեւում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը։
Այդ վավերապայմաններն են՝
- Տիրապետումը պետք է լինի բարեխիղճ։ Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանը անցնելիս։ Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որեւէ բռնության գործադրման։ Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով։ Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:
- Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում։ Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաեւ երրորդ անձանց հետ հարաբերություններում:
- Տիրապետումը պետք է լինի տասը տարի եւ անընդմեջ։ Այսինքն՝ 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի։ Տիրապետումը կարող է ընդհատվել կա՛մ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կա՛մ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:
- Տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն՝ փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե՛ս, օրինակ` Վոլոդյա եւ Միշա Նիկողոսյաններն ընդդեմ Մանվել Սարիբեկյանի եւ մյուսների թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը)։
Վերջերս ունեցել ենք ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման մի գործ, որով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է մեր պահանջը: Գործի նախապատմությունն այն է, որ մեր վստահորդը տարիներ առաջ ձեռք է բերել անշարժ գույքեր, կազմել փաստաթուղթ, մյուս կողմին վճարել պահանջվող գումարը եւ ավելի քան 25 տարի որպես իր սեփականը՝ փաստացի տիրապետել, օգտագործել եւ կառավարել է այդ գույքերը, կատարել բոլոր տեսակի վճարումները, մշակել հողամասը եւ բարեկարգել ձեռք բերված բնակելի տունը:
Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Իրավաբանական խորհրդատվության, ինչպես նաեւ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի դատական պաշտպանության հարցով կարող եք դիմել «Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի փորձառու մասնագետներին՝ գրելով [email protected] էլփոստին կամ զանգահարելով 055 27 77 35 հեռախոսահամարին:
«Առավոտ» օրաթերթ
17.07.2025