Զուտ տեսականորեն, համատեքստը հաշվի չառնելով, «Լավ սովորիր, որ լավ ապրես» կարգախոսն առանձնապես առարկություն չի առաջացնում: Պարզապես պետք է հստակեցնել, թե ինչ է նշանակում «լավ սովորել», այսինքն՝ հատկապես ինչն է պետք սովորել, ինչ իմաստ ունի սովորելը: Եվ մյուս կողմից՝ «լավ ապրելը» նույնպես ճշգրտման կարիք ունի:
Խորհրդային Միությունում, օրինակ, պահեստապետերն ու ցեխավիկները «լավ էին ապրում»: Առաջինները պետական ապրանքը գողանում էին եւ վաճառում էին շուկայական գներով, իսկ երկրորդները կարողանում էին ընդհատակյա ապրանք (ասենք, կոշիկ) արտադրել ու դարձյալ ազատ շուկայի մեխանիզմներով վաճառել այն: Երկուսն էլ, բնականաբար, սերտաճած էին կոռումպացված պետական պաշտոնյաների հետ: Ես տեսել եմ, թե ինչպես մի ցեխավիկ խորովածի կրակը կպցնում էր 25 ռուբլիանոցով: Դա՛ էր «լավ ապրելու» մասին իր պատկերացումը: Այդ պատկերացումը կյանքի կոչելու համար բացարձակապես անհրաժեշտ չէր դպրոցում եւ բուհում գերազանցիկ լինել: Թե՞ լավ սովորելու տակ ուրիշ բան ենք հասկանում:
Հետխորհրդային, նաեւ հայաստանյան, օլիգարխները, որոնք հարստացել են սեփականաշնորհումից օգտվելով, հարկերը չմուծելով, վերեւներին «նայելով», նույնպես որեւէ ոլորտում փայլուն գիտելիքներ չունեն՝ չնայած, իհարկե, օժտված են գործարարի որոշակի տաղանդով: «Լավ ապրելը» նրանց համար մեծ թվով «ախրաննիկներ» ունենալն է, մի քանի հարկանի դղյակում ապրելը եւ այլն:
ՔՊ-ական պատգամավորները նույնպես չեն փայլում գիտելիքներով՝ չնայած նրանց մի մասն Արեւմուտքում անցել է «ակտիվիզմի» ինչ-որ կուրսեր եւ սեմինարներ, որտեղ սովորեցնում են, թե որտեղից է գալիս աշխարհի չարիքը եւ ինչպես է պետք պայքարել ներքին ու արտաքին թշնամիների դեմ: Այդ բավականին սուղ գիտելիքներով նրանք 7 տարում կարողացել են «դզվել» ունեցվածքի, բնակարանների եւ նման այլ բարիքների առումով:
Կարդացեք նաև
Բայց մարդու նպատակը վերը շարադրված իմաստով «լավ ապրելը» չպետք է լինի: Մարդու առաքելությունը ծառայելն է, նվիրվելը, հաճախ՝ ի հեճուկս հարմարավետության: Վախենամ, իշխանությունների քարոզած «լավ ապրելը» տեղավորվում է գերիշխող հեդոնիզմի շրջանակներում:
Ինձ համար ավելի սրտամոտ է «դարձիր կիրթ մարդ, որ օգտակար լինես մերձավորիդ» կարգախոսը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ